08:35 22 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.69
  • GBP617.03
  • EUR528.46
  • RUB7.47
Ժիրայր Դադասյան

Եթե Մնջախաղի թատրոնը դուրս գա պետական հոգածությունից, նույն օրը կփակվի. Դադասյան

Личный архив Ж.Дадасяна
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Ժիրայր Դադասյանը կարծում է, որ Հայաստանում պետական թատրոնների թիվը 3 անգամ ավելի քիչ է, քան կարող էր լինել:

ԵՐԵՎԱՆ, 25 Մարտ — Sputnik. Եթե Մնջախաղի թատրոնը դուրս գա պետական հոգածությունից, ապա այդ նույն օրը թատրոնը կփակվի։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը։ Նրա խոսքով` մշակութային ոլորտում ՊՈԱԿ–ների մասնավորեցման, վերամիավորման գործընթացը հիմնավորված չէ։

«Ես չգիտեմ մի թատրոն, որն ինքնաֆինանսավորմամբ կարողանում է գոյատևել։ Մասնավորեցմանը գնալը, կարծում եմ, չհիմնավորված որոշում է»,–ասաց Դադասյանը։

Թատրոնի տնօրենը վստահ է` պետական թատրոնների հանդեպ տարբերակված վերաբերմունք պետք է լինի։ «Պետական թատրոնը պատահական չէ, որ կոչվում է պետական, չէ՞։ Լավ է, որ այժմ մշակույթի նախարարությունը մրցութային կարգով է դարձրել ներկայացումների ֆինանսավորման համակարգը, սակայն պետք է պետական թատրոնների հանդեպ վերաբերմունքը մի փոքր այլ լինի։ Կարծում եմ` մշակութային քաղաքականության մեջ հստակություն չի ուրվագծվում»,– ասաց Դադասյանը։

Նրա խոսքով` Հայաստանում պետական թատրոնների թիվը շատ ավելի քիչ է, քան կարող էր լինել. պետական թատրոնների թիվը 3 անգամ քիչ է։ Մյուս կողմից, ըստ Դադասյանի, դրամաշնորհ միայն պետությունը չէ, որ պետք է տրամադրի։

Նա տեղեկացրեց նաև, որ իրենք երկու հայտով դիմել են մշակույթի նախարարություն և ֆինանսավորում ստացել` մեկ նոր ներկայացման և այս տարի Լեոնիդ Ենգիբարյանի անվան փառատոնն անցկացնելու համար։ Դադասյանի խոսքով` ներկայացման համար իրենց տրամադրվել է 6 մլն 700 հազար դրամ, իսկ փառատոնի համար` 16 մլն դրամ։

«Սակայն փառատոնի համար տրամադրված գումարն արդյունքում 13 մլն է լինում, քանի որ դրա 20 տոկոսը պետք է ԱԱՀ վճարենք, ինչը նախկինում չկար։ Ներկայացման գումարը լիարժեք կբավարարի այն կյանքի կոչելու համար, սակայն փառատոնի գումարը քիչ է»,–ասաց Դադասյանը` հավելելով, որ հովանավորի կարիք էլ կլինի։

Խոսելով նոր բեմադրվելիք ներկայացման մասին` թատրոնի տնօրենը տեղեկացրեց, որ ներկայացման գլխավոր հերոսն ակտիվիստ է։

«Պիեռոյի երազը» ներկայացման մտահղացումը, ըստ Դադասյանի, ծնվել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի օրերին։ Ներկայացման երաժշտությունն Արամոն է գրելու։

Ի դեպ, Մարտի 27–ին Թատրոնի միջազգային օրն է, և այդ օրն ավանդաբար անցկացվում է «Արտավազս» թատերական մրցանակաբաշխությունը։ Դադասյանը նշեց, որ իրենց թատրոնը որևէ ներկայացման հայտ չի ներկայացրել, քանի որ ինքը փառատոնի ժյուրիի անդամ է։ Նրա խոսքով` նախորդ տարի ավելի հետաքրքիր ներկայացումներ կային, քան` այս տարի։ Սա, Դադասյանի կարծիքով, գուցե հետևանք է 2018–ի իրադարձությունների, և մարդիկ ուղղակի չեն հասցրել ներկայացումներով զբաղվել։

Հիշեցնենք` փետրվարին ԶԼՄ–ները հրապարակել էին մի փաստաթուղթ, ըստ որի` նախարարությունն առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություններ լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն ասուլիս էր հրավիրել և նշել, որ դա ընդամենը սևագիր տեղեկանք է, եղել է որոշակի վերլուծություն կատարելու կառավարական հանձնարարական, իսկ նման հանձնարարականներ ստանում են բոլոր նախարարությունները։ Ըստ Ղարիբյանի` Հայաստանի մշակույթի նախարարությունը չի պատրաստվում միավորել կամ փակել այն ՊՈԱԿ–ները, որոնք հիշատակվում են ԶԼՄ–ներում հայտնված տեղեկանքում։

Ըստ թեմայի

Հայկական «Հոգվարթսը», կամ ինչպես են «Թռչունյան տան» երեխաները կոտրում կարծրատիպերը
Սկանդալ մշակույթի ոլորտում. ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն իսկապե՞ս անհիմն է
Բոլորին կհավաքեն ու կհանգստացնեն. Ղարիբյանը համոզված է` թատրոնների աղմուկն անհիմն է
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ