18:47 24 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
И.о. министра культуры Назени Гарибян на церемонии гашения марки к 150-летию Ованеса Туманяна (18 февраля 2019). Еревaн

«Դուք Օրբելյանին ծախել եք». Օպերայի թատրոնը ոտքի է կանգնել. Ղարիբյանի հարցն այսպես չի մնա

© Sputnik / Aram Nersesyan ,
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
18010

Օպերայի թատրոնում առաջիկայում երկու կարևոր անելիք ունեն, որոնց մասին խոսեցին ժամ ու կես տևած կռիվ–քննարկման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նամակով կդիմի մշակույթի նախարարությանը, որպեսզի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը չեղյալ համարվի։ Այս որոշմանը թատրոնի կոլեկտիվը եկավ այսօր օպերայում տեղի ունեցած ավելի քան 1.5 ժամանոց քննարկման արդյունքում։

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 22-ին կայացել է օպերայի թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ թատրոնի կառավարման խորհրդի նախագահ էր ընտրվել մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։

Օպերայի թատրոնում այսօրվա քննարկումը բավական բուռն անցավ։ Թատրոնի կոլեկտիվը մեղադրում էր թատրոնի արտիստներից երկուսին, որոնք կառավարման խորհրդի անդամ են ու կողմ են քվեարկել Ղարիբյանի նշանակմանը։

«Կառավարման խորհուրդը 8 անձից է բաղկացած, որից երկուսը մեր թատրոնի արտիստներից են, և որոնց մենք ենք ընտրել։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ կառավարման խորհրդի նախագահի ընտրություն եղավ և մի հատ չխորհրդակցեցիք մեզ հետ, որպեսզի մեր կարծիքն էլ իմանայիք։ Բացի այդ, եթե անգամ մտածում էիք, որ ձեր ձայնը վճռորոշ չի լինելու, միևնույն է, դուք պետք է դեմ քվեարկեիք Ղարիբյանի թեկնածությանը»,–ասաց թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը` հավելելով, որ բոլոր թատրոնների կոլեկտիվներն են օպերայի թատրոնի կողքին կանգնել, որպեսզի Ղարիբյանի հրաժարականը պահանջեն, բայց երկուսը Ղարիբյանին կողմ են քվեարկել։

Պերճ Քարազյանը` կառավարման խորհրդի անդամներից, որը նաև թատրոնի արտիստ է, պարզաբանեց, որ իրենք կողմ են քվեարկել Ղարիբյանի թեկնածությանը, քանի որ նա խոստացել է մի շարք հարցեր լուծել։ Ղարիբյանը, ըստ նրա, լինելով մշակույթի նախարարության ներկայացուցիչ, կարող է կամուրջ հանդիսանալ թատրոնի և կառավարության միջև։

Թատրոնի կոլեկտիվը, սակայն, պնդում է` Ղարիբյանն այրել է բոլոր կամուրջները, և լավ կլինի, որ նա ոչ միայն թատրոնից, այլ, առհասարակ, մշակույթի ոլորտից հեռու մնա։

Քննարկման ժամանակ մի պահ կրքերը թեժացան` «Դուք Օրբելյանին ծախել եք», «Դավաճանել եք թատրոնին», «Դուք դավաճան եք» որակումներ հնչեցին` ուղղված կառավարման խորհրդի անդամ օպերայի արտիստներին։ Քարազյանն ասաց, որ եթե այդպես են իր մասին մտածում, ուրեմն կհրաժարվի կառավարման խորհրդի անդամ լինելուց։ Որոշները չհամաձայնեցին այս որակումներին` ասելով, որ Ղարիբյանի պատճառով հիմա «հազար տարվա իրենց ընկերներին» դավաճան են անվանում։ Կրքերը, սակայն, ինչպես բորբոքվեցին, այնպես էլ մարեցին ու կոլեկտիվն անցավ գործնական որոշումների։

Թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը հայտնեց, որ առաջիկա օրերին երկու անելիք ունեն` նախ անվստահություն կհայտնեն Ղարիբյանին ու կպահանջեն նրա հրաժարականը` որպես թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և կորոշեն` արդյո՞ք կառավարման խորհրդում առկա իրենց թատրոնի երկու ներկայացուցիչներին փոխելու կարիք կա (կառավարման խորհրդի մյուս ներկայացուցիչը Սերգեյ Սաֆարյանն է)։

Օպերայի թատրոնում երկու օր հետո պրեմիերա ունեն` Ջ. Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերան, որին կհաջորդի թատրոնի կոլեկտիվի` այս անգամ արդեն ոչ լրագրողների մասնակցությամբ ժողով–քննարկումը։

Ըստ թեմայի

Տուրիզմի խթա՞ն. «Այս պատմության շնորհիվ մեր օպերայի մասին իմացավ ամբողջ աշխարհը». Օրբելյան
Օպերայի աշխատակիցները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում Օրբելյանի հարցով
«Ինչ ասել եմ` ուժի մեջ է». Փաշինյանը կհանդիպի օպերայի թատրոնի աշխատակիցների հետ
թեգերը:
Կոնստանտին Օրբելյան, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ