01:03 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
ՆԻկոլ Փաշինյանը ՀՀ Կենտրոնական բանկում

Ինչո՞ւ է ավելանալու Հայաստանի պետական պարտքը, կամ ի՞նչ կլինի, եթե պարտք չվերցնենք

© Sputnik / Asatur Yesayants
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
129 0 0

Նոր վարկեր չվերցնելը նշանակում է վտանգել ապագա զարգացումը։ Նման քաղաքականության ազդեցությունը մենք պետք է զգանք արդեն 2019թ–ին. Հայաստանի ՀՆԱ–ն պետք է ավելի շատ աճի, քան պետական պարտքը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Հայաստանի պետական պարտքը 2019թ–ին պետք է աճի։ Եվ սա չար դիտավորություն չէ երկիրը տապալելու համար։ Փող վերցնելու են անհապաղ ծախսերի համար, որոնք չեն ուզում ձգձգել։ Արդյո՞ք դա ճիշտ է։ Փորձենք հասկանալ։

Զենք, ԱԷԿ և կենսաթոշակներ

2019թ–ին ուզում են ևս 490 միլիոն դոլարի արտասահմանյան վարկեր պարտք վերցնել ։ Այդ ծավալի մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Այդ վարկերով հանրապետությունը շարունակում է ԱԷԿ հիմնանորոգումը։ Բացի դրանից, Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում սպառազինություններ գնելու երրորդ վարկի մասին։

Հայաստանը շարունակում է վարկեր ստանալ Համաշխարհային բանկից ճանապարհների շինարարության, ոռոգման համակարգերի, էլեկտրահաղորդման գծերի ու մարզերը բարեկարգելու համար։ Ասիական զարգացման բանկի միջոցներով վերանորոգվում են էլեկտրահաղորդման բարձրավոլտ լարերը։ Ասիական և Եվրոպական ներդրումային բանկերը վարկավորում են թե՛ «Հյուսիս–հարավ» ճանապարհը, թե՛ Վանաձոր–Ալավերդի ճանապարհը (Հայաստանը Վրաստանի հետ կապող կարևոր ուղի)։ Եվրասիական զարգացման բանկը վարկավորում է նույն «Հյուսիս–հարավը»։ Կան նաև ուրիշ նախագծեր (գերմանական KfW բանկ, Զարգացման ֆրանսիական գործակալություն և ուրիշներ)։

Վերջապես, այս տարի Հայաստանը կշարունակի վարկեր վերցնել ընդհանուր բյուջետային աջակցության համար։ Բյուջեի կառավարման նոր քաղաքականության համաձայն (ընդունված Կարեն Կարապետյանի կառավարության օրոք)` պետությունը պետք է ինքնուրույն վաստակի աշխատավարձերի և կենսաթոշակների գումարները, իսկ վարկեր վերցնի միայն զարգացման նախագծերի համար (ենթակառուցվածքներ և այլն)։ Բայց այս տարի կրկին կդիմեն բյուջետային վարկերին։ Ինչո՞ւ։

ԱԷԿ–ը լվացքի մեքենա չէ

Եթե նպատակային վարկեր չվերցնենք, մենք չենք ունենա զենք, ատոմակայանի վերանորոգում, մարզերում նոր ոռոգիչ ջրանցքներ (հներում ոռոգման ջրի կեսից ավելի կորչում է)։ Իսկ եթե այս տարի Հայաստանը բյուջետային վարկեր չվերցներ, ապա, հնարավոր է, չէր հաջողվի բարձրացնել նվազագույն կենսաթոշակները, զինվորականների աշխատավարձերը, ընդլայնել պետպատվերով դեղորայք տրամադրելը ։ Այդ ամենը կհաջողվեր անել, բայց մեկ կամ երկու տարի ուշ։ Իսկ պետական բյուջեն, որքան էլ համեմատես ընտանեկանի հետ, մի «բայց» ունի։ Լվացքի մեքենայի կամ նոր մեքենայի հարցում կարելի է սպասել։ Կենսաթոշակների, պաշտպանության և ատոմակայանի դեպքում նույնը չի կարելի անել։

Որպեսզի այդ ամենին սպասելու անհրաժեշտություն չլինի, 2019թ–ին Հայաստանը կստանա, ինչպես նշեցինք, մոտ 490 միլիոն դոլար վարկային միջոց (կվերադարձնի 740 միլիոն)։ Ընդ որում` դրանք հիմնականում նոր վարկեր չեն, այլ արդեն գործող վարկային ծրագրերի շարունակություններ։ Նոր վարկեր կդառնան բյուջեի աջակցությանն ուղղված վարկերը։ Նշված 490 միլիոն դոլարից դրանք կկազմեն մոտավորապես 150 միլիոն։

Ինչի՞ կհանգեցնի այս ամենը

Վարկեր կարելի է վերցնել, բայց խելամտորեն։ Արդարացնո՞ւմ է արդյոք նման քաղաքականությունը վերջին տարիներին։ Մեզ` ոչ մասնագետներիս, դժվար է գնահատական տալ։ Բայց 2019թ–ի վերջին, կառավարության ծրագրի համաձայն, Հայաստանի կառավարության պարտքի բացարձակ չափը կաճի 465 միլիոն դոլարով։ Իսկ ՀՆԱ–ի հանդեպ պետական պարտքի հարաբերակցությունը 50,7 տոկոսից կնվազի մինչև 49,8 տոկոս։ Այսինքն Հայաստանի տնտեսությունն ավելի արագ կաճի, քան պարտքը։

Սատարի՛ր հայրենական պարտքին

Ըստ պետական պարտքի նույն ռազմավարության, որի մասին մենք խոսել ենք, ֆինանսների նախարարությունը կավելացնի ներքին պարտքի բաժինը, այսինքն պետական պարտատոմսերի։ Ներքին պարտքը կառավարելն ավելի հեշտ է։ Առաջին հերթին, այն արտահայտված է ազգային արժույթով (ուստի դրա վճարումները կախված չեն փոխարժեքի տատանումներից)։ Երկրորդ, հարկատուների փողերը չեն գնում արտասահման, այլ մնում են երկրում։ 2019թ–ին լրացուցիչ ֆինանսավորման ընդհանուր պահանջարկը գնահատվել է 424 միլիարդ դրամ։ Մի քիչ պարզեցնելով` կարելի է ասել` դրանք փողեր են, որոնք ուզում ենք ունենալ, բայց չի հաջողվում ստանալ հարկերից։

Ինչպես արդեն ասել ենք, դրանցից 490 միլիոն դոլարը կներգրավվեն արտասահմանյան վարկերի միջոցով, ևս մի փոքր մասը` դրամաշնորհների։ Իսկ ահա 183 միլիարդ դրամ (մոտ 380 միլիոն դոլար) ցանկանում են ներգրավել պետական պարտատոմսերից։
Այսպիսով, 2019թ–ի վերջին պարտքի ընդհանուր կառուցվածքում պետական պարտատոմսերի բաժինը 18,7 տոկոսից կաճի մինչև 19,6% տոկոս։

Ըստ թեմայի

Հայաստանում վարկային տեսակներից ամենաարագն աճում է հիփոթեքի ծավալը. ԿԲ–ի մասնագետ
Հայկական դրամի կշիռն աճում է. ազգային արժույթով տրամադրվում է վարկերի շուրջ 50%–ը
Չեն նեղացել. Ասիական բանկը ֆինանսավորումը չի փակի Հայաստանի խոշորագույն մայրուղու համար
Իտալացի ինժեներների ծրագրերը Հայաստանում. նոր «օպտիկայից» մինչև Գյումրու հին կենտրոն
Վերջին մեկ տարում հայ-ռուսական հարաբերություններում պահպանվել է դինամիկան. Կոպիրկին
թեգերը:
ՀՀ կառավարություն, Արթուր Ջավադյան, Հայաստան, Կենտրոնական բանկ (ԿԲ), դրամ

Գլխավոր թեմաներ