16:52 22 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP593.70
  • EUR534.18
  • RUB7.56
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

ԵԱՏՄ միասնական էներգաշուկա․ արդյո՞ք գործընկերները ականջալուր կլինեն Փաշինյանի կոչերին

© Photo / official site of the Prime minister of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
350 0 0

Մոսկվայում ելույթի ժամանակ Փաշինյանը էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումն անվանեց Հայաստանի գերակա ուղղություններից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Եվրասիական տնտեսական միության անդամները առանձնապես հույսեր  չեն կապում էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծման նախագծի վերաբերյալ: Դրա մասին է վկայում թեկուզ միայն այն, որ ի սկզբանե ենթադրվում էր էլեկտրաէներգիայի միասնական շուկա ձևավորել, իսկ հետո «միասնական» բառը փոխարինվեց «ընդհանուրով»։

Դա նշանակում է, որ միության անդամները մտադիր են գնալ իրենց էներգահամակարգերի ինտեգրացիայի ճանապարհով, սակայն պահպանելով ազգային շուկաների առանձնահատկությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ  Վահե Դավթյանը։

Ավելի վաղ Մոսկվայում ԵԱՏՄ նախագահությանը Հայաստանին անցնելու կապակցությամբ ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը Երևանի գերակա ուղղություններից է։ Նրա խոսքով՝ պետք է ակտիվացնել ջանքերը կապված ԵԱՏՄ շուկայի շրջանակում համաձայնեցված էներգետիկ քաղաքականութան  մշակման հետ, նաև էներգառեսուրսների ոլորտում գնագոյացման հետ կապված խտրականության վերաբերյալ։

Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ երկրների նախագահներն արդեն հաստատել են էլեկտրաէներգիայի, նավթի/նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների հայեցակարգերը։ Նախատեսվում է միասնական էներգետիկ շուկաներ ստեղծել մինչ 2025 թվականը։

Դավթյանի կարծիքով՝ հիմնարար խնդիրն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրներում էլեկտրաէներգիայի ներմուծման պահանջարկը շատ ցածր է։

Այսօր միայն Բելառուսում որոշ պակասուրդ կա, այն էլ շուտով կվերանա Բելառուսական Ատոմակայանի մեկնարկի հետ կապված։ Ղազախստանում էլեկտրաէներգետիկ ոլորտը արագ տեմպերով զարգանում է, առաջիկա տարիներին Աստանայում նախատեսվում է ինքնաապահովման նոր մակարդակի դուրս գալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ ապա այստեղ գեներացիան տասնյակ անգամներ ավելի շատ է, քան Միության այլ երկրներում։ Միաժամանակ Հայաստանում ու Ղրղզըստանում հզորությունների ավելցուկ կա։ Այդ խնդիրը հատկապես ակնհայտ է Հայաստանում, որը արտահանման հնարավորությունների սահմանափակության պատճառով ավելցուկի պայմաններում ի վիճակի չէ ապահովել իր էներգահամակարգի արդյունավետությունը։

«Միաժամանակ ընդհանուր շուկայի ձևավորման խնդիրը հանգում է գազի ընդհանուր շուկայի խնդրին։ Առանց դրա էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան պարզապես չի կարող կայանալ, քանի որ էլեկտրաէներգիայի գեներացիան ԵԱՏՄ-ում իրականացվում է մեծ մասամբ բնական գազով աշխատող ջերմաէլեկտրակայանների վրա», - ավելացրեց նա։

Միության անդամ երկրներից միայն Ռուսաստանն ու Ղազախստանն են գազ արդյունահանում, հետևաբար դրանից ստացված էլեկտրաէներգիայի ինքնարժեքը զգալիորեն ավելի ցածր է, քան Բելառուսում, որտեղ գեներացիայի ավելի քան 90%-ն իրականացվում է Ռուսաստանից ներկրված գազի հաշվին։

Նույնը վերաբերում է Հայաստանին, որտեղ ՋԷԿ-երն արտադրում են էլեկտրաէներգիայի ավելի քան  40%-ը։ Դրանից ելնելով՝  և՛ բելառուսական, և՛ հայկական գեներացիան անմրցունակ կլինեն։

Հենց այդ պատճառով Մինսկը կոչ է անում սկզբում գազի միասնական շուկա մեկնարկել, հետո նոր անցնել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկային։ Դրա հետ համամիտ են նաև էլեկտրաէներգիայի արտադրությունով զբաղվող ուսական ընկերությունները։ Դրանցից շատերը հայտարարում են, որ չեն ցանկանում աշխատել նոր մոդելի շրջանակում։ Միաժամանակ ԵԱՏՄ-ում ազգային շուկաները վերազգային կանոններին ներդաշնակեցնելու վերաբերյալ կոնսենսուս չկա։

«Ռուսաստանում բարեփոխումներն արդեն իրականացվել են, թեև բիզնեսի ներկայացուցիչներն ու պրոֆեսիոնալ էներգետիկները անդադար խոսում են դրա հետևանքով ռուսական էլեկտրաէներգետիակայում ստեղծված ճգնաժամի մասին․ հաճախակի են դարձել վթարներն ու խափանումները, սակագնային քաղաքականության մեջ խնդիրներ կան և այլն։ Ղազախստանում ընտրողական, մեծ մասամբ ձևական լիբերալիզացիայի գործընթաց է սկսվել։ Հայաստանում նույնպես լիբերալիզացիայի գործընթաց է սկսվել, սակայն այն առնչվում է մեծ մասամբ էներգահամակարգում առկա հսկայական վարկային բեռի հետ կապված խնդիրներին», - ասում է մեր զրուցակիցը։

Չլուծելով այդ խնդիրն ու նման ժառանգությամբ անցնելով լիբերալ մոդելին՝ Հայաստանը կարող է հայտնվել պերմանենտ էներգետիկ ճգնաժամի վիճակում։ Ղրղըզստանում էլ է լիբերալիզացիան ձևական բնույթ կրում․ ակտիվները բաժանել են, սակայն դրանք շարունակում են պետության ձեռքերում մնալ։ Ինչ վերաբերում է Բելառուսին՝ այստեղ իշխանությունը չի շտապում բարեփոխումներ անել։ Կարելի է ենթադրել, որ նման դանդաղաշարժությունը կապված է Բելառուսական ատոմակայանի մեկնարկի հետ, որը պետք է զգալիորեն փոխի բելառուսական էլեկտրաէներգետիկայի կառուցվածք։

Փորձագետը կոչ է անում չանտեսել ԵԱՏՄ էներգետիկ ինտեգրման այլ սեկտրոներում առկա խնդիրները՝ Ռուսաստանի «հարկային մանևրը», ռուսական գազի տարհանման՝ Մինսկի սակագնի բարձրացումը, երկաթուղային ճանապարհով ռուսական գազը Ղազախստան տեղափոխելու արգելքը։

Այս ամենն այս կամ այն ձևով ազդելու են էլեկտրաէներգետիկ ոլորտում երկրների երկխոսության վրա։

Ըստ թեմայի

Հայաստանը ջանք չի խնայի ԵԱՏՄ–ն զարգացնելու համար. Փաշինյան
Տեսակամուրջ՝ նվիրված ԵԱՏՄ 5-ամյակին
Ծխախոտային ճգնաժամ. ո՞ւմ է շահավետ գնային խառնաշփոթը ակցիզային հարկի բարձրացման պատճառով
Հայաստանին տնտեսական բեկում է պետք. Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews–ին
թեգերը:
Հայաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ