ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի «Կուբանիտա» լուսանկարը հաղթել է World Press Photo ֆոտոլրագրողների միջազգային մրցույթի «Արդի խնդիրները» անվանակարգում։ Այս մասին գրված է մրցույթի կայքում։
Ռուսաստանում ծնված և ԱՄՆ–ում մեծացած Դիանա Մարկոսյանի արած լուսանկարում պատկերված է Պուրա անունով 15-ամյա աղջիկը։ Նա ավտոմեքենայով շրջում է Հավանայի շրջաններից մեկում, իսկ բնակիչները պատրաստվում են տոնել նրա ծննդյան օրը։ Աղջիկը վարդագույն զգեստ է կրում։ 15-ամյակը լատինական մշակույթում հատուկ տոն է, որը խորհրդանշում է աղջկա կին դառնալը։
Посмотреть эту публикацию в Instagram
Աղջիկը ցուցադրում է իր մաքրությունն ու ամուսնանալու պատրաստակամությունը։ Նրա ընտանիքը մեծ գումարներ է ծախսում այդ տոնը կազմակերպելու համար։ Ապագա հարսնացուն արքայադստեր նման է հագնվում այդ օրը։
Պուրայի դեպքը հատկանշական է նրանով, որ մի քանի տարի առաջ բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել և հայտնել, որ նա չի ապրի մինչև 13 տարեկանը։
Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է ամերիկացի լուսանկարիչ Ջոն Մուրը։ Նա լուսանկարել է` ինչպես են ԱՄՆ սահմանապահները խուզարկում հոնդուրասցի կնոջը նրա փոքր աղջկա աչքի առաջ։ Նրանք փորձում էին երկիր ներխուժել «միգրանտների քարավանի» կազմում։
Դիանա Մարկոսյանը լուսանկարիչ է, գրող և ռեժիսոր։ Նա հայտնի է իր ֆոտոռեպորտաժներով, այդ թվում` «Ստեղծելով հորս» շարքով, որը պատմում է հոր հետ ունեցած իր հարաբերությունների մասին։ Մարկոսյանը նաև Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատանքների հեղինակ է։
World Press Photo–ն ամենամյա խոշորագույն և հեղինակավոր մրցանակ է, որը շնորհում են ֆոտոլրագրության ոլորտում։ 2019 թվականին մրցույթի լուսանկարչական բաժնում ներկայացվել է 43 թեկնածու` 8 անվանակարգերում, ինչպես նաև 6 թեկնածու` «Տարվա լուսանկարը» (World Press Photo of the Year) անվանակարգում և 3 թեկնածու` «Տարվա ֆոտոպատմություն» (World Press Photo Story of the Year) անվանակարգում։