08:44 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
68330

Խեցեղեն, օբսիդիանից և քարից պատրաստված գործիքներ, կավե զարդարանք. նմանօրինակ գտածոներ են հայտնաբերել երիտասարդ մասնագետները Շիրակի Լեռնակերտում։ Հայտնաբերածն արդեն պատկերացում է տալիս տվյալ ժամանակագրության կենցաղի, ավանդույթների մասին:

Շիրակի Լեռնակերտ համայնքի ամրոց-բնակավայրում և դամբարանադաշտում  հնագետների կողմից բացահայտված մի քանի շերտերն արդեն վկայում են՝ այս տարածքը բնակեցված է եղել շատ հին ժամանակներից։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի երիտասարդ գիտաշխատողները դեռ անցած տարի են սկսելել պեղումները։

Археологические раскопки в Лернакерте, Ширак
© Photo : Lernakert Project
Պեղումներ Լեռնակերտում

«Սրանք նախորդ տարվա պեղումների արդյունքներն են, քանի որ այս տարվա տվյալները դեռևս մշակման փուլում են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է արշավախմբի 27- ամյա ղեկավարը՝ Բենիկ Վարդանյանը։ Նա նշում է, որ գտածոները հիմք են տալիս ասելու, որ այս տարածքում ապրող բնակ­չութ­յան հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը և երկրագործությունը։ Պեղումների ընթացքում հայտ­­նաբերվել են ինչպես ընտանի կենդանիների հիմնական տեսակների ոսկրային մնա­ցորդ­­ներ, այնպես էլ վայրի կենդանիների, որոնց, ըստ երևույթին, որսացել են այս տարածքում։ Զարգացած է եղել նաև հացահատիկի մշակությունը, ինչի մասին են վկայում ոչ միայն բուն հա­ցահատիկային մշակաբույսերի ածխացած մնացորդները, այլև դրանց վերամ­շակ­ման գործիք­ները` աղորիքներ, սանդեր և այլն։

 Ի դեպ, տարածքը հարուստ է բրոնզեդարյան հուշարձաններով, ինչը խոսում է առնվազն մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում Արագածի շիրակյան այս լանջերի ինտենսիվ բնակեցվածության մասին։ Հուշարձանախումբը ներկայացված է կիկլոպյան երկու ամրոց­նե­րով, որոնք մասնագիտական գրակա­նութ­յան մեջ հայտնի են Վերի Բերդ և Վարի Բերդ անուններով։ Ամրոցների շուրջ են տա­րած­­վում բնակավայրեր, տարբեր չափերի դամբարանաբլուրներ և մեգալիթյան այլ կա­ռույց­ներ՝ ջրաբաշխական հնագույն համակարգեր, դամբարանաբաժան պատեր և այլն։

Արշավախմբի ուշադրության կենտրոնում Վերի Բերդն է իր շրջակայքով։ Ամրոցում նախորդ տարի բացվեց մ.թ.ա. 4-3-րդ դարերի կառույց, որն ամբողջացվեց այս տարվա պեղումներով։ Սենյակի կենտրոնում` ժայռի մեջ, արված էր բաժակաձև փորվածք։ Վերջինիս մեջ մանրացրել և վերամշակել են հացահատիկ։ Փաստագրված այս կառույցը վերաբերում է ամրոցի բնակեցման վերջին փուլին։

Բուն Վերի Բերդը, սակայն, կառուցվել է ուշ բրոնզի դարում՝ մ.թ.ա. 14-13-րդ դարերում։ «Այդ մասին են վկայում ամրոցի հյուսիսարևմտյան լանջի երկրորդ հարթակում և միջնաբերդում փաստագրված խեցեղենը և միջնաբերդի անմիջական հարևանությամբ գտնվող դամբանադաշտի ընձեռած տվյալները։ Տվյալները համաժամանակյա են, ինչը բացառիկ իրողություն է»,- պատմում է արշավախմբի ղեկավար  Բենիկ Վարդանյանը` նշելով, որ ամրոցներից հայտնաբերված հիմնական նյութը խեցեղեն առարկաներն են, օբսիդիանից և քարից պատրաստված գործիքները։

Археологические раскопки в Лернакерте, Ширак
© Photo : Lernakert Project
Պեղումներ Լեռնակերտում

Հաջորդ ամրոցը՝ Վարի Բերդը, ըստ փոքրածավալ պեղումների, ունի բնակեցման երկու փուլ։ Առաջին` վաղ փուլը վերաբերում է Կուր-արաքսյան մշակույթին՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակ, իսկ երկրորդը՝ երկաթի դարի վաղ շրջափուլին։ Սակայն հետաքրքիրն այն է, որ տարածքում պեղված ուշբրոնզեդարյան դամբանն իջեցված էր վաղբրոնզեդարյան բնակավայրի մեջ։

Հայտնաբերվել է հին քաղաքակրթության հսկայական կորուսյալ դղյակը

Լեռնակերտում մինչ 2019 թվականը պարբերական պեղումներ չեն իրականացվել։ Այս կամ այն գիտական հարցի պարզաբանման նպատակով այստեղ փոքրածավալ հետախուզական հորատումներ են արվել: 2019 թվականին արշավախումբը կազմված էր Գերմանիայի ԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրի Մաքս Պլանկ սոցիալ-մարդա­բա­նա­կան հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներից։ 2020 թվականին արդեն հուշարձանի հետազոտություններն իրականացվում են անհատական հետա­զոտական փոքրիկ դրամաշնորհի, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և ՇՀՀԿ միջոցներով։

Археологические раскопки в Лернакерте, Ширак
© Photo : Lernakert Project
Պեղումներ Լեռնակերտում

Տարածքը դեռ նորանոր բացահայտումների կարիք ունի, այնպես որ արշավախումբը շարունակում է հազարամայակների պահած  գաղտնիքների վերհանումը:

Ըստ թեմայի

Ինչպես են 4000 տարի առաջ Հայաստանում ամրապնդել իշխանությունը. պեղումների արդյունքները
«Հայկական Սթոունհենջում» պեղումներ իրականացնելու համար նոր ծրագիր կմշակեն
Զինյալները Սիրիայի Էբլա հնագույն քաղաքի պեղումների տարածքից ոսկի են հափշտակել 
թեգերը:
Լեռնակերտ, հնագիտություն, պեղումներ, Շիրակի մարզ

Գլխավոր թեմաներ