10:16 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հրաչ Բերբերյան

Գյուղատնտեսության նախարարը պետք է պաշտպանի գյուղացու, ոչ թե հակակարկտային կայանների շահերը

© Sputnik/ Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
4013

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում խոսել է վերջին կարկտահարության հետևանքների և գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հորդառատ անձրևների և երկու օր առաջ տեղի ունեցած կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզում տուժել է շուրջ տասը գյուղ։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը վստահեցնում է, որ այս անգամ էլ հակակարտային կայաններն անարդյունավետ են գործել։

«Տասը տարուց ավել է պնդում ենք` հակակարկտային կայանները բանի պետք չեն։ Իսկ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները կանգնում ու ասում են, որ կարկուտն է շատ հզոր եղել։ Այս խեղկատակությանը հարկավոր է վերջ տալ։ Գյուղատնտեսության նախարարը պետք է պաշտպանի գյուղացու, ոչ թե հակակարկտային կայանների շահերը։ Շատ հետաքրքիր է, թե ում են արջի ծառայություն մատուցում»,–ասաց Հրաչ Բերբերյանը։

Ագրարագյուղացիական միավորման նախագահը, տեսնելով հակակարկտային կայանների անարդյունավետությունը, առաջարկում է կարկտահարությունից պաշտպանվելու համար ցանցային համակարգ ներդնել։ Իսկ դրա արդյունավետությունը, բանախոսի վստահեցմամբ, մոտ 70 տոկոս է։

«Կառավարությունը պետք է վարկային կոմպոնենտ ստեղծի, որ ցանցային համակարգ ներդրվի։ Սա 2-3 աստիճանով մեղմացնում է կարկտահարությունը»,–ասաց նա։

Բերբերյանը համոզված նշում է, որ Արմավիրի մարզի 10 գյուղում բերքը հարյուր տոկոսով վերացել է։ Այստեղից պարզ է դառնում, որ գյուղացիներն ի վիճակի չեն լինի վարկային պարտավորությունները կատարել։

«Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի գյուղացու վարկերը սառեցվեն, նրանք չեն կարող վարկերը փակել։ Նախորդ տարի ուղղակի գյուղացու վարկերի ժամկետը երկարացրեցին, գյուղացուն թաղեցին վարկերի տակ»,–ասաց Բերբերյանը։

Թե որքանով այս կարկտահարությունը պատճառ կհանդիսանա գյուղմթերքի թանկացման, Բերբերյանն ասաց` գյուղմթերքն արդեն իսկ թանկացել է, մինչ վերջին կարկտահարությունը։ Օրինակ` կարտոֆիլը Գեղարքունիքի և Շիրակի մարզերում նախորդ տարվա համեմատությամբ գրեթե կրկնակի թանկացել է։

Գլխավոր թեմաներ