15:58 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արտակ Մանուկյան

Տնտեսագետ. «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած դիմումը անհիմն է

© Sputnik/ Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
9130

Սպառողական ապրանքների գները բարձրացել են ընդամենը 1%–ով, իսկ «Վեոլիայի» էլեկտրաէներգիայի ծախսերը, հենց ընկերության հաղորդումների համաձայն, անգամ կրճատվել են։

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 10 – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված դիմումը ոչ մի կերպ չի արդարացնում «Վեոլիա ջուր» ընկերության պահանջը` Հայաստանում ջրի սակագինը բարձրացնելու վերաբերյալ,  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ  Արտակ Մանուկյանը։

Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը պաշտոնական դիմում էր ուղարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` նպատակ հետապնդելով բարձրացնել ջրի սակագինը, հայտնում է Հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«2016–ի դեկտեմբերին ընկերությունը էլեկտրականության վրա ավելի քիչ գումար է ծախսել, քան 2017–-ի փետրվարին։ Հանձնաժողովի կայքում ներկայացված տվյալներով` փետրվարին էլեկտրականության վրա ծախսվել է 183 մլն դրամ, իսկ դեկտեմբերին` 186 մլն», – ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով` ընկերության կողմից ներկայացված ցուցիչը` սպառողական գների բարձրացումն է, որը կազմում է 1%։

«Ներկայացված երկու փաստաթղթերը հիմք չեն հանդիսանում 8% բարձրացման համար», – նշել է Մանուկյանը։

Ընկերության ներկայացրած տվյալներից երևում է, որ այն չի գերազանցում 1%–ը, իսկ էլեկտրաէներգիայի ծախսի տվյալները, Մանուկյանի խոսքով, պետք է ազդեն ջրի սակագնի նվազման վրա։

Հանձնաժողովն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացրած դիմումը և սկսել է բանակցությունները։ Որոշումը կընդունվի առավելագույնը 90 օրում։

Նախկինում «Վեոլիա ջուր» ընկերությունը ջրով ապահովում էր միայն Երևանին, սակայն 2017 թվականի հունվարի 1–ից սպասարկում է ամբողջ Հայաստանին։ Ընդ որում, հունվարի 1–ից խմելու ջրի սակագինը բարձրացավ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Ամբողջ հանրապետության տարածքում ընդունվեց մեկ սակագին` 180 դրամ մեկ խորանարդ մետրի համար։

Գլխավոր թեմաներ