21:36 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
66011

ՀՀ տնտեսությունը փրկելու ու հնարավոր կոլապսից խուսափելու համար պետք է հրաժարվել ամբոխահաճո քայլերից։ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է 2020թ–ի տնտեսական տարին ու ներկայացրել 2021թ–ի վերաբերյալ իր կանխատեսումները։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը մեկ բառով է որակում` «ամբոխահաճո»։

«Ամբոխահաճո գործողությունները հանգեցնում են տնտեսական պոտենցիալի խժռման, երբ կառավարության գործողությունները տվյալ պահին ուղղված են միայն նրան, որ հանրությունն ասի` էս կառավարության նմանը չկա, որովհետև որևիցե մեկը ծննդօգնության նպաստներն այսքան կտրուկ չբարձրացրեց, որևէ կառավարություն նվազագույն աշխատավարձն այսպես կտրուկ չբարձրացրեց, իսկ իրենք բարձրացրին»,– ասաց Արամյանը։

Ամբոխահաճո քաղաքականության մեջ նախկին նախարարը դիտարկում է նաև պետական համակարգին բաշխվող պարգևավճարներն ու հավելավճարները։

Նշենք, որ նվազագույն աշխատավարձը 2020 թ.–ին 55 000 դրամից դարձավ 68 000 դրամ, բազային կենսաթոշակը`16 000–ից` 18 000 դրամ, երեխայի ծննդյան նպաստը` 50 000–ից` 300 000 դրամ։ Արդյունքում`2021թ.–ի բյուջեով ընթացիկ ծախսերը 2018թ–ի նկատմամբ աճել են 335 մլրդ դրամով։ Իսկ քանի որ բյուջեի գումարները չեն բավարարում այդ ծախսերին, կառավարությունը, Արամյանի խոսքով, ստիպված է լինելու նոր պարտքեր ներգրավել։

2021թ–ի բյուջեով նախատեսված մեկ այլ ցուցանիշի` տնտեսական աճի 3.2 տոկոս աճին Վարդան Արամյանը թերահավատորեն է վերաբերվում`արձանագրելով, որ աճի համար անհրաժեշտ են ներդրումներ, մինչդեռ Հայաստանում նույնիսկ պատերազմից ու համաճարակից առաջ` 2019թ–ին, ներդրումների ծավալը 14 տոկոսով կրճատվել էր, իսկ 2020թ.–ին արդեն 20 տոկոսանոց անկում կա։

«Տնտեսական աճի պոտենցիալը բոլոր գործիքներով մինչև 2019 թվականը գնահատվում էր 4-4.5 տոկոս, իսկ հիմա հազիվ 2 տոկոսանոց աճի է հավակնում»,– ասաց Արամյանը։

Նախկին նախարարի գնահատմամբ` ՀՀ գործող իշխանությունը 2.5 տարվա ոչ խելամիտ տնտեսական քաղաքականության հետևանքով կոտրել է Հայաստանի տնտեսական ողնաշարը` լուրջ վտանգներ ստեղծելով 2021թ.–ի համար։ 

«Տնտեսվարողների ներդրումների կամ հեռանկարային տնտեսական քաղաքականության համար 4 կարևոր հենասյուն կա` հարկաբյուջետային կայունություն, դրամավարկային և ֆինանսական կայունություն, քաղաքական կայունություն և անվտանգություն։ Հիմա մենք այս 4 հենասյուներում բոլորում ունենք ռիսկեր»,– ասաց Արամյանը։

Ստեղծված իրավիճակից ելքը, նրա դիտարկմամբ, կարող է լինել միայն տնտեսական քաղաքականության կոշտացումը։ Բայց նրա կանխատեսմամբ, կառավարությունը դրա փոխարեն գնալու է նոր պոպուլյար քայլերի։

Այս կանխատեսումներն, ըստ Արամյանի, հիմնված են արդեն առկա իրական ազդակների վրա, երբ կառավարությունը վարչապետի մակարդակով հայտարարում է, որ իր վրա է վերցնում այս կամ այն ծախսը։ Այս կերպ շարունակելու դեպքում, Արամյանի կանխատեսմամբ, Հայաստանին ոչ միայն տնտեսական ճգնաժամ, այլև կոլապս ու դեֆոլտ է սպառնում։

«Օրինակ` Արգենտինայում մարդիկ առավոտյան արթնացան ու կառավարությունն ասաց, որ բանկային ավանդներն այդ օրվանից ոչ թե դոլարով, այլ պեսոյով են, ընդ որում, մարդիկ իրավունք չունեն դա միանգամից հանելու, մաս–մաս պիտի օգտագործեն և այլն։ Այսինքն` այն, ինչ մենք ունեցանք 90-ականներին` խորհրդային ավանդների հետ կապված։ Նույնը նաև Բրազիլիայում է եղել։ Մեկ այլ օրինակ էլ Հունգարիան է, երբ 2000–ականներին քաղաքացիների խնայողություններն ուղղակի պետականացվեցին»,– նշեց Արամյանը։

Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան

Այս անցանկալի սցենարներից խուսափելու համար Վարդան Արամյանի դիտարկմամբ,  կառավարությանը հանրության համար ցավոտ գործիքակազմ պիտի սկսի կիրառել նախապես` չսպասելով իրավիճակի էլ ավելի խորացմանը։ Մինչդեռ վարվող քաղաքականությունը, հակառակը` միայն ավելի է վատացնում երկրի տնտեսական վիճակը։

«Այո, գալու է մի ժամանակ, երբ տնտեսությունն ունակ չի լինելու գեներացնել այդքան գումար, որպեսզի կարողանա ընթացիկ ծախսերը հոգալ։ Պարտք տվողներն էլ կա՛մ չեն տալու, կա՛մ տալու են այդ գումարն աստղաբաշխական թվերով։ Դրա արդյունքում հենց իմ հիշատակած կոլապսն է լինում, երբ ներդրողները հրաժարվում են քեզ գումար տրամադրել ու տեղի է ունենում դեֆոլտ»,– ասաց նա։

Անդրադառնալով հնարավոր իշխանափոխության դեպքում տնտեսական քաղաքականության հնարավոր փոփոխությանը, Վարդան Արամյանը հայտնեց, որ այդ պարտավորությունն իր վրա վերցրած ուժը ստիպված է լինելու մեծ ռիսկի դիմել, քանի որ ստիպված է լինելու հրաժարվել ամբոխահաճո քայլերից, կատարել ոչ պոպուլյար քայլեր, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են հանրության շատ ավելի մեծ դժգոհությանը։

Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա

Ըստ թեմայի

Վարդան Արամյանը պաշտոն ստացավ Հայաստանի խոշոր ձեռնարկություններից մեկում
Ես վատ եմ զգում ինձ, երբ նման նախարարն իմ վճարած հարկից պարգևատրումներ է ստանում. Արամյան
Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան
թեգերը:
ՀՀ ֆինանսների նախարարություն, Վարդան Արամյան, տնտեսություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ