19:16 15 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Տիկնիկային թատրոն

Ավելի քան 40 ներկայացում Երևանում. հայտնի է` երբ կմեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնը

© Страница в ФБ
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Թատերական փառատոնի շնորհիվ թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: 16-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «ՀԱՅ ՖԵՍՏ՝ անցում դեպի թատերաշխարհ» («HIGH FEST is your PASS to the theatre world») խորագիրը: Sptnik Արմենիային այս մասին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները։

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի։ Նրանց թվում կլինեն հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղրղըզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 13 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 40 ներկայացում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության՝ «Մամացցա» պարային ներկայացումը, Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդվեյի հիթեր»-ը: Այն ամբողջությամբ համապատասխանում է բրոդվեյան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտություն, վառ պատկերներ, անակնկալներ և տոնական տրամադրություն:

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» թատրոնները և ոչ միայն:

2018թ.-ին «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը առանձնանում է սոցիալական թատրոնի ներկայությամբ, որոնք միտված են լինելու հետհեղափոխական կատարողական արվեստի խրախուսմանը։ Հիմնական ծրագրից դուրս փառատոնի ընթացքում կլինեն վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպում-քննարկումներ:

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի այն երկուսն են՝ «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» և «Պարարվեստի արևելյան ընկերակցություն»:

Եվրոպական Փառատոների Ասոցիացիան (EFA) «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում կանցկացնի «Եվրոպան փառատոների համար, և փառատոները՝ Եվրոպայի» խորագրով ծրագիրը: Այս ծրագիրը միտված է տարածաշրջանի կատարողական արվեստը ինտեգրել եվրոպական փառատոնային միջավայրին:

Ծրագիրը կարևոր է նրանով, որ ներկա են լինելու եվրոպական լավագույն փառատոների ներկայացուցիչներ, ովքեր կաշխատեն հայ մասնագետների հետ՝ նպաստելով իրենց միջազգային առաջխաղացմանը:

«Պարարվեստի արևելյան ընկերակցություն» ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարի ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, ում համախմբում է լեհական պարահարթակ 2017-ը: Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է հայ-լեհական համատեղ ներկայացում, որը նույնպես կցուցադրվի փառատոնի օրերին: Ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից պարը Հայաստանում: Այն ունի նաև մեծ կրթական ծրագիր, որը տալիս է հնարավորություն ուսանողներին ունենալ հնարավորություն լրացնել իրենց ակադեմիական կրթությունը:

Նշենք, որ արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով, տոմսերով և անցագրերով:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ