ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Սիրել Հայաստանը, անչափ կարոտել բեմը, ընկերներին ու հայկական հյուրընկալությունը և միաժամանակ աստվածացնել սիրո քաղաքը` Փարիզը։ Հենց այդ հակասության, ցավի և կարոտի մասին է դերասանուհի ու երգչուհի Ժաննա Բլբուլյանի «Գաղտնիքներիս արահետով» գիրքը։ Այդ մասին Բլբուլյանը պատմեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Երգչուհին վերջին 30 տարին ապրում է Փարիզում, նրան ոգեշնչում է այդ քաղաքը։ Եվ նա որքան էլ կարոտի Հայաստանը, մտադիր է ապրել այնտեղ։ Երևան եկել է դստեր` երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի Նառա Նոյանի ու նրա որդիների հետ։
Ստեղծագործական ընտանիքն ապրիլի 13–ին համերգ կտա Երևանում` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որը խոստանում է անմոռանալի լինել։
«Հիմնականում կհնչեն Նառայի հեղինակային կատարումները, ինչպես նաև Շառլ Ազնավուրի երգերը։ Համերգի շրջանակում կկայանա «Գաղտնիքներիս արահետով» գրքի շնորհանդեսը և ելույթ կունենա ջազային երգչուհի Նաիրա Մանուչարյանը», – ասաց Բլբուլյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում։
Նրա խոսքով` համերգը զարմանալի է նրանով, որ մայրն ու դուստրն առաջին անգամ կիսում են աֆիշը։ Նրանք հաճախ են ելույթ ունեցել միասին, սակայն կամ մայրն է հրավիրել դստերն իր համերգին, կամ հակառակը։
Նառա Նոյանը նշեց, որ գիրքը յուրահատուկ է, դրանում արտացոլված է հայրենիքի, բարեկամների, մտերիմների, ընկերների, թատրոնի կարոտը։
«Եթե դու չես կարող այդ ամենն արտահայտել բեմում, ապա հաղորդում ես գրչի միջոցով», – ասաց Նոյանը։
Այն, որ Փարիզն իր քաղաքն է, Բլբուլյանը հասկացել է մինչև այնտեղ հայտնվելը։ Հանգամանքների բերումով դերասանուհուն թատրոնում բաժին են ընկել ֆրանսուհիների դերեր։ Խորհրդային տարիներին նա եղել է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի առաջատար դերասանուհին, խաղացել Սունդուկյանի անվան թատրոնում։
Բլբուլյանն առաջին անգամ Փարիզ է մեկնել դստեր հետևից, բայց միայն երեք ամսով։
«Ես անգիր գիտեի Փարիզը, այնքան դերերում էի խաղացել` կապված քաղաքի հետ։ Երեք ամսից վերադարձա Երևան։ Ես նախագիծ ունեի, պետք է խաղայի Մարինա Վլադի», – պատմեց Բլբուլյանը։
Մենաներկայացումը մեծ հաջողություն է ունեցել։ Բլբուլյանը երկրորդ անգամ Փարիզ է մեկնել ֆիլմերի նկարահանումների համար, որը նկարվել է Ֆրանսուազա Սագանի «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» վեպի մոտիվներով, որում խաղացել է Նատալիի դերը։
Այդ շրջանում Հայաստանում գրեթե չեն խաղացել թատրոններում, լույսը ժամերով են տվել։ Բլբուլյանի ընկերները և ծանոթները խորհուրդ են տվել նրան մնալ Փարիզում։
Բլբուլյանը վերջին 30 տարիներն ապրում է Ֆրանսիայում, լեզուն չիմանալու պատճառով նա չի կարողացել շարունակել դերասանական կարիերան։