23:13 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.23
  • GBP633.52
  • EUR570.68
  • RUB6.59
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
6610

Գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ 2018 թվականին հայկական արտադրանքի արտահանման ծավալները կաճեն։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայկական արտադրանքի արտահանումը բազմաթիվ արտաքին գործոններից է կախված, որոնցից հիմնականը ճանապարհային պայմաններն են և ռուսական ռուբլու կայունությունը, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։

«Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը 2017 թվականին կազմել է 119 հազար 220 տոննա, որի մեծ մասը մատակարարվել է Հայաստանի համար ավանդական դարձած ռուսական շուկա։ Եթե այդ միտումը շարունակվի, 2018 թվականին մենք արտահանման աճ ենք կանխատեսում», — ասաց Մակարյանը։

Նրա խոսքով` նախարարությունն արդեն փորձնական մի քանի ծրագիր է մշակել, որոնց գործարկումը կնպաստի տարբեր երկրների հայկական արտադրանքի արտահանմանը. պահեստավորման կենտրոններ, արդիականացած սառնարանների օգնությամբ մթերքների պահպանման ժամկետների ավելացում և այլն։

Երկրագործական աշխատանքները գյուղացիների համար հեշտացնելու նպատակով մի քանի տարիների ընթացքում իշխանությունները ծրագրում են թարմացնել գյուղատնտեսական տեխնիկան ու սարքավորումները։ Գարնանից սկսած` կառավարության ծրագիր է գործում, որի համաձայն` տեխնիկա ձեռք բերելու համար նախատեսված վարկի տարեկան 9%-ից 7%-ը կսուբսիդավորի պետությունը, 2%-ը` գյուղացիական ընկերությունները և այլն։

«Հայաստանում այս տարի 157 միավոր տեխնիկա է նորացվել, որոնցից 67-ը տրակտորներ են, 2-ը` կոմբայն, 88-ը` գյուղատնտեսական տեխնիկա։ Գյուղացիները տեխնիկան գնում են հիմնականում Բելառուսից, քանի որ և՛ էժան է, և՛ ավելի ծանոթ»,- ասաց Մակարյանը։

Ավելի վաղ «Ռոստսելմաշ» ընկերությունների խումբը հայտնել է, որ երկրի ագրոպարկի արդիականացման համար մի քանի հարյուր միավոր տեխնիկա կմատակարարի Հայաստան։

Անցնող տարին դրական է գնահատել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով` ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց, ինչպես նաև Հայաստանի Հարկային օրենսգիրքը թարմացնելուց հետո գործարարները կտեսնեն, որ իրենց գրեթե բոլոր առաջարկները հաշվի են առնվել։

Ինչպես նշել էր պետության ղեկավարը, 2017 թվականի առաջին 11 ամսվա ընթացքում արտահանումը մինչև աննախադեպ 2 մլրդ դոլար աճ է գրանցել` Հայաստանի ՀՆԱ-ի 20%-ը։

Գլխավոր թեմաներ