ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Այսուհետ մշակութային ոլորտին վերաբերող որոշումներն ընդունվելու են մշակութային գործիչների ներգրավվածությամբ, որպեսզի կայացրած որոշումների համար պատասխանատվություն կրեն նաև նրանք: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նա տեղեկացրեց, որ երկու օր շարունակ Աղվերանում տեղի է ունեցել «Արժեք և գին» խորագրով աշխատաժողովը, որում ներգրավված մշակութային գործիչները վեր են հանել ոլորտի խնդիրները և պատրաստվում են նախարարության հետ համատեղ գտնել այդ խնդիրների լուծումները:
«Այժմ մենք պետք է հասկանանք, թե դուրս բերված խնդիրներից, որոնք կարող ենք օրենսդրական մասով կարգավորվել, որոնք՝ կառավարության որոշումներով , որոնք էլ համապատասխան ՊՈԱԿ-ների ներսում»,-ասաց Խզմալյանը:
Ըստ նրա` Հայաստանում մշակութային ոլորտն օրենսդրական լուրջ բարեփոխումների կարիք ունի, մասնավորապես, աշխատանքային իրավունքների մասով:
Սիրիահայերն իրենց ձեռագործ աշխատանքները կներկայացնեն Թբիլիսիում
«Բալետի պարուհին երկու երեխա ունենալուց հետո, այն պարուհին չէ, որը եղել է մինչև երկու երեխա ունենալը: Օրենքը թույլ չի տալիս, որ ռեժիսորը պարուհուն ասի, որ այլևս չի կարող իրեն ընդգրկել ներկայացումների մեջ »,-ասաց Խզմալյանը և հավելեց, որ ժամանակն է եկել, որպեսզի հասկանանք` ցանկանում ենք մշակութային ոլորտը մասնագիտացնել, թե ընդամենը սոցիալական հարց լուծել:
Անդրադառնալով Sputnik Արմենիայի այն դիտարկմանը, թե տվյալ դեպքում ինչ անի բալետի պարուհին, եթե որոշեն նրան աշխատանքից ազատել, Խզմալյանը վստահեցրեց, որ իրենք այդ մասին էլ են հոգացել:
«Պետք է հոգալ, որ նման մասնագետները գտնեն ալտերնատիվ զբաղվածություն, օրինակ՝ ընդգրկվեն դասախոսական աշխատանքներում կամ դրամաշնորհային ծրագրերում»,-ասաց Խզմալյանը և շեշտեց, որ ամբողջ աշխարհում մարդը գնում է դեպի բազմաֆունկցիոնալ գործունեության: Եթե սպառել են իրենց մի ոլորտում, ապա կարող են փորձել մեկ այլ ոլորտում:
Արա Խզմալյանը սեփական օրինակը բերեց` նշելով, որ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և դարձել Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող: Այնուհետև Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գրական մասի վարիչ: Հետո որոշել է դասախոսել Երևանի պետական համալսարանի արվեստաբանության ամբիոնում: Եղել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Այնուհետև` Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ:
Խզմալյանը ժպիտով նշեց, որ այս շարքը դեռ երկար կարող է շարունակել, կարևորը մի տեղում չդոփելն ու առաջ շարժվելն է` բացահայտելով սեփական ունակությունները: