12:40 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
283 0 0

Պաշտոնական վճակագրության համաձայն՝ «ՌԱՆ ՕՅԼ»-ը թե՛ բենզինի և թե՛ դիզվառելիքի շուկաներում ինչպես ներմուծող, այնպես էլ իրացնող խոշոր ընկերությունների ցանկերում չկա: Փոխարենը կա խոշոր հարկատուների ցանկում, ու հասցրել է կլորիկ պարտքեր կուտակել:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Սիլ կոնցեռի» կողմից «ՌԱՆ ՕՅԼ» ընկերության ձեռքբերման գործարքի վերաբերյալ դիմում չի ստացել:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հանձնաժողովից՝ պատասխանելով նշված գործարքի հետևանքով վառելիքի շուկայում հնարավոր համակենտրոնացման վտանգի մասին հարցին:

«ՀՀ ՏՄՊՊՀ֊ն նշված ընկերություններից դիմում չի ստացել համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ։ Սակայն, եթե հանձնաժողովը պարզի, որ նման անհրաժեշտություն կար, ապա իր նախաձեռնությամբ կուսումնասիրի հարցը»,- հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, հակառակը՝ կարծիք հայտնեց, որ պետությունը պարտավոր է վերահսկել նմանօրինակ գործարքները՝ շուկայում հակամրցակցային համաձայնություններն ու գնային չարաշահումները թույլ չտալու համար:

«Ես ոչինչ չեմ բացառում: Իսկ որպեսզի դա կանխվի, պետությունը պետք է ներկա լինի, ընդ որում՝ ակտիվորեն պետք է ներկա լինի այդ գործընթացներում»,- ասաց Մանասերյանը:

Նշենք, որ գործարքի վերաբերյալ մեկնաբանություններում հիմնականում իշխում է այն տեսակետը, թե «ՌԱՆ ՕՅԼ»-ի ձեռքբերմամբ Խաչատուր Սուքիասյանը փորձում է մուտք գործել ավտովառելիքի շուկա և միանգամից գերիշխող դիրք ստանալ դրանում:

Ավելորդ չէ նշել, սակայն, որ պաշտոնական վճակագրության համաձայն, «ՌԱՆ ՕՅԼ»-ը թե՛ բենզինի, և թե՛ դիզվառելիքի շուկաներում ինչպես ներմուծող, այնպես էլ իրացնող խոշոր ընկերությունների ցանկերում չկա:

Այսպես. ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2017 թվականին Հայաստան բենզին է ներմուծել 4 ընկերություն՝ CPS, «Ֆլեշ» «Էյ-Բի էքսպորտ» և «Մաքս Պետրոլ»:

Հայաստանում բենզինն ու հեղուկ գազը թանկացել են․ ո՞րն է պատճառը

2018-ին այս ցանկը համալրվել է ևս 2 ընկերություններով՝ «Ռոսնեֆտ էքսպորտ» ու «Պլատինում օյլ»:

2019-ին նշված 6 ընկերություններից ներմուծում չի իրականացրել միայն«Էյ-Բի էքսպորտ»-ը:

Դիզելային վառելիքի շուկայում ևս 2017 և 2018 թվականներին հիմնական ներկրողները եղել են CPS, «Ֆլեշ» «Էյ-Բի էքսպորտ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները, ինչպես նաև «Ռուսալ Արմենալը» և «Զարզանդ Սարոյան» ՍՊԸ-ն:

2019-ին դիզվառելիք ներկրողների թիվը Հայաստանում միանգամից ավելացել է 12-ով: Վերոնշյալ 6 ընկերություններին ավելացել են նաև «Մաքս օյլ» , «Մեգա օյլ», «Գոլդբլեք նեվտ», «Նեյթոյսշին», «ԱԳ Իմպեքս», «Լիմոն Գրուպ», «Գազ օյլ», «Նարսան», «Սիներգի», «Արաս օյլ», «Մեսման» և «Վառ օյլ» ընկերությունները:

Հարկ է փաստել, որ որքան էլ շուկան ընդլայնվել է, ներկրողների թիվն ավելացել, բայց «ՌԱՆ ՕՅԼ»-ի անունը դարձյալ դրանց շարքում չի հանդիպում:

Բանն այն է, որ «ՌԱՆ ՕՅԼ»-ը հիմնականում հանդես է գալիս որպես իրացնող ընկերություն: Պարզ ասած՝ այդ ընկերությունն իր բենզալցակայանների միջոցով վերավաճառում է այլ ներկրողներից գնած վառելիքը: Բայց, պաշտոնական վիճակագրությունից դատելով, թե՛ բենզինի ու թե՛ դիզվառելիքի իրացման շուկայում ևս «ՌԱՆ ՕՅԼ»-ը խոշոր խաղացողների ցանկում չկա: Հայստանում այս բիզնեսի 90%-ից ավելին պատկանում է CPS, «Ֆլեշ» և «Մաքս Պետրոլ» ընկերություններին:

Շրջանառող մեկ այլ վարկածի համաձայն Խաչատուր Սուքիասյանը՝ որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ, ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի միջոցով ճնշումներ է կիրառել «ՌԱՆ ՕՅԼ»-ի նկատմամբ, որպեսզի դրա սեփականատեր Ռոբերտ Գալուստյանին ստիպի իրեն վաճառել բիզնեսը:

Թե՛ Գալուստյանը, թե՛ Սուքիասյանը մամուլում հերքել են այս տեղեկությունները: Այդուհանդերձ, պարզվում է, որ Գալուստյանը 2020թ-ին պետությանը բավական կլորիկ գումար է պարտք մնացել:

Համաձայն ՀՀ ՊեԿ հրապարակած ծանուցագրի, Գալուստյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «ՌԱՆ ՕՅԼ ՊԼՅՈՒՍ»-ը, որը ստեղծվել է 2020թ-ի մարտին, տարեվերջին արդեն 141 410 123 դրամի չկատարված հարկային պարտավորություններ է կուտակել: Նշենք, որ Գալուստյանի երկու ընկերություններն էլ ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում են. «ՌԱՆ ՕՅԼ»-ը 2020-ին բյուջե է մուծել 837 948 000 դրամ, «ՌԱՆ ՕՅԼ ՊԼՅՈՒՍ»՝ 359 370 000: Թե որքանով կարող է 141 մլն-ը 1.1 մլրդ դրամ հարկ վճարողի նկատմամբ ճնշում լինել, մենք զերծ կմնանք ենթադրություններ անելուց՝ միաժամանակ չբացառելով, որ հնարավոր է՝ եղել են նաև այլ՝ չհրապարակված ճնշումներ ևս:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց «ծանոթ-բարեկամ» կապի ներգործության հնարավորությունը՝ միաժամանակ նշելով, որ ինչպես բարեկամությունը, այնպես էլ թշնամանքը կարող են ազդել տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների վրա, ու նման դեպքեր նախկինում շատ են եղել:

«Բայց էմոցիոնալ դաշտով տնտեսություն չի կարելի ղեկավարել, ու պարտավոր են, եթե անգամ հարազատ եղբայրներ էլ լինեն, հաշվի առնեն, որ ՀՀ-ում կան օրենքներ, կարգավորող մարմիններ, որոնք իրավասու են այդ հարցերը հանգուցալուծել և ոչ թե թողնել սուբյեկտիվ քմահաճույքին»,- ասաց Մանասերյանը:

Բարև, թանկացումներ․ Արարատի մարզի մի քանի գծատերեր ապօրինի բարձրացրել են ուղեվարձը

Անդրադառնալով Գալուստյանին պատկանող ընկերության նկատմամբ հարկային վարչարարության ու 141 մլն դրամից ավելի պարտքին, տնտեսագետը չբացառեց, որ դա կարող է լինել հենց մամուլում շրջանառող «ճնշման» վկայությունը:

«Պետք է ստիպել, որ պետությունը՝ հանրային պահանջարկի ճնշման տակ, ոչ թե մասնավոր դուքանի մակարդակով հարցեր կարգավորի՝ պարտք ունենա, մարի, կամ ների, կամ չգիտեմ ինչ անի, այլ կատարի օրենքով իրեն վերապահված գործառույթները»,- ասաց Մանասերյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին հայտնի դարձավ, որ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «ՌԱՆ ՕՅԼ»-ը: Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հաստատել էր այդ տեղեկատվությունը՝ միաժամանակ վստահեցնելով, որ «Սիլ կոնցեռն»-ը Հայաստանում մենաշնորհ հաստատելու որևէ միտում չունի:

Ըստ թեմայի

Հայաստանում բենզինն ու հեղուկ գազը թանկացել են․ ո՞րն է պատճառը
Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար
Խաչատուր Սուքիասյանը գնել է «ՌԱՆ ՕՅԼ»-ը. ընկերությունից վստահեցնում են՝ մենաշնորհ չի լինի
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), վաճառք, Խաչատուր Սուքիասյան, բենզին

Գլխավոր թեմաներ