ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Եթե ալմաստե սրածայր գործիքով ապակին խազելը շատերին նյարդայնացնում է, ապա Ռոմանին հանգստացնում: Մայրը՝ տիկին Մարգարիտան խոստովանում է, երբ որդին «ժամերով կորում է», ուրեմ նա նկուղում է՝ իր սիրած գործով է զբաղված: Ի դեպ, որդու լավագույն քննադատը մայրն է, եթե ասում է, որ նկարը նման է բնօրինակին, ապա գործը ստացված է ու որդին շարունակում է աշխատանքը, եթե ոչ, ապա ստիպված մի կողմ դնելով դա սկսում է նորով զբաղվել:
Ապակին նախ սևացնում է, ապա ուրվագծում պատկերը, որից հետո նոր սրածայր գործիքով խազեր անում՝ ստանալով պատկերներ:
Ինքնուս է, ավելի ճիշտ խոստովանում է, ընկերոջն է տեսել ապակի փորագրելիս ու սիրել այդ գործը: Նախ փորձել է. սկզբում շատ է ապակի կոտրել, հուզվել է, բայց համառորեն կրկնել է այնքան, որ այսօր արդեն 1-2 ժամ է պահանջվում նոր գեղեցիկ նկար ստանալու համար: «13 տարեկան էի, երբ առաջին անգամ փորձեցի, առաջին գործս եկեղեցի էր, որը նվիրել եմ: Հետո շատ էր լինում, որ ապակին կոտրվում էր: Հուզվում էի, բայց հիմա արդեն ավելի քիչ է ապակի վնասվում: Հատկապես շատ եմ սիրում հայտնի մարդկանց դիմանկարներ ստանալ»,-պատմում է երիտասարդը. հավելում է՝ մինչ այս արված ամենասիրելի ու ամենաբարդ գործը սիրած բանաստեղծի՝ Պարույր Սևակի դիմանկարն է, որը բարդության պատճառով 3 օրում է պատրաստել:
Եղել է դեպք, երբ ապակուց ինքն է վնասվել, սակայն դա պատճառ չի դարձել նախասիրությունից հրաժարվելու:
Դժվարությամբ ստեղծված գործերից Ռոմանը հեշտությամբ է բաժանվում, ասում է շատ է սիրում նվիրել, նվիրում է բոլոր նրանց, ում հավանությանն արժանացել է:
Մասնակցել է ցուցահանդեսների, բայց ոչ անհատական, հուսով է մի օր էլ սեփական գործերն ի ցույց կդնի: Փորձել է ոսկերչություն, փայտագործություն, բոլորն էլ ստացվել են, բայց միևնույն է, երիտասարդի համար ապակի կենդանացնելն ամենահաճելի զբաղմունքն է: «Սա է իմը, ես ուրիշ արհեստով չեմ ուզում զբաղվել».-խոստովանում է:
Ռոմանը երազանք ունի՝ ապակու վրա խազերով ստանալ Մոնա Լիզայի ժպիտը: Դեռ սպասում է, ասում է՝ ժամանկը չէ, կանի երբ հոգուց դա բխի, իսկ մինչ այդ Ապրիլյան քառօրյայի հերոսների զարդաքանդակներն է ստեղծելու: