19:21 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
199 0 0

Հայկական ապրանքների վաճառքի համար հատուկ պայմանների ստեղծումը կնպաստի տեղական արտադրության զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանն ու պետբյուջեի համալրմանը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Export Armenia փորձագետների միությունն իշխանություններին նոր գաղափար է ներկայացրել. բոլոր խանութներում պետք է ներկայացված լինի հայրենական արտադրության ապրանքների երաշխավորված մինիմում, ընդ որում յուրաքանչյուր արտադրողից մի քանի տեսակ։ Սա տեղական արտադրանքի վաճառքի միջոց է, իսկ պետության համար`  նոր հարկեր և աշխատատեղեր։

Ի՞նչ է անհրաժեշտ, որ Հայաստանում ավելի շատ ապրանքներ արտադրեն, քան այսօր է։ Սկզբնական փուլում` ապրանքների վաճառք հենց Հայաստանում։ Տեղական արտադրողին աջակցելու նախաձեռնությամբ հանդես են եկել Export Armenia միության փորձագետները։  Նրանք առաջարկում են խանութներում առանձին ոչ մեծ տարածքներ հատկացնել, որտեղ ներկայացված կլինեն միայն հայրենական արտադրության ապրանքատեսակները։  Նման պրակտիկա արդեն մի քանի տարի է կիրառվում է Բելառուսում և այլ գործոնների հետ մեկտեղ նպաստում տեղական արտադրության զարգացմանը։

Եթե ինչ-որ մեկի համար Բելառուսի օրինակը համոզիչ չէ, այլ նախադեպեր ևս կան։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 18-ին, Carrefour խանութների ցանցը գործարկել է Kilométre Zéro («Զրո կիլոմետր») նախաձեռնությունը`  ուղղված տեղական արտադրողների աջակցությանը։

Ընկերությունն արտոնյալ պայմաններ է առաջարկում ֆրանսիացի արտադրողներին (այդ թվում միրգ ու բանջարեղենի)։ Նրանք իրենց արտադրանքը կկարողանան մատակարարել Carrefour սուպերմարկետներին առանց միջնորդների, բայց պարզեցված պայմանագրերով` սեղմ ժամկետներում վճարելով ապրանքի դիմաց (մեկ շաբաթվա ընթացքում)։

Եվ սա նման ամենևին էլ  միակ օրինակը չէ. «գաստրոնոմիական ազգայնականության» կոչեր են հնչում ողջ Եվրոպայում (թեև այն ուլտրա լիբերալ տնտեսության օրինակ են համարում)։

Տեղական ձուն թանկացել է. արտադրողները նշում են թանկացման պատճառը

Երբ մենք սպառողին կոչ ենք անում գնել հայկական ապրանք, կարևոր է հասկանալ, որ շատ բան կախված է նաև վաճառողից (խանութի)։ Երևացող տեղերը հիմնականում հատկացված են դրսի ապրանքներին։ Խանութները նախընտրում են վաճառել ներմուծվածը, քանի որ ներկրող–մատակարարների ֆինանսական հնարավորություններն ավելի մեծ են տեղական արտադրողների հնարավորություններից։ Մյուս կողմից, մի շարք սուպերմարկետների սեփականատերեր իրենց մատակարարման բիզնեսն ունեն, այդ պատճառով նրանք ձգտում են նախևառաջ վաճառել այն ապրանքը, որը ներմուծում են։ Այդպիսով, առևտրային ցանցում ներկայացված հայրենական հիմնական ապրանքները թարմ մթերքներն են` պիտանելիության փոքր ժամկետով, որոնք դժվար է ներկրել։ Այլապես տեղի ապրանքներն ավելի քիչ կլինեին։

Կոնկրետ ի՞նչ է առաջարկվում

Այսպես, խանութի առևտրային մակերեսից կախված, առաջարկվում է ցուցափեղկերին փոքր մակերես հատկացել հայկական ապրանքների և դրանց նվազագույն տեսականիի համար, որը կավելանա խանութի մակերեսի հետ մեկտեղ։ Օրինակ` սովորական մթերային խանութը պետք է վաճառքում առնվազն մեկ հայրենական կարագի և անձեռոցիկի երեք տեսակ ունենա, ավելի քան 200 քմ մակերեսով խանութը` ոչ պակաս, քան 3 տեսակ կարագ և 5 տեսակ անձեռոցիկ։ Այսինքն` առաջարկվում է ոչ միայն նվազագույն մակերես սահմանել հայկական ապրանքների համար, այլև նվազագույն տեսականի, որպեսզի ողջ այդ տարածքը չզբաղեցնի մեկ արտադրող։

Լիբերալ տնտեսության կողմնակիցները կարող են առարկել, թե հայրենական ապրանքները չի կարելի «առաջ տանել», դա դեմ է ազատ մրցակցության սկզբունքին։ Բայց, նախ պետք է մտածել, թե ինչն է ավելի լավ երկրի համար. Կանոնները պահե՞լը, թե՞  արտադրությունն ավելացնելը (և մարդկանց աշխատանք տալը)։ Երկրորդն էլ` մրցակցությունն այդ քայլից չի վերանա, երաշխավորված տարածք կլինի, որի համար կմրցակցեն մի քանի արտադրող։

Չի բացառվում, որ այդ առաջնային տեղերը զբաղեցնելու համար սուպերմարկետներն իրենք էլ սկսեն սեփական արտադրությունները հիմնել։

Նախագիծն արդեն սկսել են քննարկել Էկոնոմիկայի նախարարությունում,  իսկ Export Armenia–ն էլ առայժմ խնդրում է առևտրի ցանցերին սեփական նախաձեռնությամբ աջակցել հայրենական ապրանքների վաճառքին։

«Ձեր բիզնեսն էլ բավական դժվար բիզնես է, ձեզ էլ ոչ ոք չի օգնում, հայերի ասած`մատից փուշ չի հանում, բայց խնդրում ենք ձեզ` մոտեցում ցուցաբերեք, գուցե ձեր ֆինանսական շահերին հակասող է, սակայն շատ կարևոր է մեր երկրի համար։ Ցուցում տվեք ձեր աշխատակիցներին ավելի շատ տեղ տրամադրել տեղական ապրանքների համար։ Համագործակցեք մեր արտադրողի հետ, թեկուզ երբեմն այն կատարյալ չէ։ Նրանց հնարավորություն տվեք, գոնե` ժամանակավոր։ Իսկ մնացածը  կորոշի գնորդը», – նշում է Export Armenia համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը։

Օգուտն ակնհայտ է

Հայաստանը տարեկան 700 մլն դոլարի միայն պարենամթերք է ներմուծում։ Գոնե կիսով չափ տեղական ապրանքներով այն փոխարինելու դեպքում, լրացուցիչ 300 մլն դոլար կբերի տեղական արտադրողներին։ Դա կարող է արտադրական հզորությունների ավելացման հանգեցնել, իսկ արդյունքում` ապրանքների ինքնարժեքի նվազման։ Այդպիսով` հայկական արտադրանքն արդեն ավելի մրցունակ կդառնա` օբյեկտիվ, շուկայական չափանիշներից ելնելով։

Վարչապետը կրկին հանդիպել է որոշ գործարարների հետ

Ըստ թեմայի

Ինչպե՞ս Հայաստանը պետք է բոյկոտի թուրքական ապրանքը․ բիզնեսմենները տարբերակ են գտել
Դավիթ Գալստյանն արձագանքել է Թուրքիային զենք վաճառելու մասին լուրերին
Թուրքական ապրանքներից ազատված շուկայում «ձուկ բռնելու» հնարավորություններ կան. նախարար
թեգերը:
Հայաստան, խանութ, հայկական, բիզնես, գործարար

Գլխավոր թեմաներ