10:41 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ADB ներկայացուցչության ղեկավար Շեյն Ռոզենտալին

Չեն նեղացել. Ասիական բանկը ֆինանսավորումը չի փակի Հայաստանի խոշորագույն մայրուղու համար

© Photo: official site of the Prime minister of RA
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
213 0 0

Կարևորը հիմա աշխատանքը չդադարեցնելն ու պատշաճ ձևով ավարտել է այն, ինչն արդեն սկսված է, ընդգծեց Շեյն Ռոզենտալը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ասիական զարգացման բանկը (ADB) չի դադարեցնի «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու ֆինանսավորումը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտարարեց Հայաստանում ADB ներկայացուցչության ղեկավար Շեյն Ռոզենտալը։

Ավելի վաղ ՊԵԿ հարկային ծառայությունը ֆինանսական խախտումներ էր նկատել ավտոմայրուղու շինարարության ժամանակ և դրանք 23,5 մլրդ դրամ գնահատել։ Քրեական գործ է հարուցվել մի քանի դրվագներով, այդ թվում ենթակապալառուների և պաշտոնատար անձանց անբարեխիղճ պահվածքի մասով։

Բացի այդ, շինարարության գլխավոր կապալառուներից մեկը, իսպանական Corsan Corviam ընկերությունը, վերջերս սնանկ ճանաչվելու գործընթաց է սկսել։ Ինչպե՞ս կարող էր ֆինանսապես անկայուն ընկերությունը հաղթել միջազգային ֆինանսական կազմակերպության մրցույթներում։

Այստեղ, Ռոզենտալը պարզաբանեց, պետք է սահմանորոշել ADB–ի և կառավարության լիազորությունները։ Բանկը վարկավորում է ճանապարհի շինարարությունը և հետևում, որպեսզի շինարարությունն իրականացվի պատշաճ որակով, չաղտոտի շրջակա միջավայրը, բանվորների համար անվտանգ լինի։ Կան նաև ֆինանսական պարամետրեր, որոնց անհրաժեշտ է համապատասխանել։ Այդ թվում` ընկերության ֆինանսական շրջանառությունը և նրա փորձը այն աշխատանքների իրականացման մեջ, որոնց նա հավակնում է։

Իսկ թե որքանո՞վ են ֆինանսական հաշվետվությունները հուսալի և ինչպե՞ս դրանք ստուգել. այդ հարցերն արդեն կառավարությունն է լուծում։

 «Մեզ հայտնի է կառավարության քրեական հետաքննությունների մասին։ Սակայն մենք ֆինանսավորման դադարեցման հարցը չենք դիտարկում։ Ընդհակառակը, մենք աջակցում ենք ՀՀ իշխանություններին` ծախսերի և աշխատանքների նկատմամբ թափանցիկ վերահսկողություն սահմանելու ցանկության հարցում։ Բանկի ու Հայաստանի միջև ոչ թե մեկ օրվա, այլ երկարատև գործակցություն է ստեղծվել», – հայտարարեց Ռոզենտալը։

Նշենք, որ «Հյուսիս–Հարավ» նախագծի ամենախոշոր հատվածի համար ֆինանսավորում դեռ չի գտնվել` Արտաշատից մինչև Քաջարան։

ՀՀ կառավարությունը միջոցների որոշակի ծավալ արդեն օգտագործել է, ինչը քննարկվել է ADB–ի հետ։ Այդ իսկ պատճառով այժմ կարևոր է ավարտել սկսած աշխատանքները, իսկ հետո մտածել ապագայի մասին։ Այժմ շինարարությունը շարունակվում է Աշտարակից մինչև Թալին ընկած հատվածում, և դեպի Լանջիկ գյուղ՝ Թալինից Գյումրի ընկած հատվածում։

 «Ապագայում ՀՀ կառավարությունը կարող է ֆինանսավորում խնդրել ավտոմայրուղու նոր հատվածների համար։ Այժմ կարևորը ավարտելն է գործող հատվածների աշխատանքը», – ավելացրեց Ռոզենտալը։

«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այդ ճանապարհը անկախ Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն նախագծերից է։ Ճանապարհը կկրճատի տարածությունը Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման՝ 550–ից մինչև 490 կմ, ինչը կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։

Նախագծի գլխավոր վարկատուն դարձավ Ասիական զարգացման բանկը։ Բանկի հետ համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2009 թվականի սեպտեմբերին։ Նախատեսվում էր, որ ավտոմայրուղու շինարարությունը կավարտվի մինչև 2016 թվականը։ Սակայն մինչ օրս չի իրականացվել նույնիսկ աշխատանքների 50 տոկոսը։

Ավելի վաղ աշխատանքների արժեքը գնահատվել էր 1 մլրդ դոլար։ Բայց 2017 թվականի աշնանը այն ժամանակվա տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ ծախսերի ընդհանուր նախահաշիվը կարող է աճել մինչև ավելի քան 2 մլրդ։

Ըստ թեմայի

Պետությունը չի օգնի անբարեխիղճ կապալառուին. Ավինյանը` «Հյուսիս–հարավի» մասին
Համբերության բաժակը լցվել է. «Հյուսիս–հարավի» շինարարները փակել են Աշտարակ–Թալին մայրուղին
Կառավարությունը փողը տվել է, բայց շինարարներին այն չի հասել
թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ

Գլխավոր թեմաներ