13:12 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
92930

Եղիշե Չարենցը երկու անգամ է ամուսնացել։ Արփենիկին և Իզաբելլային նա տարբեր կերպ էր վերաբերվում` մեկին սիրում էր տղամարդու, մյուսին` հոր պես։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Ո՞րը կարելի է ավելի մեծ սեր համարել` այն, որ տողեր, զարդեր ու հոգի՞ է նվիրում, թե՞ այն, որ ստիպում է աչքի լույսի պես պահել սիրուդ նախկինին նվիրված տողերը, զարդերը, հոգին… Իզաբելլա Չարենցը կարողացրել էր խորհրդային կարգադրիչներից թաքցնել ոչ միայն ամուսնու` Եղիշե Չարենցի ձեռագրերը, այլև նրա առաջին կնոջ` Արփենիկ Չարենցի իրերը, որոնք պահվում էին նրանց տանը։

Выставка Женщины Чаренца в доме-музее Егише Чаренца
© Sputnik / Aram Nersesyan
Արփենիկ Չարենցի իրերը

Այդ հատուկենտ իրերը Եղիշե Չարենցն այրել չէր հասցրել. ժամանակակիցների հուշերով` Չարենցն Արփենիկի մահվանից հետո հոգեխանգարման եզրին էր և վշտից այրել էր մեռած կնոջ ամբողջ զգեստապահարանը։ Իսկ Իզաբելլան, որն այդպես էլ Արփենիկի պես չսիրվեց Չարենցից, ամենաակնհայտ պատճառներն ուներ Արփենիկի իրերը եթե չայրելու, ապա գոնե չպահելու համար, բայց պահպանել էր դրանք։

Выставка Женщины Чаренца в доме-музее Егише Чаренца
© Sputnik / Aram Nersesyan
Արփենիկ Չարենցի իրերը

Մեծահոգությո՞ւն, չափից ավելի նվիրվածությո՞ւն, կանացի խանդի բացակայությո՞ւն. Իզաբելլայի այս քայլի մոտիվը մենք այլևս երբեք չենք իմանա, սակայն թևաթափ չլինել նրա ապրումները պատկերացնելիս` անհնար է։

Արմենուհին` Չարենցի սերը. մեծ բանաստեղծի սիրո պատմության վարագույրը շուտով կբացվի

Երևանում` Եղիշե Չարենցի տուն–թանգարանում, «Չարենցի կանայք» ցուցահանդեսն է։ Հետաքրքիր է հայոց լեզուն. երբ այլ լեզուներում տարանջատված են «կին»` որպես սեռ և «կին»` որպես ամուսին բառերը, ապա հայերենում կինն ընկալվում է որպես և՛ որպես ամուսին, և՛ որպես սեռի բնորոշում։ 

Выставка Женщины Чаренца в доме-музее Егише Чаренца
© Sputnik / Aram Nersesyan
Թանգարանի այցելուներից մեկը` Իզաբելլա Չարենցի լուսանկարի մոտ

Չարենցի կյանքում եղել են նաև ուրիշ կանայք, սակայն մեկ հարկի տակ նա ապրել է միայն երկու կնոջ հետ` Արփենիկ Տեր–Աստվածատրյանի (1921-1927) և Իզաբելլա Կոդաբաշյանի (1931-1937): Երկու կանանց նա հանդիպել է տասը տարվա տարբերությամբ, կանանց տարիքային տարբերությունը նույնպես տասը տարի էր. Արփենիկը ծնվել էր 1899-ին, Իզաբելլան` 1909-ին...

Выставка Женщины Чаренца в доме-музее Егише Чаренца
© Sputnik / Aram Nersesyan
Իզաբելլա Չարենցի նկարը

Թանգարանում վեր էին հանել և իրար կողքի դրել Արփենիկի և Իզաբելլայի անձնական իրերը` երկուսն էլ Չարենցի անձնական արխիվից։

«Չարենցն այսօր մահացավ». անհայտ բանտարկյալի թաքուն գրառումը

«Արփենիկի հարդարման տուփը Չարենցը գնել է Գերմանիայում ու նվիրել նրան։ Հայելին, գինդերը, ծխախոտի տուփը` ամբողջը Չարենցի նվիրածներն էին»,–պատմում է Եղիշե Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցը, որը նաև աշխատում է պապիկի տուն–թանգարանում։

«Իսկ Իզաբելլայի իրերն է՞լ են բոլորը Չարենցի նվերները»,–հարցնում եմ։

Տիկին Գոհարն անմիջապես չի պատասխանում, հետո ասում է` չէ։ Կողքից մեկն ասում է` դե Չարենցը Իզաբելլային Արփենիկի պես չի սիրել, ինչին տիկին Գոհարը, կեսկատակ–կեսլուրջ նեղանալով, արձագանքում է.

«Վայ, իմ տատիկն է ախր, ինչո՞ւ եք նման բաներ ասում»։

Выставка Женщины Чаренца в доме-музее Егише Чаренца
© Sputnik / Aram Nersesyan
Եղիշե Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցը և Sputnik Արմենիայի թղթակից Ժաննա Պողոսյանը

Այն, որ Չարենցը տարբեր կերպ էր վերաբերվում իր կյանքի գլխավոր կանանց, հանրահայտ փաստ է։ Արփենիկի հետ տարիքային տարբերություն գրեթե չունեին, նրանք սիրեցյալներ լինելուց առաջ լավ ընկերներ էին, գրական գործընկերներ, միմյանց հետ ճամփորդում էին, ապրում ամենաաղքատիկ տներում ու քննարկում ամեն ինչ։ Իզաբելլան Չարենցի համար ընտանիք կազմելու լավ տարբերակ էր, որին նա անվերջ հարգում էր, փայփայում, սովորեցնում հայերեն խոսել և դստեր պես պաշտպանում։ Իսկ երբ տղամարդը կնոջը հոր աչքով է նայում, չի կարող նրա համար խելքահան լինել։

Выставка Женщины Чаренца в доме-музее Егише Чаренца
© Sputnik / Aram Nersesyan
Եղիշե Չարենցի գրասեղանը

Չարենցն առաջին անգամ չէր իր համար երկրորդ կին փնտրում։ 1930-ին նա ամուսնության առաջարկ էր արել Արփենիկի ընկերուհուն` Արաքսյա Մանուկյանին, որը, սակայն, մերժել էր Չարենցին։

Կարսում քանդված տունն իսկապես Չարենցի՞նն էր, թե՞ գումար էին աշխատում միամիտ հայերի միջոցով

Իզաբելլան Չարենցի ամուսնության առաջարկին «այո» ասելու համար ընդամենը երեք օր ժամանակ ուներ։ Աղջիկը 22 տարեկան էր, Մոսկվայից առաջին անգամ էր եկել Երևան։ Նրա ու Չարենցի ծանոթության առաջին երկխոսությունը հետևյալն է լինում.

– Դուք գրո՞ղ եք։ Շատ հաճելի է։ Ես գրականություն շատ եմ սիրում, միայն թե հայ գրականություն չգիտեմ։

– Դե ոչինչ։ Ես Ձեզ կսովորեցնեմ հայ գրականությունը։

Նույն օրը Չարենցն ուղեկցում է Իզաբելլային տուն, հաջորդ օրը հրավիրում օպերա դիտելու, մի քանի ժամադրությունից հետո էլ ասում.

«Դուք համեստ, լավ աղջիկ եք։ Իմ կինը վախճանվել է չորս տարի առաջ, նրանից հետո ես ընտանիք չունեմ։ Ես այնքան եմ ուզում ընտանիք ունենալ և ունենալ այնպիսի կին, որպիսին Դուք եք։ Միայն Դուք ինձ պետք է պատասխան տաք` այո կամ ոչ։ Ես ուսանող չեմ, որ Ձեզ հետ տարիներով ման գամ և դատարկ ժամանակ վատնեմ»։

Իզաբելլան երեք օր է խնդրում Չարենցից, այդ ընթացքում մտածում է` հանճարեղ խելքի տեր մարդը չի կարող վատը լինել և համաձայնում է ամուսնանալ Չարենցի հետ։ Գրողը գոհ ժպտում է և ասում.

«Վաղը ժամը 12-ին Պետհրատ արի (Չարենցի աշխատավայրն էր), միասին կգնանք ԶԱԳՍ»։

Բացառիկ ցուցադրություն. կներկայացվի Չարենցի` երբևէ չցուցադրված արևելյան սպասքը

Չարենցները երկու դուստր են ունենում` Արփենիկն ու Անահիտը։ Իզաբելլան Չարենցի աչքում ևս մեկ «կոչում» է ունենում` «երեխաների մայր», այդպես էլ չդառնալով նրա «սրտի տիրուհին»։ Իզաբելլան չէր կարող չնեղսրտել դրա պատճառով, թեև երբեք չէր բարձրաձայնում այդ մասին։ Ժամանակակիցները հիշում են, որ Արփենիկի կավե դիմապատկերը Չարենցը հանել էր հյուրասենյակից` նկատելով, որ Իզաբելլան խուսափում է սենյակ մտնել։ Բայց գրական աշխարհում պոետը խմբագրումներ չկատարեց, օրինակ` «Նավզիկե» երկը նվիրեց «Արփիկին, Արփիկին, Իզաբելլային». այդ ժամանակ երկրորդ դուստրը` Անահիտը, դեռ չէր ծնվել։

Выставка Женщины Чаренца в доме-музее Егише Чаренца
© Sputnik / Aram Nersesyan
Մարտիրոս Սարյանի «Եղիշե Չարենցն իր ընտանիքի հետ» գծանկարը

Արփենիկը մինչև գրողի կյանքի վերջ մնում է նրա «մեծ սերը»։ Իսկ Իզաբելլային բանտից ուղարկած իր վերջին նամակում Չարենցը դիմում է «հարազատս»–ով` պահանջելով, որ ամուր լինի ու պաշտպանի իր երեխաներին։

  • Եղիշե Չարենցի տուն–թանգարանը
    Եղիշե Չարենցի տուն–թանգարանը
    © Sputnik / Aram Nersesyan
  • Եղիշե Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցը
    Եղիշե Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցը
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Չարենցի կանայք» ցուցահանդեսը` Եղիշե Չարենցի անվան տուն–թանգարանում
    «Չարենցի կանայք» ցուցահանդեսը` Եղիշե Չարենցի անվան տուն–թանգարանում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Արփենիկ Չարենցի դիմանկարը` «Չարենցի կանայք» ցուցահանդեսում
    Արփենիկ Չարենցի դիմանկարը` «Չարենցի կանայք» ցուցահանդեսում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Իզաբելլա Չարենցի իրերը` «Չարենցի կանայք» ցուցահանդեսում
    Իզաբելլա Չարենցի իրերը` «Չարենցի կանայք» ցուցահանդեսում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 5
© Sputnik / Aram Nersesyan
Եղիշե Չարենցի տուն–թանգարանը

Ըստ թեմայի

Չարենց և Արփենիկ. մի սիրո պատմություն
Չարենցի ծնունդը շնորհավոր. բանաստեղծի արդարացմանը նվիրված ընթրիքի տեսանյութը
Սիրո 99 տարի կամ ինչպես մեծն Նիկողոսյանը Չարենցին ծեծեց կնոջ պատճառով
Կարսում քանդված տունն իսկապես Չարենցի՞նն էր, թե՞ գումար էին աշխատում միամիտ հայերի միջոցով
թեգերը:
Երևան, Կին, Ցուցահանդես, Եղիշե Չարենց

Գլխավոր թեմաներ