00:11 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ջոն Մալկովիչի ելույթը Հայաստանում

Մալկովիչը Գրիգոր Նարեկացու արվեստին քաջատեղյակ էր նախքան Հայաստան գալը

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
16130

Խոստովանություն, Նարեկացի, Մալկովիչ, Հայաստան. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանն այդպես նկարագրեց Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի պաշտոնական բացման արարողությունը։ Մալկովիչը ոչ միայն ասմունքել է Նարեկացի, այլև, պարզվում է, ծանոթ է եղել նրա ստեղծագործությանը նախքան Հայաստան գալը։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը երևանյան բեմում՝ ամերիկացի դերասանի կատարմամբ, հայ ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործության հնչյունների ուղեկցությամբ. Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց ամերիկացի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ  Ջոն Մալկովիչի` հայ հանդիսատեսին մատուցած այս անակնկալով։

Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Նարեկացի ընտրելը պատահական չի եղել։

Ջոն Մալկովիչը Հայաստան գալով ցանկություն է հայտնել կատարել որևէ հայկական ստեղծագործություն։ Հայաստանի երիտասարդական նվագախումբն առաջարկել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը և շատ զարմացել, երբ պարզվել է, որ Մալկովիչը ոչ միայն ծանոթ է Նարեկացու արվեստին, այլև ինքն է ընտրել այն հատվածը, որն այսօր արդեն հնչեցրեց երևանյան բեմից։

«Երբ քննարկում էինք, թե ինչը կարող է Հայաստանի համար բնորոշ լինել, ես Ջոնին ասացի` շատ կցանկանայի, որ Նարեկացի կարդաս, ներկայացնես, և շատ ոգևորվեցի, երբ պարզվեց, որ Ջոնը շատ լավ գիտի Նարեկացի։ Նա նույնիսկ գիտեր, թե որ հատվածը պետք է ներկայացնի»,– պատմեց Սմբատյանը։

«Նարեկի» ընթերցանությունը Մալկովիչի կատարմամբ ուղեկցվեց ժամանակակից հայ կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի կատարմամբ, Սմբատյանի խոսքով` դառնալով յուրահատուկ հաղորդություն`ուղղված ոչ միայն հայ, այլև համաշխարհային լսարանին։

«Ջոնը շատ է հավատում, որ այն, ինչ տեղի է ունենում տեքստային ֆորմատի և երաժշտության ներքո, կարող է մարդուն փոխել»,– ասաց Սմբատյանը։

Համերգի ժամանակ Ջոն Մալկովիչը հատվածներ ներկայացրեց նաև Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

Գլխավոր թեմաներ