13:04 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
148 0 0

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2020թ–ի բյուջեի նախագիծն ու համեմատել այն նախահեղափոխական ցուցանիշների հետ։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. 2020թ–ի բյուջեն հեղափոխական է։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2020թ-ի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ելույթից առաջ նա հայտնեց, որ պատրաստվում է պատասխանել «օդից կախված 2 հարցի»` արդյո՞ք 2020թ–ի բյուջեի նախագիծը հեղափոխական է ու ե՞րբ են մարդիկ փոփոխություն զգալու իրենց կյանքում։

«2018թ–ին հեղափոխության շրջանում, երբ դեռ ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ, որ 1-2 տարում բյուջեն պետք է ավելանա 30 տոկոսով։ Սա եղել է հեղափոխական խոստումներից մեկը։ Հիմա 2020թ–ի բյուջեի նախագծում եկամտային մասը 2018թ–ի ցուցանիշները գերազանցում է 27.4 տոկոսով»,– ասաց Փաշինյանը։

Ըստ նրա, եթե այս ցուցանիշին գումարվեն նաև 2018թ–ի բյուջեի գերակատարումները, որոնք դեռ որևէ տեղ հաշվառված չեն, գերազանցումը կհասնի 33 տոկոսի։

Ինչ վերաբերում է 2020թ–ին նախատեսված կապիտալ ծախսերին, դրանք, ըստ վարչապետի`  135.1 տոկոսով ավելի են 2018թ–ից։

Խաժակյան. «Երևանի 2019 թվականի ծախսերը թերակատարվել են»

«Մեր բյուջեի միջին աճը կազմում է 14 տոկոս`  նախկին 7 տոկոսի փոխարեն։ Բա հեղափոխությունը պոզով–պոչո՞վ է լինում։ 2020թ-ի ճանապարհաշինության, կառուցված, վերանորոգման ծրագրերով նախատեսվում է այնքան գումար, որքան 2015, 16, 17 թթ–ին միասին վերցրած։ Բա հեղափոխությունն ուրիշ ո՞նց է լինում։ Բնակարանաշինության, կոմունալ ծառայությունների բնագավառում նախատեսվում է 2018թ–ի ցուցանիշի նկատմամբ 120տոկոս աճ։ Շա՞տ տեղերում եք տեսել պատմության մեջ, որ բյուջեում խոսեն 100, 120 տոկոս աճի մասին։ Բա հեղափոխությունն ուրիշ ո՞նց է լինում»,– ասաց Փաշինյանը` շարունակելով թվեր ներկայացնել։

Կրթության ոլորտի ծախսերը, նրա խոսքով` աճել են 34, սոցիալական ծախսերը` 21, պաշտպանության ոլորտինը` 28, Շրջակա միջավայրինը` 41 տոկոսով։

Իսկ թե այդ ամենը որքանո՞վ է փոխել ՀՀ քաղաքացիների կյանքի որակը, Փաշինյանը հակիրճ նշեց` այն, որ մարդիկ երթևեկել ու երթևեկելու են բարեկարգ ճանապարհներով արդեն իսկ փոխում է նրանց կյանքը։

«Որովհետև նրանք ընթացագետի, դա հայտնի «խադավիկն» է, մոտ շատ ավելի քիչ են գնում ու գումար գրեթե չեն ծախսում։ Գյուղմթերքը, որ բերում են շուկա` վաճառելու, իրենց մեքենան քիչ է վերև–ներքև թռնում, քիչ են ապրանք փչացնում։ Այս կապիտալ ծախսերն աշխատատեղեր են բացում»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գործազրկությանը, Փաշինյանը պատմեց, որ իր մասնակցությամբ բացված վերջին 2 ձեռնարկություններում, սեփականատերերի հավաստմամբ` ավելի քան 1000 թափուր աշխատատեղ կա, և իրենք չեն կարողանում աշխատող գտնել։

«Այսօր հանրապետության բոլոր շինարարական կազմակերպությունները խրված են ոչ թե պարտքերի, այլ պատվերների մեջ։ Կան, որ խրված են պարտքերի մեջ, բայց դրանք հին պատմություններ են` «Հյուսիս–հարավ» և այլն։ Իրենցով հատուկ մարմիններն են զբաղվում»,– նշեց նա։

Որքանո՞վ են ավելացել ՀՀ խոշոր հարկատուների վճարած հարկերը. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

Փաշինյանը շեշտեց, որ կյանքի որակը փոխվել է նաև առողջապահության ոլորտում. մարդիկ գիտեն, որ եթե կաթված ստանան, չեն մնա պատգարակի վրա։

Պետպատվերի ավելացումը, ուսուցչի, զինվորականների աշխատավարձի բարձրացումը, զինվորի սննդի որակի բարձրացումը ևս, ըստ վարչապետի` մարդկանց կյանքի որակի բարձրացման մասին են խոսում։

«Բա էլ ո՞նց է լինում մարդու կյանքի որակի փոփոխությունը, որ օրումեջ ասում են` իսկ ե՞րբ է փոխվելու մարդկանց կյանքը։ Մարդ ասելով ո՞ւմ նկատի ունեն ոմանք։ Այդ ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է։ Ուրիշ բանի հույս հանկարծ չունենան»,– զայրացավ Փաշինյանը։

Նշենք, որ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է  4,5 տոկոս տնտեսական աճ, որը զիջում է ոչ միայն 2019թ.–ի ցուցանիշին, այլև ԿԲ–ի (7% +- 0.1%) ու միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումներին։

Առողջապահության ոլորտի ծախսերը հաջորդ տարի 2018թ.-ի համեմատ ավելի են լինելու 33 տոկոսով, գիտության, կրթության, սպորտի ոլորտի ծախսերը` 41 տոկոսով, աշխատանքի և սոցիալական ոլորտի ծախսերը` 21 տոկոսով, պաշտպանության ծախսերը` 25.3 տոկոսով։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվող գումարը կավելանա. նախարար

Բացի այդ, 2020թ.–ի հուլիսի 1-ից առաջին ու երկրորդ երեխայի ծննդյան նպաստը հասցվելու է 300 000 դրամի` ներկայիս 50 և 150 հազարների փոխարեն։

Նշենք, որ 2020թ.–ի բյուջեի նախագծով նախատեսնում է 1 տրիլիոն 697 մլրդ 618 մլն 538 հազար 800 դրամ եկամուտ, 1 880 186 389 800 ծախս, 182 567 851 000 դեֆիցիտ, 4.5 տոկոս տնտեսական աճ։

Ըստ թեմայի

Բյուջեն կընդունվի, կրճատումները` հետո. օպտիմալացումը պետական ապարատում կշարունակվի 2020–ին
Աշխատավարձի աճ, նոր ծրագրեր. Մարությանի խոսնակն ասել է` ինչ սպասել 2020–ին Երևանի բյուջեից
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել
Տարոն Հովհաննիսյանը համեմատում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեն
թեգերը:
ԱԺ, նախագիծ, «Թավշյա հեղափոխություն», բյուջե, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ