ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20- Sputnik. Հայաստանում գործազրկության մակարդակը, 2015թ.–ի առաջին եռամսյակի տվյալներով, կազմել է 19,1 տոկոս` գրանցելով 1,3 տոկոս աճ` անցած տարվա հունվար–մարտի համեմատ։ Այս մասին նշված է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կայքում։
Ինչպես վկայում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալները, դա ամենաբարձր ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում։
Ընդհանուր առմամբ, ԵՏՄ–ում գործազրկության մակարդակը, որը հաշվարկված է Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ, 2015թ.–ի մարտին կազմել է միության բնակչության տնտեսական ակտիվության ցուցանիշի 6 տոկոսը։
Վերջին տվյալներով` Ռուսաստանում գործազրկության մակարդակը կազմել է 5,9 տոկոս, Ղազախստանում` 5 տոկոս, Բելառուսում` 0,9 տոկոս։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, հանրապետությունում գործազուրկների թիվը 2015թ.–ի առաջին եռամսյակին կազմել է 259,5 հազար մարդ (2014թ.–ի նույն շրջանի համեմատ 2,2 տոկոս աճ)։ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը հաշվետու շրջանում նվազել է 4,8 տոկոսով` մինչև 1 միլիոն 360,8 հազար մարդ։
Համեմատության համար հարկ է նշել, որ ԵՄ–ում ընթացիկ տարվա մարտին գործազրկությունը կազմել է 9,8 տոկոս, իսկ եվրագոտում` 11,3 տոկոս։ Հաշվետու շրջանում գործազրկության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայում` 4,7 տոկոս, ամենաբարձրը` Հունաստանում (25,7 տոկոս) և Իսպանիայում (23 տոկոս)։ Անցած տարվա համեմատ գործազրկության մակարդակը նվազել է Եվրամիության 22 երկրներում, իսկ հինգ երկրներում` աճել, Ավստրիայում պահպանվել է նույն մակարդակում։
ԱՄՆ–ում 2015թ.–ի մարտին գործազրկության մակարդակը կազմել է 5,5 տոկոս։
Վիճակագրական ծառայություն. Հայաստանում գործազրկությունը կազմում է 19,1%` ամենաբարձր ցուցանիշը ԵՏՄ–ում
© Sputnik / Максим Богодвид
/ Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ տնտեսապես ակտիվ բնակիչը գործազուրկ է։