01:13 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Տնտեսություն
Ստանալ կարճ հղումը
241 0 0

Հայաստանի պետական պարտքի «ահագնացումը» դարձել է հասարակությունում ամենաքննարկվող հարցերից մեկը։ Քննարկումներն էլ հանգում են նրան, որ «երկրում ինչ մնացել է, կվաճառեն»։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության պարտքը հիմա իրոք ավելի բարձր է, քան ՀՆԱ–ի (այսինքն` երկրի տնտեսության) 60%-ը. 2020-ի վերջի դրությամբ այն կազմում էր 63,5%։ Սակայն կան մի քանի գործոններ, որոնք էապես նվազեցնում են պարտքի իրական բեռը։

Ներքին պարտք

Վերջին տարիներին նախևառաջ աճում էր ներքին պարտքի տեսակարար կշիռը. 2009-ին այն կազմել է ընդհանուր պարտքի մոտ 14%-ը, իսկ 2020-ի վերջում` արդեն գրեթե 25%–ը, հիշեցնում է ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

Սա կարևոր է այնքանով, որ ներքին պարտքն ավելի հեշտ է սպասարկել. դրա վրա չեն ազդում փոխարժեքի ռիսկերը, անհրաժեշտության դեպքում այն ավելի հեշտ է վերաձևակերպել։ Բայց ամենաէականը` այդ գումարը մնում է երկրի ներսում, մասնակցում տնտեսական շարժին, իսկ դրա մի մասն էլ հարկվում է, այսինքն` վերադառնում պետական բյուջե։

«Իհարկե, պարտատոմսերի տոկոսային բեռն ավելի բարձր է, բայց վերջին տարիներին այն անընդհատ նվազում է, ինչը վկայում է մեր երկրի հանդեպ ունեցած վստահության մասին։ Դրանից բացի, 2017-ից մեր երկիրը թողարկում է 30 տարվա ժամկետով պարտատոմսեր, որոնց թողարկումներն ամբողջությամբ գնվում են։ Կասկածելի երկրի պարտքը ոչ ոք չէր համաձայնվի գնել երեսուն տարով», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծում է Մարգարյանը։

Ըստ գործադիրի կազմած` կառավարության պարտքի կառավարման 2021-23 թթ. ռազմավարական ծրագրի` ներքին պարտքի տեսակարար կշիռը կառավարության ընդհանուր պարտքում նախատեսվում է ավելացնել առնվազն մինչև 30%:

Начальник департамента по управлению госдолгом Минфина Армении Аршалуйс Маркарян
© Sputnik / Aram Nersesyan
Արշալույս Մարգարյան

«Պետական պարտատոմսեր են ձեռք բերում ոչ միայն բանկերը, այլև հասարակ քաղաքացիները։ Եթե 15-20 տարի առաջ այդպիսի գնորդները 80-90 էին, ապա հիմա` մի քանի հազար հոգի, իսկ նրանց գումարային ներդրումները 5-6 միլիարդ դրամ են։ Սա շատ մեծ թիվ չէ (շրջանառվող գանձապետական պարտատոմսերի մեկ տոկոսից պակաս է), բայց կրկին վկայում է բնակչության վստահության մասին», – հավելում է Մարգարյանը։

Ի՞նչ տոկոսներ ենք տալիս

Կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 2020-ի ընթացքում ոչ միայն չի աճել, այլ անգամ նվազել է` 4,8%-ից 4,3%։

Պատճառներից մեկը կախված չէր կառավարությունից. 2020-ի ճգնաժամի հետևանքով նվազել են միջազգային լողացող տոկոսադրույքները (օրինակ՝ Libor տոկոսադրույքը միջին տարեկան ցուցանիշը 2,32%-ից նվազել է 0.69%), իսկ այդ տոկոսադրույքներով սպասարկվող վարկերը կառավարության պարտքի մոտ 20%-ն են կազմում։

Բայց կա նաև մեկ այլ կարևոր գործոն։ Նախորդ տարիներին Համաշխարհային բանկը (որը Հայաստանի խոշորագույն վարկատուն է) սկսել էր վերաձևակերպել իր` նախկինում տրված վարկերի տոկոսները, քանի որ Հայաստանը թևակոխել է «բարձր միջին եկամուտ ունեցող» երկրների խումբ` ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ի (այս իրավիճակը պահպանվել է նաև 2020-ին: Այսպես՝ Զարգացման միջազգային ընկերակցության գործադիր տնօրենների խորհուրդը որոշում էր ընդունել Հայաստանին նախկինում տրամադրված վարկերի մեծ մասի գծով վարկավորման պայմանների խստացման ուղղությամբ՝ հավելյալ 1.7% դրույքաչափով ավելացնելով վարկային համաձայնագրերով ամրագրված տոկոսադրույքը, որը կիրառվեց 2014 թվականի հուլիսի 1-ից: Սակայն հաշվի առնելով 2020-ի ճգնաժամային իրադարձությունները` ՀԲ–ն համաձայնել էր ժամանակավորապես (մեկ տարի ժամկետով՝ մինչև այս տարվա հունիսի 30-ը) չեղարկել տոկոսադրույքների բարձրացման որոշումը։ Հայաստանը մեկ տարում տնտեսել է տասը միլիոն դոլարից ավել տոկոսավճար։

Վերջապես, արտարժութային պետական պարտատոմսերով (եվրաբոնդերով) վճարումներ կատարվել են նույնիսկ ամենածանր ժամանակ` 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։ Այդ ժամանակ մարվել է 2013-ին թողարկված և դեռևս շրջանառության մեջ եղած մոտ 98 միլիոն դոլարի պարտատոմս։

Սա վկայում է, որ Հայաստանը ցանկացած վիճակում պատրաստ է մարել իր պարտավորությունները, և սա պատճառներից մեկն էր (թեև ոչ միակը), որով 2021թ. հունվարին Հայաստանը կարողացավ տեղաբաշխել նոր 10 տարվա ժամկետով պարտատոմսեր աննախադեպ ցածր` 3.875% եկամտաբերությամբ։

«Այսպիսով, մենք ունենք մինչև մարումը տարբեր ժամկետներ ունեցող երեք պարտատոմսերի էմիսիա։ Սա շատ մեծ վստահություն է ներշնչում մեր միջազգային գործընկերներին, քանի որ նրանք ունեն մեր երկրի ռիսկերի չափման միանգամից երեք շուկայական գործիք», – ընդգծում է Մարգարյանը։

Ընդ որում` բացառված չէ, որ այս վերջին` 750–միլիոնանոց թողարկման մի մասի հաշվին կմարվեն նախորդ թողարկումները. սա արվում էր նաև նախկինում և թույլ էր տվել մեղմել 2020-ի մարման պիկը (այդ ժամանակ պիտի մարվեր 2013-ի թողարկումը, բայց դրա մի մասը մարվել է դեռևս 2015-ին և 2019-ին)։ Նույնը կարող է արվել նաև 2025 և 2029 թ մարումների համար։

Պարտքի վերադարձ

Հիշեցնենք, որ 2020-ին վերցվել էր միայն մեկ խոշոր վարկ` Արժույթի միջազգային հիմնադրամից (որն ի սկզբանե նախատեսված չէր և կրում էր հակաճգնաժամային բնույթ)։ Ստորագրված վարկը կազմել էր 231.7 միլիոն SDR (ԱՄՀ–ի կողմից օգտագործվող պայմանական հաշվարկային միավոր) և ընդհանուր ստորագրված նոր վարկերի մոտ 90%-ն էր։ Մնացած երկու վարկերը միասին մոտ 30 միլիոն եվրո էին կազմել, ինչը շատ ավելի քիչ է, քան նախորդ տարիներին։ Դրանից բացի, ինչպես նշեցինք, ներգրավվել է 750 միլիոն դոլարի պարտատոմս, բայց դրա մարման հնարավորությունների մասին ևս արդեն խոսեցինք։

Իրականում, չհաշված ԱՄՀ–ի ճգնաժամային վարկը, Հայաստանի արտաքին վարկերը շարունակում են կրճատվել, այսինքն` վարկերի մարումներն ավելի շատ են, քան նոր վարկերի ներգրավումը։

Պարտքի կրճատման ռազմավարությունը ընդհանուր գծերով նույնն է` ավելացնել ներքին պարտքը, իսկ նախևառաջ` սեփական եկամուտները։ Սա հնարավոր չէ անել առանց արդյունաբերության զարգացման և նոր արտադրությունների, բայց սա արդեն այլ թեմա է։

Հիշեցնենք` 2021-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 8 միլիարդ 318 միլիոն դոլար կամ 2021թ. պետական բյուջեով 2021-ի համար ծրագրված անվանական ՀՆԱ–ի 67,7%-ը։ Ինչ վերաբերում է պարտքի կառավարելիության ցուցանիշներին, ապա ներքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի մեջ կազմում է 24,8% (ուղենիշային ցուցանիշը` 25%), ֆիքսված տոկոսադրույքով պարտքի կշիռը կազմում է 82,3% (ուղենիշ` 80%), պարտքի միջին ժամկետայնությունը կազմում է մոտ 8,8 տարի (ուղենիշը` 8-11 տարի), իսկ պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կազմում է 4,3%` համեմատած 2019-ի 4,8%-ի հետ և 2015-ի 4.5%–ի հետ։

Ըստ թեմայի

Ի՞նչ ունես–չունես. նոր հավելվածները կօգնեն հարկեր վճարել և... ՊԵԿ–ից գումար ստանալ
«Ամենագետ» հայ սեփականատերերը, կամ ի՞նչն է խանգարում հայկական արտադրանքին ՌԴ շուկայում
Նանոշապիկներ. ինչպես և ինչով կարող է Իրանը փոխարինել թուրքական հագուստն ու ներկը ՀՀ–ում
Ինչպես է փոխվել անշարժ գույքի շուկան Հայաստանում 2021թ․-ի մայիսին․ կադաստրի տվյալները
թեգերը:
պետական պարտք, ՀՀ ֆինանսների նախարարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ