11:15 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Թակվոր Օվակիմիան

Հունաստանում հաստատված հայ գործարարը հայկական շուկայում գործընկեր է փնտրում

© Sputnik / Aram Nersesyan ,
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
23720

Հունական Միրգարտադրողների միության նախագահ հայ գործարարը շատ է ուզում հայկական ընկերություններից մեկի հետ համագործակցել` նրանից մթերք գնել, նաև իր արտադրանքը Հայաստանում վաճառել։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Մենք չենք ուզում գրավել աշխարհը` փոխարենը նախընտրում ենք դանդաղ, բայց հաստատակամ քայլերով առաջ գնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հունաստանում 1930–ին հիմնադրված հայկական ընկերություններից մեկի` «Օվակիմիանի» տնօրեն Թակվոր Օվակիմիանը։ Ընկերությունը զբաղվում է սալորի, ծիրանի, թզի չրերի, ինչպես նաև նուշի, կաղինի, ընկույզիև այլ մթերքների վաճառքով։

Օվակիմիանն այս օրերին Հայաստանում էր` հայ–հունական բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով։ Հայ գործարարն առաջին անգամ չէ Հայաստանում. 1988–ի երկրաշարժից հետո, երբ Հայաստանն օգնության կարիք է ունեցել, Օվակիմիանն այցելել է Հայաստան։

Թակվոր Օվակիմիանի ծնողներն 1922–ին են Իզմիրից Հունաստան եկել։ Գաղթելուց հետո` հայ ընտանիքը որոշ ժամանակ փորձել է հարմարվել ու ծանոթանալ տեղի կյանքին ու միջավայրին, իսկ 1930–ին արդեն զբաղվել սիսեռի (լեբլեբի) վաճառքով։ «Պապիկս Իզմիրի շրջանում նման գործով էր զբաղվում, և հայրս որոշել է, որ Հունաստանում էլ կարող է սիսեռի վաճառքից սկսել։ Այդ տարիներին սիսեռը և՛ մատչելի էր, և՛ մեծ պահանջարկ ուներ։ Հետո արդեն, երբ 50 տարի առաջ ես անցա գործի, կամաց–կամաց ընդլայնեցի մեր արտադրանքը։ Սկզբնական շրջանում մի փոքրիկ խանութ ունեինք, որտեղ էլ մեր արտադրանքը վաճառում էինք, իսկ հիմա 30 տարուց ավել է` մեր սեփական արտադրամասն ունենք»,–ասում է Օվակիմիանը։

Ընկերության  արտադրանքն արտահանվում է ինչպես ԱՄՆ, այնպես էլ եվրոպական երկրներ, իսկ Թակվոր Օվակիմիանն արդեն 21 տարի է` հունական Միրգարտադրողների միության նախագահն է։ Հայ գործարարն իր ընկերության միջոցով ուզում է փոխել մարդկանց մեջ արմատացած այն կարծիքը, թե վաճառականը խարդախ է և դրա միջոցով էլ հարստանում է։ Օվակիմիանը նշում է, որ իրենք փորձում են հակառակն ապացուցել`  վաճառականը պետք է անկեղծ ու մաքուր լինի։ Հենց սա էլ ուզում է որպես նշանաբան փոխանցել հաջորդ սերունդներին։

«Ինչպես ես եմ շարունակել հորս գործը, այնպես էլ հիմա աղջիկս է փորձում գործի մեջ մտնել։ Ավելին` հույս ունեմ, որ թոռներս էլ են շարունակելու մեր ընտանեկան բիզնեսն, ու մեր ընկերությունը ոչ թե 90, այլ 190 տարեկան է լինելու»,–ասում է Օվակիմիանը։

Армяно-греческий бизнес форум (19 марта 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Հայ–հունական բիզնես ֆորում

Ի դեպ, ընկերությունը 25 աշխատակից ունի, որոնցից 7–ը հայ են։

Կայացած գործարարը շատ է ուզում հայ ընկերություններից մեկի հետ համագործակցել` նրանից ինչպես մթերք գնել, այնպես էլ, հնարավորության դեպքում, իր արտադրանքը Հայաստանում վաճառել։ Նրա խոսքով` դրա համար պետք է գտնվի մի ընկերություն, որը վստահություն կներշնչի իրեն։ Օվակիմիանը վստահեցնում է` հունական շուկայում հայ գործարարները լավ անուն ունեն, քանի որ չեն խաբում։

Խոսելով Հայաստանի շուկայի մասին` հայ գործարարը զարմանքով նշում է, որ այստեղ բախվել է հակադրության.«Հայաստանի շուկան լավն է, ճոխ շուկա է` կարծես Փարիզի շուկան լինի, սակայն հայերի կենսամակարդակը համապատասխան չէ շուկայի առատությանն ու գներին»։

Օվակիմիանի գերազանց հայերեն խոսելն ընտանիքից է գալիս. ինչպես իր ծնողներն են տանը միշտ իրենց հետ հայերեն խոսել, այնպես էլ ինքն է իր երեխաների հետ միայն հայերեն խոսում։ Մյուս կողմից, ըստ նրա, վերջին տարիներին տարօրինակ միտում է տեսնում` Հունաստանի հայ ընտանիքներն իրենց երեխաներին ոչ թե հայկական, այլ հունական դպրոց են ուղարկում։ Օվակիմիանն, ի դեպ, Աթենքի հայկական  վարժարանների ուսումնական խորհրդի հանձնախմբի անդամ է, և վստահեցնում է, որ հայկական դպրոցներում էլ, հայերեն լեզվին զուգահեռ, նույն հունարեն դպրոցների ծրագիրն են դասավանդում։ «Դրսում հայախոս ընտանիքիների թիվը նվազում է. ինչպես Արամ Ա կաթողիկոսն էր ասում` Սփյուռքը մաշվում է, Հայաստանը` դատարկվում։ Հայերի հավաքներ են լինում, որ միայն հունարեն են խոսում »,–ասում է Օվակիմիանը։

Չնայած այդ հանգամանքին` հայ գործարարը վստահեցնում է, որ Հունաստանում բաց ճակատով կարող ենք ասել, որ հայ ենք, քանի որ տեղի հայերն ամեն ինչ անում են, որպեսզի մեր մասին լավ կարծիք ձևավորվի։

Ըստ թեմայի

Հունական ափը սարսափ ֆիլմի է վերածվել, և սա կատակ չէ. տեսանյութ
Հայ-հունական ռազմական համագործակցությունը կխորանա. հանդիպել են պաշտպանության նախարարները
Հունական «համով», հայկական ոգով. ինչպես վանաձորցի ընտանիքը հրուշակարան բացեց
թեգերը:
Աշխարհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ