07:06 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
290 0 0

2019թ–ին Չինաստանից 750 մլն դոլարի, իսկ Թուրքիայից 268 մլն դոլարի ապրանք է ներկրվել Հայաստան։ Մեծ մասը` հագուստ ու տեքստիլ։ Մինչդեռ խորհրդային տարիներին Հայաստանը հզոր տեքստիլ արդյունաբերություն ունեցող երկիր էր։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում վաճառվող հագուստն առաջիկայում թանկանալու է։ Այս իրողությունը չեն թաքցնում նաև պետական պաշտոնյաները, օրինակ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը։

Օրեր առաջ հագուստի ու կոշկեղենի առևտրով զբաղվող տնտեսվարողների հետ հանդիպումից հետո նա հայտարարեց, որ բարձրացումը շատ չի լինելու` ընդամենը 1.5-2 անգամ, այլ կերպ ասած` 10 000 դրամանոց շորի գինն առաջիկայում կդառնա 15 000-20 000 դրամ։

Պատճառը մաքսային վճարների ավելացումն է։ Եթե մինչև այժմ ներկրվող հագուստի հաշվարկը ՀՀ սահմանին իրականացվել է կիլոգրամներով` 7 կիլոգրամի դիմաց 3,25 դոլար հաշվարկով, ապա սեպտեմբերի 1-ից յուրաքանչյուր հագուստի դիմաց գանձվում է դրա արժեքի 30%-ի չափով մաքսատուրք։

Նոր մաքսատուրքերն ու հնարավոր թանկացումները, սակայն, մեծ իրարանցում են առաջացրել հագուստի վաճառքով զբաղվողների շրջանում։

Երևանյան տոնավաճառներից մեկում առևտուր անող կանանցից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նոր առաջարկվող պայմաններում ստիպված է լինելու փակել իր 20 տարվա բիզնեսն ու «սոված նստել»։

«2000թ–ից սկսած այս գործով եմ ընտանիքս պահել։ Տարբեր աշխատանքներ փորձելուց հետո հարևանուհուս խորհրդով առաջին անգամ իր հետ Թուրքիա գնացի։ Միասին ապրանք բերեցինք, վաճառեցինք։ Ինքը 90-ականներից էդ գործի մեջ էր, ինձ էլ շատ բան սովորեցրեց։ Հետո արդեն սկսեցի մենակ աշխատել, կամաց–կամաց ոտքի կանգնեցինք։ Հիմա ստիպված եմ լինելու նորից գործս փակել, գնալ տուն ու սոված նստել»,– ասաց կինը։

Նրա հաշվարկով` թուրքական հագուստի գինը նոր մաքսատուրքերի պատճառով մի քանի անգամ կբարձրանա, ինչը նշանակում է, որ դրա ներկրումն ու վաճառքն այլևս եկամտաբեր չեն լինի։

«Էն ապրանքը, որ հիմա 10000 դրամով ենք վաճառում, ստիպված պիտի ամենաքիչը 20 000–ով վաճառենք, որ օգուտ ստանանք։ Իսկ ով է գալու թուրքական ապրանքին էդքան փող տա։ Դրա փոխարեն եվրոպականը կառնեն նույն գնով»,– ասաց առևտրական կինը։

Վաճառականների այս հաշվարկի հետ, ի դեպ, Պետեկամուտների կոմիտեում այնքան էլ համաձայն չեն։ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը որպես օրինակ է վկայակոչում է թուքական ջինսե տաբատների գները։

Հայ առևտրականներն, ըստ նրա, մեկ տաբատի դիմաց Թուրքիայում 3 500 դրամ են վճարում։ Եվս 1200 դրամ գինն ավելանում է մաքսազերծման ու հարկերը վճարելու արդյունքում։

Հագուստի վաճառքով զբաղվողների բողոքի առնչությամբ ՊԵԿ–ը պարզաբանում է տարածել

«Եթե գումարում ես ինքնարժեքն ու հարկը, ստացվում է 4700 դրամ։ Հայաստանում միանշանակ 4700 դրամով ջինսեր չեն վաճառում»,– լրագրողների հետ զրույցում ասել էր Ներսիսյանը` նշելով, որ առևտրով զբաղվողները շուկայի իրական պատկերը չեն ներկայացնում և պարզապես ուզում են հնարավորինս մեծ եկամուտ ստանալ, դրա համար էլ դժգոհում են։

«Հայրենական արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը հագուստ ներմուծողների դժգոհությունը միայն առաջին ալիքն է համարում, երկրորդն, ըստ նրա, սպասվում է այն ժամանակ, երբ հագուստի թանկացումից կսկսեն դժգոհել արդեն սպառողները։ Բայց հանուն ներմուծվող ապրանքը տեղականով փոխարինելու քաղաքականության, մեր զրուցակցի համոզմամբ, սոցիալական լարվածությանը կարելի է դիմանալ։

«Ավելի ճիշտ չէ՞, որ մեզ մոտ արտադրվի, քան թե ուրիշի արտադրանքը բերենք, իրացնենք։ Հայաստանը վերջին տարիներին 62 մլրդ դոլարի ուրիշի ապրանք է բերել տեղում իրացրել և ընդամենը 24 մլրդ դոլարի արտահանել է։ Այսինքն` մենք 37-38 մլրդ դոլարի բացասական հաշվեկշիռ ենք ունեցել։ Այդքան գումար 20 տարվա ընթացքում Հայաստանից դուրս է հոսել»,– նշում է Սաֆարյանը։

Պաշտոնական տվյալներով` միայն 2019թ–ին Չինաստանից 750 մլն դոլարի, իսկ Թուրքիայից 268 մլն դոլարի ապրանք է ներկրվել Հայաստան, որի գերակշիռ մասը հենց հագուստն ու տեքստիլ արտադրության այլ ապրանքներն են եղել։

Մինչդեռ խորհրդային տարիներին Հայաստանը հզոր տեքստիլ արդյունաբերություն ունեցող երկիր էր։ 1988թ–ին Հայաստանում 2.2 մլրդ դոլարի տեքստիլ արտադրություն էր թողարկվում, 2019թ–ին` ընդամենը 60 մլն դոլարի։

«Խորհրդային տարիներին մենք «Գարուն» ձեռնարկություն ենք ունեցել, որը կարում էր լավագույն կոստյումները և ապահովում էր ԽՍՀՄ պահանջարկը»,– ասում է Սաֆարյանը։

Կառավարության այս նախաձեռնությունը նա դիտարկում է տեղական արտադրության խթանման համատեքստում` նշելով, որ Հայաստանն ունի և կարող է զարգացնել այդ պոտենցիալը` բավարարելով ոչ միայն ներքին պահանջարկը, այլև ավելացնելով արտահանման ծավալները։

Վազգեն Սաֆարյանը փաստում է` Հայաստանում տարեկան 3500-4000 տոննա կովի կաշի է առաջանում, որի զգալի մասն արտահանվում է Թուրքիա։ Թուրքիայում այդ կաշին վերամշակվում է, օգտագործվում կոշկի ու կաշվե իրերի արտադրության մեջ և որպես պատրաստի արտադրանք դարձյալ ներկրվում Հայաստան։

Նա հիշեցնում է, որ դեռևս նախորդ իշխանության որոշմամբ` Հայաստանից արտահանվող այդ անմշակ կաշվի մաքսատուրքերն ավելացվել էին` դրա արտահանումը կանխելու, կաշին տեղում վերամշակելու և տեղական արտադրությունում օգտագործելու նպատակով։

Ո՞ւմ «հագով է կարվել» էկոնոմիկայի նախարարության նախագիծը. մեկնաբանում է փոխնախարարը

Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել նաև, որ Թուրքիայից ու Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսային արժեքների բարձրացման գործընթացը ևս մեկնարկել էր դեռ նախորդ իշխանությունների օրոք և հանդիսանում է ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված կարգավորումներից մեկը` երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսային արժեքների բարձրացման վերաբերյալ։

Այս առումով հագուստն ու կոշկեղենը միայն սկիզբն է։ Հունվարին թանկանալու են նաև ԵԱՏՄ ոչ անդամ երկրներից Հայաստան ներկրվող ևս 647 անուն ապրանքներ, այդ թվում` առաջին անհրաժեշտության` շաքարավազ, կարագ, դեղորայք և այլն։

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ պետք է մտնեին 2020թ–ի հունվարից, բայց ՀՀ–ին 1 տարի ժամանակ տրվեց այդ ապրանքների ներկրման աշխարհագրությունը փոխելու և ԵԱՏՄ–ում նոր գործընկերներ գտնելու համար։ Թե որքանով մեր երկիրն օգտվեց այդ ժամկետից, պարզ կլինի մի քանի ամսից, երբ կթանկանան ոչ միայն թուրքական շորերը, այլև զելանդական կարագն ու ամերիկյան թռչնամիսը։

Ըստ թեմայի

Նախատեսվածից շատ ծախսեր են արվել. տնտեսագետը՝ պետբյուջեի սխալ պլանավորման մասին
Ներկրողները դժգոհ են․ ՊԵԿ փոխնախագահին չի հաջողվել համոզել տնտեսվարողներին
Բժիշկները կհանգստանան, հյուրանոցային բիզնեսն էլ չի տուժի. Թանդիլյանը դիմել է վարչապետին
թեգերը:
մաքսատուրք, բիզնես, առևտրական, առևտուր, հագուստ, Թուրքիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ