15:56 16 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.40
  • GBP605.13
  • EUR539.06
  • RUB7.43
Բողոքի ակցիա. արխիվային լուսանկար

Ինչ է լինելու. գրավատների և գազավորված ըմպելիք արտադրողների ճակատագիրը դեռ անորոշ է

© Sputnik / Aram Nersesyan ,
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Բողոքողները հիշեցնում են` կառավարությունն ասում էր, թե հարստացեք ու հարստացրեք պետությունը, և եթե հիմա իրենք չեն հարստանում, ինչպե՞ս են պետությունը հարստացնելու։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Գրավատների և փոխանակման կետերի տարեկան վճարվող պետական տուրքի 60 անգամով ավելացման հիմքում տնտեսական որևէ հիմնավորում չկա։ Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս, «Լոմբարտ սթրիթ» ՍՊԸ  տնօրեն Մխիթար Ասլանյանը։ Նրա խոսքով` չկա որևէ վերլուծություն, թե ինչի հիման վրա են որոշել նման չափով բարձրացում կատարել։

«Մենք ուղղակի կարող ենք որոշակի ենթադրություն կատարել պատկան մարմինների հայտարարությունների հիման վրա։ Ֆինանսների փոխնախարարներից մեկը հայտարարել էր, թե քանի որ հարկային բարեփոխումներ են իրականացնում և շահութահարկը նվազեցվում է, ֆինանսական ոլորտն այդ բարեփոխումների արդյունքում 6-6.5 մլրդ դրամով օգտվելու է։ Եվ որոշել են պակաս վճարվող գումարը հետ բերել այլ ճանապարհներով` անուղղակի հարկերի միջոցով»,–ասաց Ասլանյանը։

Ըստ նրա` բանկերը, որոնց միջին շահույթը տարեկան կազմում է մի քանի մլրդ դրամ, շահութահարկի նվազեցման արդյունքում կշահեն 100 մլն դրամով և ավելի։ Մյուս կողմից, Ասլանյանի խոսքով, տարեկան վճարվող պետտուրքի բարձրացման արդյունքում բանկերն ընդամենը 4 մլն դրամ են ավել վճարելու, իսկ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը բարձրանում է 60 անգամով։ «Ստացվում է` այս փոփոխություններից բանկերն են օգտվում ու զգալիորեն են։ Եվ սա այն դեպքում, երբ գրավատների տարեկան միջին շահույթը կազմում է 13 մլն դրամ, հարկային բարեփոխման արդյունքում օգտվելու են ընդամենը 260 000 դրամով, բայց դրա դիմաց պետք է վճարեն 5 մլն 900 000 դրամ, ինչը լուրջ բեռ է»,–ասաց Ասլանյանը։

Նրա հավաստմամբ` այս փոփոխությունների արդյունքում որոշ տնտեսվարողներ շուկայից ուղղակի դուրս են գալու ու շուկայում ի հայտ են գալու գերիշխողներ։ «Վերջին ժամանակաշրջանում, քանի որ չկային արտոնյալներ, մրցակցության շնորհիվ գրավատների առաջարկած ծառայությունների տոկոսադրույքները նվազել էին։ Սրա արդյունքում շահում էր միայն քաղաքացին։ Իսկ եթե այսօր մենք հակառակն ենք անում, հակառակ գործընթացին ենք ականատես լինելու` տոկոսադրույքների բարձրացում է լինելու»,–հայտնեց Ասլանյանը։

Անդրադառնալով գրավատների` գերշահույթ հետապնդել-չհետապնդելու թեմային` Ասլանյանը նշեց, որ գրավատները չէին կարող գերշահույթ ունենալ, քանի որ ազատ էր շուկան։ Բացի այդ, ըստ նրա, գրավատները բարձր ռիսկային դաշտում են աշխատում և իրենց ստացած եկամուտը ոչ մի կերպ չի փոխհատուցում այն ռիսկերը, որոնք կան այդ ոլորտում։ Ասլանյանը հավելեց նաև, որ Կենտրոնական բանկի կողմից շատ լուրջ վերահսկվում են բոլոր գրավատները։ Նա նշեց, որ գրավատների ներկայացուցիչները պատրաստ են պայքարելու` աշխատանքը չկորցնելու համար։

Ի դեպ, Կենտրոնական բանկը հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տրամադրել թեմայի առնչությամբ։

«Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանի խոսքով էլ, երբ Հարկային օրենսգրքում ակցիզային հարկն ավելացնելու մասին էր խոսք գնում, ի սկզբանե դրա համար հիմք էր հանդիսանում այն, որ եթե 100 գրամ ըմպելիքի մեջ 5 տոկոս և ավելի շաքար է առկա, ապա այն համարվում է վնասակար։ Ընթացքում, սակայն, ըստ Հովսեփյանի, այդ ցանկից դուրս մնացին, նեկտարները և հյութերը, մնացին միայն գազավորված ըմպելիքները։ «Սակայն որոշ ժամանակ անց նախագծից դուրս մնաց նաև «շաքար» բառը, այսինքն` օրենքը սկսեցին շաքարի վնասակարության աստիճանը պատճառ բերելով, բայց ֆինանսների նախարարության թեթև ձեռքով առողջապահական բաղադրիչը դուրս եկավ։ Ստացվում է այսպես` բյուջեում ճեղք կա, որն ուզում են լցնել մեր ու սպառողի հաշվին»,–ասաց Հովսեփյանը։

Ֆինանսների նախարարությունը, ըստ նրա, շատ վատ հաշվարկ է կատարել, քանի որ ակցիզային հարկի կիրառմամբ ոչ թե բյուջեի մուտքերը կավելանան, այլ կպակասեն։ Հովսեփյանը նշում է, որ եթե ակցիզային հարկի փոփոխման փաթեթը կյանքի կոչվի, ապա, դրա կիրառման պարագայում, ընկերությունների շրջանառությունը միանշանակ կնվազի ու, ըստ այդմ, ԱԱՀ–ն, հոսանքի վարձավճարը, շահութահարկը և այլ ծախսեր ավելի քիչ կվճարվեն։ «Այսինքն` ընդհանուր շղթան մեծ վնաս է կրելու։ Կարծում եմ` երկրի տնտեսությունը զարգացնելու համար առաջնահերթը ոչ թե հարկերն ավելացնելն է, այլ դրանք նվազեցնելը, սակայն մենք լրիվ հակառակ ուղղությամբ ենք գնում։ Ես հասկացել եմ, որ այս ամենն արվում է, որպեսզի շուկան գնա մոնոպոլիզացման»,–ասաց Հովսեփյանը։

Նա նշեց նաև, որ կառավարությունն ասում էր, թե հարստացեք ու հարստացրեք պետությունը, և եթե հիմա իրենք չեն հարստանում, ինչպե՞ս են պետությունը հարստացնելու։ Հովսեփյանը հույս հայտնեց, որ օրինագիծը կհանեն շրջանառությունից։ «Մենք դեռ 1-2 օր կսպասենք, քանի որ ֆինանսների նախարարություն առարկություններ ենք ներկայացրել ու սպասում ենք պատասխանի, սակայն եթե մինչև վաղը պատասխանը չստանանք, երկուշաբթի կվերսկսենք բողոքի ակցիաները»,–ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության մամուլի բաժնից մեզ հայտնել էին, որ «Հայ կոլա» ընկերության տնօրենին տեղեկացվել է, որ հարցը քննարկվելու է այլ գերատեսչությունների հետ։ «Այն քննարկվում է տնտեսական զարգացման, էկոնոմիկայի, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության տեսչության հետ։ Մանրամասների մասին նրանք լրացուցիչ կտեղեկացնենք»,–մեզ հետ զրույցում ասացին նախարարությունից։

Նշենք, որ Հարկային օրենսգրքի նոր փաթեթով նախատեսվում է 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը, 2020 թ. հունվարի 1-ից ակցիզային հարկով (1 լիտրի համար՝ 30 դրամ) հարկել նաև գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի):

Բացի այդ`  կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով էլ պատրաստվում է 60 անգամ ավելացնել տարեկան վճարվող պետական տուրքը գրավատների և փոխանակման կետերի համար։ Այսինքն` նախագիծը կյանքի կոչվելու դեպքում գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 000 դրամի փոխարեն 3 մլն դրամ պետտուրք։ Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը (ԿԲ) ու նաև սահմանել, որ բանկերի 3 մլն պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։

Ըստ թեմայի

Հիմա էլ «Հայկո ջան, կարգին չի՞». ինչպես թե ո՞ւր է քաղաքապետը… «Ֆեյսբուքում» է
Քաղաքապետարանն ուզում է քանդել Օպերայի մոտ գտնվող սրճարանները. «դըմփ–դըմփ–հու» է լինելո՞ւ
Դըմփ–դըմփ–հու. գազավորված ըմպելիքի արտադրողները բողոքի ակցիա անցկացրին կառավարության առջև
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ