00:31 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
246010

Միայն Աստված գիտի` քանի գաղտնիք է թաքցնում Արենիի հայտնի քարանձավը։ Բայց ակնհայտ է, որ այստեղ բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել, որոնք գիտնականները դեռ պետք է բացահայտեն ու բացահայտեն։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը գինեգործության և քաղաքակրթության օրրան է։ Ինքն իր համար այսպիսի բացահայտում է արել ԱՄՆ-ում հայտնի Booze Traveler հաղորդման հեղինակ Ջեք Մաքսվելը։ Հաղորդավար-դերասանը մեր երկիր էր այցելել դեռ հինգ տարի առաջ, բայց համացանցում նորից են սկսել քննարկել Հայաստանում Մաքսվելի նկարահանած հաղորդումը։

Մասնավորապես, շատերին տարակուսանքի մեջ է գցել Արենիի քարանձավում նկարահանված դրվագը։ Տեսանյութում հնագետ Դիանա Զարդարյանը, ներկայացնելով աշխարհի հնագույն գինեգործարանը Արենիի քարանձավային համալիրում, նշում է, որ այստեղ գինի են պատրաստել դեռ 6 հազար տարի առաջ։ Ընդ որում` նա նշում է, որ խմիչքը պատրաստել են ծիսական նպատակներով, իսկ գինու հետ որպես նախուտեստ մատուցել են երիտասարդ աղջիկներին։

«Այս ծեսը կապված է պտղաբերության պաշտամունքի հետ, երիտասարդ աղջիկներին սպանում էին, որպեսզի Նոր տարում բերքն ավելի առատ լիներ։ Աղջիկներին եփում կամ տապակում էին»,-ասում է Դիանան՝ սարսափեցնելով հաղորդավարին։

Հասկանալու համար` արդյոք իրականում այդ տարածաշրջանում նման ծեսեր գոյություն ունեցել են, թե ոչ, Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց Արենիի քարանձավներում 2007թ․-ին հետազոտություններ իրականացրած արշավախմբի ղեկավար, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի հետ։

Նրա խոսքով՝ արշավախումբն իրոք խաղողի կորիզներից բացի նաև մարդկային գանգեր է գտել։ Բայց դրանք աղջիկների գանգեր չեն եղել։

«Մենք երկու տղամարդու և մեկ կնոջ գանգ ենք գտել։ Մեզ համար դա շատ անսպասելի էր, ոչ մեկիս մտքով չէր էլ անցնում, որ նման բան կտեսնենք»,-ասաց Գասպարյանը։

Սկզբում մասնագետները տեսողական զննության հիման վրա իսկապես կարծել են, որ դրանք երիտասարդ աղջիկների գանգեր են, բայց երկարատև ուսումնասիրությունից և ԴՆԹ անալիզից հետո գիտնականները եզրակացրել են, որ միայն մեկն է կնոջ գանգ։ Բոլոր գանգերը մոտ վեց հազար տարեկան են։ Հնագետը հաստատեց նաև, որ ամենայն հավանականությամբ խոսքը հենց ծիսական զոհաբերության մասին է։

«Այն ժամանակ ստրկատիրական հասարակություն դեռ չկար, այդ պատճառով կարծում եմ, որ խոսքը մարդկանց հատուկ դասի մասին է, որոնց, հնարավոր է, հատուկ պատրաստել են զոհաբերության համար»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ԴՆԹ-ի անալիզը հաստատել է զոհաբերվածների միջև ազգակցական կապի բացակայությունը, այնպես որ հնարավոր չէ վերջնական պարզել, թե ինչ սկզբունքով են նրանց ընտրել ծիսակարգի համար։ Գասպարյանը նշեց, որ այս պահին դեմքերը վերականգնելու աշխատանքներն են ընթանում։ Գործընթացը բարդ է, քանի որ գանգերը ծնոտներ չունեն։

Հնագետը ենթադրում է, որ զոհերին մասնատել են։ Այդ է վկայում նաև գինի եփելու կաթսայում հայտնաբերված մարդկային աջ ձեռքը։

«Զարմանալի բան չկա, համալիր պաշտամունքներ են, որոնք դեռ պետք է երկար և մանրակրկիտ ուսումնասիրվեն։ Տվյալ դեպքում խոսքը ծիսական մարդակերության մասին է։ Հին ժամանակներում մարդիկ համարում էին, որ զոհի մարմնի միջոցով կարող են առնչվել աստվածների հետ»,-ասաց Գասպարյանը։

Նրա խոսքով` գտնված մնացորդները թույլ են տալիս պնդել, որ նրանք մշակութային ժառանգականության տեսանկյունից մեր նախնիներն են։ Բանն այն է, որ այդ շրջանի որոշ տարրեր ձևափոխվել և հայ ժողովրդի մշակույթի մաս են դարձել (օրինակ՝ կտորեղենի, կարպետի նախշերը)։ Ինչ վերաբերում է կենսաբանական ժառանգականությանը, ապա, ըստ Գասպարյանի, այստեղ քիչ բան կա, որ կարելի է հաստատ ասել։

Հատկանշական է, որ աշխարհայացքային բոլոր հարցերում գինին կենտրոնական տեղ է զբաղեցնում։ Այն ժամանակ, ավելի հստակ՝ վեց հազար տարի առաջ, այդ խմիչքը կապող օղակ է հանդիսացել աշխարհի, անդրաշխարհի և բարձրագույն ուժերի միջև, ինչպես նաև պտղաբերության պաշտամունքի առանցքային տարրն է եղել։

Գասպարյանը նշեց, որ այդ դարաշրջանում գինին դեռևս առօրյա օգտագործման խմիչք չէր, այն պատրաստում էին խիստ սահմանափակ քանակությամբ (150-200 լիտր)՝ մասնավոր ծիսակատարությունների համար։ Արդեն ավելի ուշ՝ երկաթե դարում և անտիկ արվեստի դարաշրջանում, երբ գինու արտադրությունն ավելի մասսայական դարձավ, խմիչքը պաշտամունքից անցավ կենցաղ։

Հիշեցնենք, որ 2007թ․-ի պեղումների ժամանակ մի քանի մշակութային շերտ հայտնաբերվեց, որոնցից հնագույնը թվագրվում է մ.թ.ա. 4-5-րդ դարերով։ Այդ բացահայտումը թույլ է տալիս ասել, որ Հայաստանը գինեգործության օրրան է եղել։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել էին կժեր՝ խաղողի կորիզներով և ողկույզների մնացորդներով, ինչը վկայում է այդ տարածաշրջանում գինու արդյունաբերական հնագույն համալիրի տեղակայման մասին, որն ավելի քան 6,1 հազար տարեկան է։ Հայտնաբերվել էր նաև հնձան, որի շուրջը գտել էին խաղողի պահպանված կորիզներ, ինչպես նաև կժեր, որոնց մեջ պահվել է գինին։

«Կախարդական» քարանձավ. ինչո՞ւ են մարդիկ ձգտում ջուր խմել Սառնաղբյուրից և գնալ Լմբատավանք

Ըստ թեմայի

Հայկական քարանձավները՝ շնչառական հիվանդությունների դեմ պայքարում
Երբեմն ինձ մանկապարտեզի դայակ եմ զգում. ինչպես է Արմենակը քարանձավը պաշտպանում օտարներից
Օրվա կադր. սառցե «քարանձավը»
թեգերը:
Արենի, քարանձավ, զոհաբերություն, պաշտամունք, Հայաստան

Գլխավոր թեմաներ