ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը հետաձգել է սպիտակ շաքարի ներմուծման մաքսատուրքերի ժամանակավոր զրոյացման հարցի քննարկումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ մինչ այդ միության երկրների համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ կանցկացվեն խորհրդակցություններ:
«Որոշվել է լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել Եվրասիական տնտեսական միության երկրների շաքարի արտադրության և սպառման հարցերի կարգավորումն իրականացնող գերատեսչությունների ղեկավարների հետ և շարունակել քննարկումը խորհրդի հաջորդ նիստում», - ասվում է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի հայտարարության մեջ:
Մարտին ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանը ԵԱՏՀ-ի հետ քննարկում է մայիսի 15-ից օգոստոսի 31-ը ոչ ավելի, քան 350 հազար տոննա ծավալով սպիտակ շաքարի ներմուծման մաքսատուրքերի վերացման հարցը: Ընդ որում, ԵԱՏՀ առևտրային բլոկում հայտնել են, որ հանձնաժողովը կարող է արագ որոշումներ ընդունել շաքարի ներմուծման մաքսատուրքերը հանելու մասին՝ պայմանով, որ դրա դեֆիցիտը կհաստատվի։
Ռուսաստանում շաքարի արտադրությունը վերջին տարիներին գերազանցում է սպառումը։ Օրինակ` 2019-2020 գյուղատնտեսական տարում (2019 թվականի օգոստոսից մինչեւ 2020 թվականի հուլիսը) շաքարի ճակնդեղի արտադրության ծավալը Ռուսաստանում կազմել է շուրջ 7,6 միլիոն տոննա, իսկ դրա սպառումը՝ շուրջ 6 միլիոն:
Արտադրության զգալի ծավալները հանգեցրել են էական ապրանքային պաշարների ձևավորմանը, ինչն իր հերթին ազդել է շաքարի գների նվազման վրա։
Հիշեցնենք` Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2-ին։ Կազմակերպությանն անդամակցում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։
Թուրքիան հանվել է ԵԱՏՄ արտոնություններից օգտվող երկրների ցանկից