17:58 21 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.60
  • GBP608.80
  • EUR534.80
  • RUB7.44
Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին

Ի՞նչ աղմուկ է բարձրացել Թբիլիսիի «Սուրբ Նշան» հայկական եկեղեցու շուրջ

CC BY-SA 2.0 / Felix Khachatrian
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմը վերահսկում է Թբիլիսիի «Սուրբ Նշան» հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի –Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսիի «Սուրբ Նշան» հայկական եկեղեցու բակում տարվող վերանորոգման աշխատանքները դադարեցված են։ Այս մասին կարգադրություն է արել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Խնդիրն այն է, որ եկեղեցու բակում Կրծանիսի վարչական շրջանի կողմից կոյուղու վերանորոգման աշխատանքներ էին տարվում։ Դա մտահոգել է թբիլիսահայերին, շատերը կարծում էին, որ աշխատանքները կվնասեն հայկական եկեղեցուն, որն առանց այդ էլ խարխլված վիճակում է։

Նախօրեին, վրացական կայքերից մեկը տեղեկություն էր տարածել, թե եկեղեցու բակում իրականացրած աշխատանքների հետևանքով տապանաքարեր են հանվել և ուղարկվել աղբանոց։

«Մեր աշխատակիցներն անմիջապես գնացին եկեղեցու բակ։ Պարզվեց, որ աղբակույտի տակ ոչ թե տապանաքարեր էին, այլ վաղուց քանդված զանգակատան քարերը», – ասաց Խաչատրյանը։

Արդյունքում, շինարարները խոստացան վերադարձնել դրանք և մաքրել աղբը։  Սակայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչների այցից հետո, եկեղեցու բակ էին մեկնել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության աշխատակիցները։

«Նրանք արգելել են վերանորոգման աշխատանքներ իրականացնել։ Հետագա գործունեության մասին հայտնի կդառնա, հարցը նիստին քննարկելուց հետո», – ասաց Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ եկեղեցին իսկապես վթարային է, սակայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին վերահսկում է իրավիճակը։

1703 թվականին կառուցված Սուրբ Նշան եկեղեցում 2002 թվականին հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվեցին եկեղեցում պահպանվող տպագիր հրատարակությունները։ 2012 թվականին փլուզվեց շինության հյուսիս-արևելյան սյունը։ Դեպքը տեղի ունեցավ հրդեհը մարելու հետևանքով։ Այդ ժամանակվանից եկեղեցին բախտի քմահաճույքին է մնացել։

Թբիլիսիում բաց է մնացել նաև Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու ճակատագրի հարցը։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը պատրաստ է դատարանում վիճարկել վրացական իշխանությունների` Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին Վրաստանի ուղղափառ եկեղեցուն փոխանցելու մասին որոշումը։

Հայաստանի ու Վրաստանի արխիվներում կան փաստաթղթեր, որոնք վկայում են` Թբիլիսիում XIX դարում կառուցված Թանդոյանց եկեղեցին հայկական է։ Այդուհանդերձ, Վրաստանի իշխանությունները որոշել են այն փոխանցել Վրաստանի ուղղափառ եկեղեցուն։

Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին միակ կրոնական կառույցը չէ, որի վերաբերյալ Վրաստանի իշխանությունների ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տեղի թեմի կարծիքները, մեղմ ասած, չեն համընկնում։ Մինչև այժմ չի լուծվել XIX դարի Շամխորեցոց եկեղեցու հարցը։ Եկեղեցու շենքը մաշվել է, հիմքը` թուլացել, կառույցը վերանորոգման կարիք ունի։

Սակայն Վրաստանի իշխանությունները, ի դեմս Մշակույթի նախարարության, եկեղեցու հարևանությամբ տուն կառուցելու թույլտվություն են տվել։ Վրաստանի հայկական համայնքի ու Tiflis Hamkari կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ շինարարությունը եկեղեցու անմիջական հարևանությամբ է լինելու, ինչը վերջնականապես կթուլացնի հիմքը։

Տարբեր տվյալներով՝ Շամխորեցոց եկեղեցին կառուցվել է կամ XIX դարի սկզբին, կամ՝ 1775 թվականին։

 

Ըստ թեմայի

Նման բան դեռ չի եղել. Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական եռագույնով է ներկվել. տեսանյութ
Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի. Թբիլիսիի հայ համայնքը քայլերթ է արել

Գլխավոր թեմաներ