12:29 21 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
78410

Նախկինում Հայաստանում գյուղացիներին օգնում էին միայն ընթացիկ ծախսերի հարցում, իսկ հիմա ուզում են նախապես աջակցել մի քանի տարվա կտրվածքով։ Հողի յուրաքանչյուր քառակուսի մետրից պետք է արտադրել ավելի շատ և ավելի շատ գումար աշխատել, քան այսօր։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ինչպե՞ս Հայաստանի գյուղացիներին օգնել ոտքի կանգնել։ Այս մասին սկսել էին մտածել դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունում։ Հանրապետությունում մեկ գյուղացիական ընտանիքին 2014  թվականի ագրարային մարդահամարի տվյալներով` բաժին է ընկնում ընդամենը 0,6 հեկտար հող։ Խորհրդային տարիներին ավելի քիչ էր (բնակչությունն ավելի շատ էր), սակայն կոլտնտեսություն կար և երաշխավորված եկամուտ։ Այժմ երաշխիքների առումով ժլատ կապիտալիզմի դարաշրջան է։ Ինչպե՞ս ապրի գյուղացին։

2020 թվականին արդեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը գյուղացուն կառաջարկի մի շարք ծրագրեր, որոնք ընդհանուր նպատակ կհետապնդեն, այն է` բարձրացնել հողի յուրաքանչյուր  քառակուսի մետրի արտադրողունակությունը։ Այս ծրագրերի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց էկոնոմիկայի փոխնախարար, գյուղատնտեսության համակարգող Արտակ Քամալյանը։

Ծիրանը կշատանա, գյուղացին լավ կապրի. Հայաստանում նոր տեխնոլոգիա են փորձարկում

2019 թվականից գյուղացիներին այլևս չեն օգնում սերմեր և դիզվառելիք գնելու հարցում (այդ ծրագիրը դադարեցրել էր գյուղնախարար Արթուր Խաչատրյանը)։ Դրանցից գյուղացին օգուտ է ստանում ընդամենը մեկ տարի, իսկ ցեղական կովերից, ժամանակակից այգիներից և ջերմոցներից ավելի շատ միրգ, կաթ և միս կստանա ոչ թե մեկ, այլ բազմաթիվ տարիներ։ Գյուղացուն նախ կօգնեն այդ ամենն արտադրելու, հետո ապահովագրելու, իսկ վերջում` վաճառելու հարցում։ Այժմ ամեն ինչի մասին` հերթով։

Արտադրել

Մրգեր։ Ինտենսիվ այգիները մի քանի անգամ ավել բերք են տալիս, քան սովորականները, սակայն ի սկզբանե ավելի մեծ ներդրում են պահանջում։ Դրանում էլ հենց պետությունը կօգնի. բոլոր նրանք, ովքեր կցանկանան մինչև 100 հեկտար (նախկին 10-ի փոխարեն) ինտենսիվ այգիներ տնկել, կկարողանան սուբսիդավորում ստանալ վարկային տոկոսների տեսքով, իսկ նրանց, ովքեր փոքր և միջին այգիներ կհիմնեն (մինչև 5 հեկտար), կփոխհատուցեն ծախսերի 50%–ը։

Ամենամոտավոր հաշվարկներով` ինտենսիվ այգիների մեկ հեկտարի համար պետք է 20 հազար դոլար ծախսել, այսինքն` խոշոր այգիների համար պետք են տասնյակ և հարյուր հազարավոր դոլարներ։ Եթե խոշոր բիզնեսն ուզում է այստեղ գումար ներդնել, ապա նրան կարելի է սատարել։ Ավելի լավ է այգիներ աճեցնել, քան կազինոներ կառուցել, կարծում են կառավարությունում։

Բանջարեղեն և հատապտուղ։ Սուբսիդավորելու են նաև նոր տեխնոլոգիաներով` կաթիլային ոռոգմամբ և օդափոխության ժամանակակից նորմերով ջերմոցները։ Յուրաքանչյուր քառակուսի մետր նման ջերմոցի համար նախատեսված է 4 հազար դրամից (թունելային) մինչև 8 հազար դրամի (ապակեպատ, հիդրոպոնիկայով) չափով դրամաշնորհ։

Ավելի մեծ դրամաշնորհներ են տրամադրվելու սահմանամերձ գյուղերի բնակիչներին և երիտասարդ գյուղացիներին։  Թունելային տեսակի ջերմոցների համար սուբսիդավորում է նախատեսվում 300-600 քմ–ի համար, ապակեպատի դեպքում` 600-ից մինչև 3000 քմ–ի։

Կաթիլային ոռոգման համակարգ կօգնեն տեղադրել նաև սովորական այգիներում և բանջարանոցներում (ճիշտ է, սովորական այգիներում այն քիչ արդյունավետ է, քանի որ սովորական ծառերն ավելի ընդարձակ արմատներ են գցում, քան ինտենսիվ տեսակները, և ավելի շատ ոռոգում են պահանջում)։ Եվրամիության 10 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրով (դոնոր` Ֆրանսիայի կառավարություն) Արարատյան դաշտում գյուղացիներին կօգնեն կաթիլային ոռոգման համակարգ տեղադրել ընդհանուր 2 հազար հեկտարի վրա։

Տնտեսությունն աճում է, գյուղատնտեսությունը` անկում ապրում, խոպան գնացողները պակասել են. ԿԲ

Մսամթերք և կաթնամթերք։ Կենդանիների պահման պայմանները փոքր–ինչ բարելավելու համար անասնապահներին կօգնեն ավտոմատ կթի սարքավորումներով, անհրաժեշտ լուսավորությամբ և օդափոխությամբ ջերմոցներ կառուցել։ Դրանց համար կառավարությունն արդեն տիպային նախագծեր է կազմել։ Նրանց համար, ովքեր դրանով անասնագոմեր կկառուցեն, ծախսերի կեսը կփոխհատուցվի։

Կօգնեն նաև նրանց, ովքեր ուզում են ցեղական կովեր ձեռք բերել. նրանց կաթնատվությունը 2-3 անգամ ավել է, քան սովորական տեսակներինը։ Որպեսզի հեշտ լինի վարկով ցեղական կովեր գնելը, գյուղացիներին կփոխհատուցեն այդ վարկի տոկոսները։ Սուբսիդավորելու են մինչև 300 մլն դրամ վարկերը (այսինքն` ոչ միայն փոքր, այլև խոշոր տնտեսությունների համար)։

Եվ խնդիրը միայն կաթն ու միսը չեն։ Ցեղական կովը կարելի է նույնականացնել, իսկ դա նշանակում է, որ այդ դեպքում վարկ ձևակերպելն ավելի հեշտ կլինի։ Ցեղական կով գնելու դեպքում կարելի է այն գրավ դնել այգու կամ տան փոխարեն։ Դա վարկն ավելի մատչելի կդարձնի։  Բանկը գրավը ձևակերպում է կովի մսի քաշով, այսինքն` 2-3 անգամ ցածր նրա իրական արժեքից։ Բանկային աշխատակիցների պարզաբանումը տրամաբանությունից զուրկ չէ. «Չէ՞ որ մենք չգիտենք, թե ինչ կով է մեր առաջ։ Այսօր մի բան ցույց տվեցին, վաղը ուրիշ բան կբերեն»։ Այդ պատճառով կառավարությունն աշխատում է հանրապետության բոլոր կենդանիների հաշվառման և համարակալման ծրագրի վրա։ Այն կօգնի նաև ապահովագրմանը, որի մասին մենք հիմա կխոսենք։

Ապահովագրել

Կենդանիներ։ Կենդանիների հաշվառումը կլուծի միանգամից երեք խնդիր։ Յուրաքանչյուր կենդանու մասին կպպարզվի` այն հիվա՞նդ է, թե՞ առողջ, ե՞րբ և ինչպե՞ս են նրան պատվաստել։ Այդ ժամանակ անասնաբույժների համար ավելի հեշտ կլինի նրանց բուժելը։ Այժմ ամերիկյան Card կազմակերպության հետ քննարկվում է կենդանիների հանրապետական հաշվառման ծրագիրը: Աշխատանքներն ուզում են սկսել 2020 թվականից:

Խաղող և ծիրան։ Եթե անասնապահության համար ապահովագրությունը դեռ քննարկվում է, ապա պտղատու այգիների համար այն գործում է արդեն հոկտեմբերից։  Փորձարկում են խաղողի և ծիրանի այգիների համար։ Ապահովագրության  50%–ը կվճարի պետությունը` գերմանական KfW բանկի աջակցությամբ։ Սակայն, միևնույն ժամանակ, կառավարությունը նախազգուշացնում է. «Ով չի ապահովագրվում, մենք մեղավոր չենք»։

«Եթե հաջորդ տարի խաղողն ու ծիրանը տուժեն կարկուտից կամ ցրտահարությունից` բյուջեից փոխհատուցում չեն ստանա։ Միևնույնն է` մենք նրանք կվճարեինք 50-100 հազարական դրամ, ոչ ավել։ Իսկ այստեղ մենք նույն 50 հազարը տալիս ենք ապահովագրության համար, սակայն այդ դեպքում վնասը փոխհատուցվում է մինչև մեկ միլիոն դրամի չափով։ Ակնհայտ տարբերություն է»,– ընդգծեց Քամալյանը։

Պետությունը չի միջամտի նաև վնասի գնահատման հարցում։  Եթե ապահովագրող ընկերություններին ցուցում տրվի, թե նրանք ինչպես պետք է գնահատեն այգիները և որքան ապահովագրավճար վերցնեն, այդ դեպքում ոչ ոք այդ բիզնեսի մեջ ի վնաս իրեն չի մտնի։

Քանի դեռ կոնյակի անվան տակ մգեցված սպիրտ է վաճառվում, խաղողի արտադրությունը չի զարգանա

Մի վտանգ կա, որից գյուղացուն ոչ ոք ապահովագրել չի ցանկանում։ Դա ֆիլոքսերան է` վտանգավոր վնասատու, որն ուտում է խաղողի վազի արմատները։ Ամբողջ Արարատյան դաշտում այն չի եղել. հայտնվել է միայն 2000-ականների կեսերին։ Բոլոր այս տարիների ընթացքում երկրի իշխանությունները փորձել են ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունենում։ Այժմ ուզում են պարզել մինչև վերջ. դրա համար տեղի մասնագետների և Ֆրանսիայից հյուրերի հետ քննարկումներ են անցկացնում։ Եթե ամենահոռետեսական մտավախությունները  հաստատվեն (իսկ դա չի բացառվում), այդ դեպքում ստիպված կլինեն բոլոր խաղողի այգիները վերատնկել ֆիլոքսերայի նկատմամբ ավելի կայուն արմատների վրա։ Մեկ հեկտարի համար դա կարող է 2-3 հազար դոլար արժենալ։

Վաճառել

Եթե գինու կամ պահածոների գործարանը բանկում վարկ է վերցնում, որպեսզի բերքատվության շրջանում գյուղացուն կարողանա վճարել, պետությունը նրա տոկոսները փոխհատուցում է։ Միևնույն ժամանակ խիստ պայման է դրվում` գումարը ստանում է ոչ թե գործարանը, այլ անմիջապես գյուղացին (հուսալիության համար)։  Շահում են բոլորը. բիզնեսն անտոկոս վարկ է ստանում, իսկ գյուղացին ամիսներով ստիպված չէ փողին սպասել։  Սակայն  նման վարկից դեռ խաղող գնելիս են միայն օգտվում։

«Մեր խնդիրն այն է, որ ծիրան, լոլիկ և այլ մշակաբույսեր արտադրողները դեռ չեն սովորել բանկերի միջոցով աշխատել։ Իսկ պահածոների գործարանները, ի տարբերություն գինու և կոնյակի գործարանի, դեռ չեն սովորել գյուղացիների հետ պայմանագրեր կնքել»,–ասաց գյուղատնտեսության փոխնախարարը։

Խնդիրը նաև այն է, որ գյուղացին սովոր չէ քիչ թե շատ հստակ հաշվարկել իր բերքը, և գործարանները չգիտեն` ինչ ծավալների համար նրանց հետ պայմանագրեր կնքել։ Նախարարությունն ուզում է օգնել, որ և՛ մեկը, և՛ մյուսը սովորեն նման գնահատումներ անել։

Նախարարությունը վարկային սուբսիդավորմամբ ուզում է օգնել նաև այն ընկերություններին, որոնք արտահանման վրա են աշխատում (լինի դա վերամշակող ընկերություն, թե թարմ միրգ ու բանջարեղեն արտահանող)։

«Այստեղ սխեման հետևյալն է. նրանք ցույց են տալիս մեզ իրենց արտահանման պայմանագրերը, իսկ մենք սուբսիդավորում ենք տրամադրում։ Սա հավանական տարբերակներից մեկն է, որը մենք ուզում ենք քննարկել մինչև հաջորդ տարվա բերքատվության շրջանը», – պարզաբանեց փոխնախարարը։

Միանգամից բոլոր հարցերն այս ծրագրերն իհարկե չեն լուծի։ Դժվար է խոսել եկամտաբեր անասնապահություն մասին, եթե կերի պակաս կա։  Դրա համար խորհրդային տարիներին կոլտնտեսություններում սիլոսային աշտարակներ էին կառուցում, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո քանդեցին կամ անտերության մատնեցին։ Դժվար է շատ բերք սպասել ջուրը չտնտեսելու դեպքում։ Սակայն ինչպե՞ս տնտեսել։ Ոռոգման ջրանցքներն այնքան մաշված են, որ մինչև վերջնակետը ջրի կեսը կորչում է։ Մինչև վերջ հասկանալի չէ` ինչպես լուծել ֆիլոքսերայի խնդիրը...  Եվ էլի տասնյակ մեծ ու փոքր խնդիրներ։

Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում

Այնուամենայնիվ, Գյուղնախարարության քաղաքականության մեջ ակնհայտ է հստակ տրամաբանությունն ու առանցքային այն միտքը, որ պետք է յուրաքանչյուր հողակտորից արտադրել հնարավորինս շատ։ Հայաստանի համար սա ամենաօրհասական պահանջմունքն է։  Բավական է միայն հիշեցնել 2014 թվականի ագրարային մարդահամարից ևս մեկ թիվ, որից էլ մենք սկսել էինք։

Հանրապետությունում  գյուղատնտեսական հող է համարվում 513  հազար հեկտարը, որից վերամշակման ենթակա է 389  հազարը, այսինքն այգիներն ու դաշտերը (մնացածը հիմնականում բարձրադիր արոտավայրեր են)։ Սակայն այդ 389 հազարից մշակվում է շուրջ 220–ը, իսկ ոռոգվում լավագույն դեպքում` կեսը։

Ըստ թեմայի

Թանկացումները հասան գյուղ. գյուղմթերքը կթանկանա 5%–ով
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել
«Սպայկան» իրարանցում է առաջացրել գյուղերում. նախարարությունն աշխատում է մթերողների հետ
Գյուղացիները թափում են սմբուկի բերքը. մթերման հարցը չի լուծվում. «Փաստ»
«Խաղողային» բողոք Հայաստանում․ գյուղացիները դժգոհ են մթերման ցածր գներից
թեգերը:
կով, լոլիկ, կառավարության ծրագիր, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, գյուղապահովագրություն, Գյուղ, գյուղացի

Գլխավոր թեմաներ