14:21 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ерванд Захарян

ՀԷՑ–ի ազգայնացման հարցը հնարավոր է քննարկել միայն աուդիտից հետո. նախարար

Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
6 0 0

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վաղաժամ է համարում խոսել ՀԷՑ–ի ազգայնացման հնարավորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի– Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի ազգայնացման հարցը հնարավոր կլինի քննարկել միայն աուդիտից հետո, որը նշանակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

ՀԷՑ–ի գործունեության անկախ աուդիտի իրականացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։

«Դեռևս դժվար է ասել, թե որքան կտևի աուդիտը, սակայն ընկերության ազգայնացման հարցը հնարավոր կլինի քննարկել միայն աուդիտի արդյունքներն ամփոփելուց հետո», – ասաց Զախարյանը։

Ավելի վաղ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել էր, որ ՀԷՑ–ի աուդիտը կարող է տևել 3–6 ամիս։ Նա չի բացառել ընկերության ազգայնացման կամ վերավաճառքի հնարավորությունը, սակայն նշել է, որ պետությունը չպետք է կառավարի ՀԷՑ–ը, դրանով պետք է զբաղվի միջազգային հայտնի ընկերություն։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին որոշում է ընդունել օգոստոսի 1–ից 6,93 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի այս որոշումը դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում, ինչի արդյունքում «Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Հունիսի 22–ին նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման էր ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Ցուցարարներն արդեն 8–րդ օրն է` փակել են Բաղրամյան պողոտան։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է էլեկտրաէներգիայի տեղաբաշխումը Հայաստանի սպառողներին, այդ թվում` բնակչությանը։

Գլխավոր թեմաներ