12:59 18 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի բացում

Օֆելյա Համբարձումյանի կյանքն ու ստեղծագործությունը` մեկ կաթիլում

© Sputnik / Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
3410

Կոմիտաս կատարող ժողովուրդն անմահ է։ Այսպես էր կարծում լեգենդար երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ Օֆելյա Համբարձումյանին անմահացնող հուշարձանի բացման արարողությունը։ Քանդակն իրենից ներկայացնում է ջրի շրջափուլ, իսկ այդ կոմպոզիցիայի առանցքը հանդիսացող կաթիլը մարմնավորում է Օֆելյա Համբարձումյանին։

Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին Հայաստանի ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի մտերիմները, բարեկամներն ու գործընկերները։ Ալ վարդերի փնջերն, ընկերների ու գործընկերների հիշողությունները ջերմություն էին հաղորդում հայկական բեմի լեգենդին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։

«Քանդակը խորհրդանշական է։ Ոգեշնչման համար հիմք է հանդիսացել բնության երևույթներից մեկը՝ ջրի շրջափուլը, այսինքն՝ խորհրդանշում է սկիզբ առնող և վերջացող կյանքի և մահվան հավերժությունը: Եվ այդ ամենում կոմպոզիցիայի առանցքը հանդիսացող կաթիլը մարմնավորում է Օֆելյա Համբարձումյանին, այսինքն՝ մշակույթի օվկիանոսում ինքը մի կաթիլն է», –  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քանդակագործ Էմին Պետրոսյանը։

Էմինի աշխատանքը երկար մտորումների ու ընտանիքի հետ քննարկումների արդյունք է։ Երգչուհու բարեկամներն ուզում էին, որ ժողովրդական արտիստի կերպարը խորհրդանշական լինի։ Քանդակագործը խոստովանում է, որ դժվար էր աշխատել հայկական բեմի թագուհու կերպարի հետ։

Скульптор Эмин Петросян рядом со скульптурой, посвященной О.Амбарцумян
© Sputnik / Asatur Yesayants
Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի քանդակագործ Էմին Պետրոսյան

Օֆելյա Համբարձումյանը շատ ընկերներ ուներ։ Մարդիկ ձգտում էին դեպի նրան, և երգչուհին ընկերական էր տրամադրված բոլորի հանդեպ, նույնիսկ անծանոթ մարդու, որը նրա խորհրդի կարիքն ուներ։ Երգչուհու մահը մեծ կորուստ էր «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի համար։

«Չնայած տարիքային տարբերությանը, մենք մտերիմ ընկերներ էինք։ Մեզ մեր դասախոսն էր ծանոթացրել, ավելի ուշ մենք բարեկամացանք», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրենյանը։

Նրան միշտ զարմացնում էր Օֆելյայի անմար սերն իր ժողովրդի հանդեպ։ Նա բաց էր շփման համար և աշխատում էր բոլորին ուշադրություն դարձնել։ Հայ ժողովրդական երգի թագուհին Սուրենյանին հորդորում էր. «ով էլ լինես` սիրով եղիր»։

«Ոչ մի ելույթ չի եղել, որ Օֆելյային բուռն ծափահարություններով չողջունեն։ Նրան սիրում էին և՛ Հայաստանում, և՛ երկրից դուրս», – հիշում է Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, որը 55 տարի աշխատել է Համբարձումյանի հետ։ Ժողովրդական արտիստուհին միշտ շատ պահանջկոտ էր ինչպես իր, այնպես էլ ուրիշների նկատմամբ։

  • ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի բացմանը
    ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի բացմանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Ռուբեն Մաթևոսյանը` Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի բացմանը
    Ռուբեն Մաթևոսյանը` Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի բացմանը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Օֆելյա Համբարձումյանի հուշարձանը Կոմիտասի անվան պանթեոնում
    Օֆելյա Համբարձումյանի հուշարձանը Կոմիտասի անվան պանթեոնում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` Օֆելյա Համբարձումյանի հուշարձանի բացմանը

«Նա ընտանիքիս բոլոր անդամներին անունով գիտեր ու միշտ հետաքրքրվում էր բոլորով։ Երկրորդ Համբարձումյան չկա», – լրագրողներին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Ժողովրդական արտիստի կերպարը եզակի էր յուրաքանչյուրի համար, ով ծանոթ էր նրան ու նրա արվեստին։ Օֆելյա Համբարձումյանը կուռք էր նաև Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի համար։ Նրանք պարբերաբար միասին մեկնում էին արտասահմանյան հյուրախաղերի։ Մկրտչյանը հիշում է, որ Օֆելյան շիտակ մարդ էր. ասում էր այն, ինչ մտածում էր։

Ռաիսա Մկրտչյանը մի դրվագ պատմեց. հերթական հյուրախաղերի ժամանակ Ռաիսայի ինքնազգացողությունը վատացել է, և Օֆելյան ամբողջ գիշեր խնամել է նրան, ինչպես կխնամեր հարազատ մարդուն։

Раиса Мкртчян
© Sputnik / Asatur Yesayants
Ռաիսա Մկրտչյան

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 9–ին, Երևանում։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, ինչից հետո հրավեր է ստացել ժողովրդական գործիքների համույթից։ Պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` հայկական երգարվեստում մեծ ներդրում կատարելու համար։

2015 թվականի սեպտեմբերին Երևանում կայացավ «Օֆելյա» կենսագրական ֆիլմի պրեմիերան, որում նկարահանվել էր հենց երգչուհին ու նրա դուստր Տաթևիկ Հովհաննիսյանը։

Օֆելյա Համբարձումյանը մահացել է 2016 թվականի հունիսի 13–ին։ Ժողովրդական արտիստուհին 91 տարեկան էր։

Գլխավոր թեմաներ