05:35 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
66310

Խորհրդային տարիներին ստեղծված տեխնոլոգիան պահպանել է գիտնականների և ինժեներների կոլեկտիվը։ Այստեղ նրանց ոչ ոք չի աջակցում, իսկ արտասահմանյան ներդրողներին հետաքրքիր չէ արտադրությունը Հայաստանում։ Բայց տեխնոլոգիան մշակողներն ուզում են, որ այն աշխատի հենց այստեղ։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի -Sputnik. Սինթետիկ շափյուղայից պատրաստվող գերամուր ապակիներն աշխարհում մեծ պահանջարկ ունեն, բայց դրանց արտադրության տեխնոլոգիաներն առայժմ ավարտուն չեն։ Հայաստանում դրանք կան, ժառանգություն են մնացել, ինչպես և շատ այլ բաներ, խորհրդային գիտությունից և արդյունաբերությունից։

Միայն թե հիմա Հայաստանում դա ոչ մեկին պետք չէ։ Իրենք իրենց գործարար անվանող և բրենդային կոստյումներ հագնող մարդիկ գերադասում են ներդրում անել հյուրանոցների, ռեստորանների և բազմահարկ շենքերի կառուցման մեջ։ Իսկ արտասահմանցի ներդրողներին տեխնոլոգիան հետաքրքրում է, բայց միայն ձեռքբերման, այլ ոչ թե արտադրության կազմակերպման տեսանկյունից։

Սինթետիկ շափյուղայի բյուրեղներ աշխարհում վաղուց են աճեցնում․ դրանցից պատրաստում են այն ամենը, ինչը պետք է լինի թափանցիկ և շատ ամուր․ որոշ վիրաբուժական գործիքներ, ինքնաթիռների և հրթիռների թափանցիկ դետալներ, լազերային ճառագայթն ուժգնացնող օպտիկական ոսպնյակներ և այլն։ Բայց առայժմ լավ յուրացված է միայն ուղղահայաց բյուրեղների տեխնոլոգիան։ Իսկ ի՞նչ անել, եթե պետք է, օրինակ, տիեզերանավի համար պատուհան պատրաստել։ Դրա համար հարթ  և լայն բյուրեղ է պահանջվում, ապակու թերթի նման։ Այդպիսի տեխնոլոգիայի արտադրությունը դեռևս յուրացված չէ։ Ուստի հարթ թիթեղ ստանալու համար մեծ ուղղահայաց բյուրեղ են աճեցնում, այնուհետև դրա մեջտեղից կտրում ամենալայն հատվածը։

«Այսինքն 600-700 կգ-անոց բյուրեղ է պետք, այն աճեցնում են մոտ մեկ ամիս և ավելի, որպեսզի դրանից 35-45 կգ-անոց թիթեղ կտրեն։ Իսկ մենք աճեցնում ենք հենց այդ 35-45 կգ-անոց կտորը՝ անհրաժեշտ ձևի, երեք օրում»,-պարզաբանում  է «Բարձր ջերմաստիճանային բյուրեղներ» ՍՊԸ-ի տնօրեն, ֆիզիկոս Լևոն Հովհաննիսյանը։

Генеральный директор ООО Высокотемпературные кристаллы Левон Ованнисян
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Հովհաննիսյան

Մի քանի տարի առաջ ընկերությունը բյուրեղների աճեցման մեքենա է հավաքել, ինչպես նաև ջերմային հանգույցներ՝ բարձր ջերմաստիճանների պահպանման համար․ դրանք հարկավոր են, որպեսզի ալյումինի փոշուց բյուրեղ «թխվի»։ Այս սարքավորումով մի քանի փորձնական օրինակ է թողարկվել։

Մնում է արտադրական գործընթացը մի քանի անգամ կրկնել, որպեսզի տեխնոլոգիան գործնականում հունի մեջ ընկնի և փորձնականից վերածվի արտադրականի։ Հենց այս միտքն է ամենից դժվար բացատրել թե ներդրողներին, թե իշխանություններին՝ նորերին ու նախկիններին։ Ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչու է պետք փող ծախսել ինչ-որ անհասկանալի դռռացող սարքի վրա, եթե կարելի խորովածանոց սարքել, հետո դրա վրա ցուցանակ կախել  Restaurant և Welcome! արտասահմանյան բառերով։

Ստացված օրինակները թերություններ ունեն, բայց դրանք ուղղելը հեշտ է, հավաստիացնում է Հովհաննիսյանը։ Մի դեպքում բյուրեղում  նյութի ցրման հետ կապված ոչ մեծ թերություններ են եղել, երկրորդում  ճաք էր առաջացել, երրորդում անջատվել էր աճման գործընթացը՝ սարքավորման աշխատանքի խափանման պատճառով։ Բայց նույնիսկ այս բյուրեղներից կարելի է բավական խոշոր անթերի կտորներ կտրել։  

Օրենք Սամվել Ալեքսանյանի համա՞ր, թե վերադարձնենք Հայաստանին խորհրդային արդյունաբերությունը

«Պետք է արտադրական գործընթացը կրկնել մոտ տասն անգամ, և թերությունները գործնականում կվերանան։ Դրա համար մոտ 250 հազար դոլար է պետք»,-պարզաբանել է Հովհաննիսյանը։

60-ականներին հորիզոնական բյուրեղների տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվում էր խորհրդային հայ գիտնական Խաչիկ Բաղդասարովը, որն աշխատում էր ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում։

Հենց նա էլ ստեղծեց այդ բյուրեղների աճեցման սարքավորումները, որոնցով սկսեցին արտադրել առաջին ապակիները՝ 20-25 սմ երկարությամբ։ Նրա աջակցությամբ Խորհրդային Հայաստանում այդ տեխնոլոգիաները սկսեցին ուսումնասիրել Վիլիկ Հարությունյանի, ակադեմիկոս Միխայիլ Տեր-Միքայելյանի և այլոց ջանքերով։

Աշխատանքներն ընթանում էին Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, ԵՊՀ-ում, Երևանի Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում, ինչպես նաև «Լազերային տեխնիկա» ձեռնարկությունում։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գիտությանը տրամադրվող բյուջեն կտրուկ կրճատվեց, և փորձարարական աշխատանքները նշանակալիորեն նվազեցին։

«Հասկանում եք, ժամանակին հիանալի երկիր կար՝ Խորհրդային Միությունը։ Այն ոչ միայն բացառիկ էր հնարավորությունների առումով, այն այդ հնարավորություններն ուղղում էր արդյունաբերության և գիտության զարգացմանը։ Իսկ հիմա մեծ կապիտալ չունեցող մասնավոր ընկերությանը դժվար է ներդրող փնտրել խոշոր շուկաներում։ Խոշոր կորպորացիաների հետ կամ չենք կարողանում կապվել, կամ էլ նրանց պետք է մեր տեխնոլոգիան, բայց բնավ ոչ մեր երկիրը։ Նոր արտադրություն, Հայաստանի զարգացում՝ նրանց ինչի՞ն է դա պետք»,-ընդգծում է Հովհաննիսյանը։

Բացի այդ, բուն Հայաստանում այնքան երկար (մոտ 20 տարի) են կրկնել, որ երկրին արդյունաբերություն պետք չէ, որ օտարերկրյա ներդրողները ուսերն են թոթվում․ «Ի՞նչ կարող է լինել այստեղ, բացի խորովածից ու կոնյակից»։

Եվ եթե մասնավոր ընկերություններին դեռ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ (վերջիվերջո, նրանք պարտավոր չեն հոգ տանել երկրի մասին), ապա ավելի դժվար է հասկանալ պետությանը, որն ասում է․ «Մեզ մոտ շուկայական տնտեսություն է, այնպես որ՝ ոչնչով օգնել չենք կարող»։

Վերջերս նախագծով հետաքրքրվել է ռուսական խոշոր պետական կորպորացիաներից մեկը, որը ծանոթացել էր տեխնոլոգիային և նախնական բանակցություններ սկսել ընկերության հետ (ինչն ապացուցում է, որ այս նախագիծը հերթական «հավերժական շարժիչը» չէ, այլ միանգամայն լուրջ և հեռանկարային տեխնոլոգիա)։

Главный конструктор компании Высокотемпературные кристаллы Георгий Агаджанян
© Sputnik / Andranik Ghazaryan
Գեորգի Աղաջանյան

Ընկերությունը նաև գլխավոր արժեք ունի՝ մարդիկ, մասնագետները։ Ձեռնարկության գլխավոր կոնստրուկտորը բարձրակարգ ինժեներ Գեորգի Աղաջանյանն է, որ տեխնոլոգիան մշակել է բոլոր մանրուքներով։ Կան փորձառու ֆիզիկոսներ, որոնք նրա հետ հաշվարկել են, թե ինչպես պետք է արտադրական հանգույցները դիմանան մեխանիկական մաշվածությանը, բարձր ջերմաստիճանին, ճնշմանը։ Կան նաև բարձրակարգ զոդողներ և այլ վարպետներ։ Նրանք բոլորը անհամբեր սպասում են, թե երբ կկարողանան իրենց հարուստ գիտելիքները կիրառել գործնականում։

Ըստ թեմայի

Հայաստանի քիմիական սպառնալիքը․ արդյունաբերական անցյալը խանգարում է էկոլոգիական ապագային
Հանքահումքային արդյունաբերության աճը փրկե՞ց տնտեսական անկումից. տնտեսագետի պարզաբանումը
Ի՞նչ է փոխվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. Փաշինյանը թվեր է ներկայացրել
թեգերը:
արտադրություն, գիտություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ