01:59 24 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45
ՀԷԿ

Ո՞ւր են անհետացել միլիոնների արժողությամբ ջրաչափերը. ինչու են պատասխան պահանջում ՀԷԿ-երից

© Sputnik / Vladimir Popov
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
81440

«Հայաստանի վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է փոքր ՀԷԿ-երի իրական վիճակին ու որոշ բացահայտումներ արել ոլորտում տիրող վիճակի մասին:

Նելլի Դանիելյան, Sputnik.

ՀԷԿ–երի մասին Նիկոլ Փաշինյանի տեղեկատվությունն ամբողջական չէ, և այն, որ ՀԷԿ–երը ջրաչափեր չեն տեղադրել, մեծ հաշվով խաբկանք է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատարի ԱԺ–ում արված հայտարարությունը, ասաց «Հայաստանի վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը։

«Կա ջրային օրենսգիրք, որտեղ գրված է, որ ջրաչափը պետք է տեղադրվի, բայց ով է այդ տեղադրողը, այնտեղ հստակ չի սահմանվում։ Տրամադրվում են ջրօգտագործման թույլտվություններ, որոնց մասին բնապահպանության նախարարությունն ի լուր հանրության ներկայացնում է։ Այնտեղ նշված է` ջրառի կետերը պետք է ապահովվեն ջրաչափական դիտակետերով, բայց չի նշված, թե կոնկրետ ինչով` ջրաչափով, թե, ասենք, ձողաքանոնով» ,– ասաց Մելիքյանը։

Ամբողջ մեղքը ՀԷԿ–երի, ու հատկապես փոքր ՀԷԿ–երի վրա բարդելով ու խնդիրը նման կերպ երկրի ղեկավարին ներկայացնելով` մեր զրուցակցի համոզմամբ, պատկան կառույցները փորձում են քողարկել հայաստանյան ջրային համակարգում առկա թերություններն ու իրենց աշխատանքի  թերացումները։

«2002թ.–ին ոռոգման համակարգում պետբյուջեից դուրս են գրվել գումարներ` 2500 միավոր ջրաչափ ձեռք բերելու ու տեղադրելու համար։ Որքանով ինձ հասանելի է տեղեկատվությունը, այդ ջրաչափերն անհետացել են։ Բայց որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել։ Որտե՞ղ են այդ ջրաչափերն ու ինչո՞ւ են միայն փոքր ՀԷԿ–երը պարտավորվում ներկայացնել ջրաչափեր»,- ասում է Մելիքյանը:

Роман Меликян
© Sputnik / Asatur Yesayants.
Ռոման Մելիքյան

Խոսքը դոնոր կազմակերպությունների միջոցով ջրաչափեր ձեռք բերելու ծրագրի մասին է: 2017թ.-ի ապրիլին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կոմիտե այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել էր, որ ոռոգման համակարգերում և Սևանա լճից դուրս եկող ջրագծերի վրա արդեն իսկ տեղադրվել են հանգուցային ջրաչափեր, սակայն լիարժեք հաշվառում իրականացնելու համար հանրապետությունում անհրաժեշտ է ներդնել ևս 2100 ջրաչափ:

Ծրագրի արժեքը գնահատվել էր 2-3 մլն դոլար: «Հայաստանի վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ–ի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը, սակայն, վստահեցնում է` ջրային ոլորտի նախկին պաշտոնյայի հայտարարած ջրաչափերն իրականում գոյություն չունեն:

Ռոման Մելիքյանի խոսքով` հայաստանյան գետերի ջրի իրական ծավալներն այսօր որևէ կերպ հաշվարկված չեն, բայց պատկան կառույցները սահմանում են ՀԷԿ-երի համար էկոթողքեր, առանց լուրջ հիմնավորման ավելացնում են էկոթողքի ծավալներն ու ՀԷԿ-երին էլ պարտադրում ջրաչափեր տեղադրել:

«Որևէ մեկը դեմ չէ ջրաչափ տեղադրելուն, պարզապես այդ ջրաչափերը չափազանց թանկ հաճույք են, մեկ ուլտրաձայնային հոսքաչափը մոտավորապես 1-1.2 մլն դրամ է: Եվ սա միայն մեկ սարքավորման գինն է»,- ասաց Մելիքյանը` նշելով, որ այսօր Հայաստանում 184 ՓՀԷԿ է գործում, ևս 2-ն այս տարի ինչ-ինչ խնդիրների հետևանքով դադարեցրել են գործունեությունը:

Մյուսները ևս, Ռոման Մելիքյանի խոսքով, այսօր ֆինանսական լուրջ դժվարությունների ու փակման վտանգի առաջ են: Դրանց մեծ մասն ունեն նաև բանկային, վարկային պարտավորություններ, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում նրանց աշխատանքում: Իսկ կառավարությունը փոքր ՀԷԿ-երին 15 օր ժամանակ է տվել ջրաչափեր տեղադրելու համար:

«Հայաստանի վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ–ի գործադիր տնօրենի այս մտահոգությունները բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը չի կիսում: «Յուրաքանչյուր քաղաքացի ու յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ասել ինչ ուզում է, բայց մենք շարժվում ենք օրենսդրության շրջանակներում։ ՀԷԿ–երն ունեն իրավունքներ, ունեն պարտականություններ, որոնց շրջանակում իրենց գործը պետք է անեն»,– Ռոման Մելիքյանի ներկայացրած մտահոգություններին Էրիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես պատասխանեց:

Թե հայաստանյան շուրջ 200 ՀԷԿ-երից այս ընթացքում քանիսն են ջրաչափեր տեղադրել, նախարարի պաշտոնակատարը տեղեկություն չունի:

Հիշեցնենք` նոյեմբերի 1-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում խախտումներ են հայտնաբերվել: 152 ՀԷԿ-եր նախազգուշացվել էին ջրաչափեր դնելու օրենսդրական պահանջի չկատարման դեպքում սպասվող իրավական գործընթացների մասին:

Փփոքր ՀԷԿ-երն ապահովում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը: Դրանց արտադրած էլեկտրաէներգիայի արժեքը շուրջ 30 դրամ է:

2017 փետրվարի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում սահմանված է` ցերեկային ժամերին` 44.98 դրամ (1 կՎտ/ժ), գիշերային ժամերին` 34.98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ համապատասխանաբար 40 և 30 դրամ:

Ըստ թեմայի

Փոքր ՀԷԿ-երը, Ամուլսարը, Սևանից ջրառն ու անտառահատումները. բնապահպանական մտահոգություններ
Ո՞ւմ են էլեկտրաէներգիա մատակարարելու Արաքսի վրա կառուցվելիք ՀԷԿ-երը
Բնապահպանության նախարարը խոսեց ՀԷԿ–երում գրանցված խախտումների մասին
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ