18:29 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
279430

Կառավարությունը հերթական փոփոխություններն է նախաձեռնել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում։ Դրանց թվում որոշում է կայացվել ՀՀ հարուստ քաղաքացիներին զրկել բնակարանի գնման դեպքում վերադարձվող եկամտահարկից։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին և այն ուղարկեց ԱԺ։ Դրանով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է փոփոխություններ կատարել նաև բնակարանի գնման պարագայում եկամտահարկի վերադարձի գործող կարգում։

Կառավարության նիստի ավարտին ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ձեռնարկված փոփոխություններից։

Նախարարի խոսքով` եթե նախկինում եկամտահարկի վերադարձի իրավունքից օգտվում էին կառուցապատողից բնակարան ձեռք բերող բոլոր քաղաքացիները` անկախ սոցիալական վիճակից, ապա փոփոխություններից հետո օրենքի այդ դրույթը կտարածվի միայն ցածր ու միջին խավի ներկայացուցիչների վրա։

Իսկ թե ինչպես է որոշվելու գնորդի սոցիալական այս կամ այն խավին պատկանելիությունը, Արամյանը նշեց, որ գնահատականը տրվելու է ձեռք բերվող բնակարանի գնով։

Այսպես, եթե գնված բնակարանի արժեքը գերազանցի 55 մլն դրամը (շուրջ 113 000 դոլար), ապա քաղաքացին կհամարվի ունևոր խավի ներկայացուցիչ և կզրկվի եկամտահարկի վերադարձից։

Վարդան Արամյանը նաև հիշեցրեց, որ նախկինում այս նորմը կառավարությունն ընդունել էր առանց որևէ սահմանափակման` կառուցապատողներին օժանդակելու և շինարարության ոլորտն աշխուժացնելու նպատակով, ապա այժմ կարիք է զգացվել հստակություն մտցնելու, քանի որ պարզվել է, որ դրանից օգտվում են մարդիկ, ովքեր ֆինանսական խնդիր չունեն։

«Եղել են դեպքեր, երբ մարդը ձեռք է բերել երկրորդ կամ երրորդ բնակարանն ու օգտվել է այս իրավունքից»,– ասաց Արամյանը` նշելով, որ չարաշահումները բացառելու համար որոշվել է եկամտահարկի վերադարձի իրավունքից զրկել նաև բնակարան ունեցող վարկառուներին կամ համավարկառուներին։

Օրենքի ընդունումից հետո այդ իրավունքը կտարածվի միայն բնակարան չունեցողների վրա։

Վարդան Արամյանը նշեց, որ նոր հարկային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ–ի հունվարի 1-ից և հետադարձ ուժ չի ունենա։

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր արդեն օգտվում են այդ իրավունքից, անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, կշարունակեն օգտվել դրանից։

Նշենք, որ այս տարվա ընթացքում եկամտահարկից որպես հիփոթեքային վարկի տոկոսադրույքի աջակցություն ՀՀ վարկառուներին պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 220 միլիոն դրամ։

Գլխավոր թեմաներ