21:30 24 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
ՀՀ ԱԺ

Ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը պաշտպանող օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

© Sputnik / Asatur Yesayants.
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
11701

Իրականացվող փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը։

ԵՐԵՎԱՆ, 12 Ապրիլ — Sputnik. Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, նախագծերը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացնելիս, տեղեկացրեց, որ իրականացվող փոփոխություններով կառավարությունը նպատակ ունի պաշտպանել Հայաստանում ցեմենտ արտադրողների շուկայական դիրքերը։

Նախարարի խոսքով`իրանական ցեմենտի ցածր գինը ճնշող ազդեցություն է թողնում շուկայի վրա, քանի որ պատրաստի ցեմենտը սահմանին վաճառվում է 17-18 ԱՄՆ դոլար։

Կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։

«Տուրքի չափը պետք է լինի 22 հազար դրամ, որպեսզի նրանք հավասար գներով հայտնվեն շուկայում։ Այսինքն՝ մեր կողմից առաջարկվող սկզբունքը այն է, որ սահմանվող պետական տուրքի չափը լինի ոչ թե այնպիսին, որ բացառի իրանական ցեմենտի վաճառքը շուկայում, այլ այն շարունակի գոյություն ունենալ ու իր գոյությամբ թելադրի մրցակցային պայմաններ, որպեսզի տեղական արտադրողը նույնպես հակված լինի շարունակել ինքնարժեքի իջեցումը և իր դիրքերը շուկայում պահպանելու համար՝ մտածի տեխնոլոգիաների վերազինման մասին», - նշեց նախարարը։

Կառավարության ներկայացուցիչը նաև ասաց, որ տեղական արտադրողը վստահեցրել է, որ առաջիկայում ինքնարժեքի իջեցման հնարավորություն կա՝ այս տարվա ընթացքում 6-7 հազար դրամով։

Մյուս կողմից, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, որ նույն սկզբունքով կարելի է բոլոր ներմուծվող ապրանքների վրա պետական տուրք սահմանել, ինչը ընդունելի չէ։

«Իհարկե, հասկանալի է, որ տեղական արտադրանքը պետք է պաշտպանել, բայց նաև պետք է հասկանալ, թե հետո ինչ է լինելու, որքանով ենք նպաստելու այդ ճյուղի զարգացմանը։ Ես առաջարկել եմ պետական տուրքը սահմանել որոշակի ժամկետով՝ 1 տարի։ Մեկ տարուց հետո մենք կհավաքվենք ու կքննարկենք, թե շուկայում ինչ զարգացումներ են կատարվել», - ասաց Թունյանը։

Օրենսդրական նախաձեռնությունը ԲՀԿ-ական պատգամավորների սրտով էր, նրանք դեմ չէին ժամկետներ սահմանելուն։ Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Հրանտ Մադաթյանը նկատեց, որ չպետք է փակել տեղական արտադրողներին ու օգնել աշխատեն։

«Մեկ, երկու տարի հետո Սիրիայում, Իրաքում շինարարությունը մեծ թափ է ստանալու և այդ ժամանակ մենք ուրիշ պատկեր կստանանք, մեր ցեմենտը կարտահանվի», - ասաց Հրանտ Մադաթյանը։

Օրինագծերում ժամկետների մասով Բաբկեն Թունյանի փոփոխությունների առաջարկությունն ընդունվեց, այսինքն՝ ցեմենտի ներմուծման համար սահմանվող պետական տուրքը կլինի ժամանակավոր։

Հիշեցնենք՝ այս օրինագիծը համարվում էր « Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ։

Ըստ թեմայի

Տոնոյան․ «Ծառուկյանի հասցեին հնչեցված մեղադրանքներն անհիմն են»
Կոտայքի մարզպետը խախտումներ է գտել Գագիկ Ծառուկյանի «Երիտասարդական թաղամասի» փաստաթղթերում
«Հարկայինը տարել է մեր փաստաթղթերը, ինչպե՞ս աշխատենք». Ծառուկյանի առևտրի կենտրոնի տնօրեն
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ