12:44 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Давид Хитарян

Օլիմպիական խաղերում հայ միակ ձյուդոիստից մարզիչը հաղթանակ է ակնկալում

ARMNOC
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
6610

Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել: Այս պահի դրությամբ Հայաստանի օլիմպիական թիմն ընդհանուր առմամբ 21 ուղեգիր ունի: Ձյուդո ըմբշամարտն օլիմպիական ամենահետաքրքիր մրցաձևերից է, և Բրազիլիայում տատամի դուրս գալու իրավունք հայ մարզիկներից միայն Հովհաննես Դավթյանին է հաջողվել ստանալ:

Առաջիկա մրցաշարի ու Հայաստանում ձյուդոյի ապագայի մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի մեկնաբան Խաչիկ Չախոյանը զրուցել է Հայաստանի ձյուդո ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի հետ:

-Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող ձյուդոիստները մեծ հաջողություններ չեն արձանագրել: Հիմա էլ մենք հիմնական հույսը կապելու ենք 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանի հետ: Իսկ ուղեգիր վաստակելու այլ հնարավորություններ ունե՞նք:

— Նախ նշեմ, որ ինչ ձյուդոյի օլիմպիական մրցաշարը դարձել է վարկանիշային, մենք մասնակիցներ ունեցել ենք: Հովհաննես Դավթյանից բացի` օլիմպիական խաղերին մասնակցել է նաև 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, ով արդեն ավարտել է մարզիկի կարիերան և Հայաստանի հավաքականի մարզիչն է: Հիմա վարկանիշ ապահովելու է Հովհաննես Դավթյանը, և բնականաբար մեկ վարկանիշը մեզ համար բավարար արդյունք չէ:

Ձյուդոյում, ի տարբերություն այլ մրցաձևերի, վարկանիշ վաստակելու համար կան յուրահատկություններ, որոնք էլ դժվարացնում են վարկանիշ ձեռք բերելը: Ձյուդոյում օլիմպիական ուղեգիր վաստակում են չորս տարվա ընթացքում, ու բոլոր մրցաշարերին էլ մասնակցում են ուժեղագույն ձյուդոիստները: Կազմվում է ավելի շատ միավորներ վաստակած 22 մարզիկների ցուցակը, և նրանք մասնակցում են Օլիմպիական խաղերին:

Դեռ կան մրցումներ, ու մեր մյուս մարզիկները` Ֆերդինանդ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը նույնպես կարող են միավորներ վաստակել և վարկանիշ ձեռք բերել: Նրանք ստիպված կլինեն մասնակցել առաջիկա երկու մրցումներից միայն մեկին, որովհետև մյուսը Բաքվում է անցկացվելու: Իսկ Ղազախստանում միայն հաղթող դառնալու դեպքում Կարապետյանն ու Ստանկևիչը իրավունք կվաստակեն մասնակցելու Օլիմպիական խաղերին:

Ֆերդինանդ Կարապետյանն, ի դեպ, միավորներ է վաստակել վերջին մեկ տարվա ընթացքում: Եթե նա գոնե կես տարի ավելի շուտ սկսեր գոտեմարտել, ուղեգիր վաստակած կլիներ:

-Հովհաննես Դավթյանը թեև 33 տարեկան է, բայց բավականին լավ մարզավիճակում է ու վերջերս Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

— Գուցե շատերի համար Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալը լավ արդյունք կհամարվեր, բայց կոնկրետ Դավթյանի համար դա բավարար արդյունք չէ: Ճիշտ է, մենք շատ ուրախացանք, քանի որ Հովհաննեսը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ապրիլի 23-ին հաղթեց թուրք մրցակցին: Բայց, իրոք, կարող էր հաղթել նաև եզրափակչում:

-Հովհաննեսը կարծես հոգեբանական խնդիր ունի ձյուդոյի ասիական դպրոցի ներկայացուցիչների հետ գոտեմարտելիս, դա այդպե՞ս է։

— Չեմ կարծում, որ դա հոգեբանական խնդիր է: Հովհաննեսը կամային որակներով օժտված տաղանդավոր մարզիկ է: Ինչու եմ նշում տաղանդավոր, որովհետև այն պայմանները, որոնք կան Հայաստանում մարզվելու համար, հնարավորություն չեն տալիս մեր մարզիկին ապահովել բարձր արդյունք: Այստեղ տարբեր կարգի խնդիրներ կան. մենք չունենք մարզչական ռեզերվ, ուսումնամարզական կենտրոններ, մասնագիտացված դպրոցներ, և հետևաբար չենք կարողանում ցանկալի թվով բարձրակարգ ձյուդոիստներ պատրաստել:

-Ճիշտ է, մենք ձյուդոյում դեռևս այնպիսի հնչեղ հաղթանակներ չունենք, օրինակ, ինչպես հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Բայց վերջերս Շահեն Աբաղյանը հիանալի հաղթանակ տարավ Եվրոպայի գավաթի առաջնությունում:

— Այո, Շահենն իրեն հիանալի դրսևորեց ու եզրափակչում հաղթեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին: Երբ մեր մարզիկների ոգին բարձր է լինում, կարողանում են հասնել իրենց նպատակին: Մենք ընդհանրապես շատ կորուստներ ենք ունենում պատանեկան տարիքից երիտասարդականին անցնելու հատվածում: Երբ գալիս է բանակի տարիքը, խնդիրներ են առաջանում, քանի որ սպորտային վաշտում ծառայելու հնարավորություն են ստանում միայն տիտղոսներ նվաճած մարզիկները:

Բացի այդ` մեր ֆինանսավորումը հնարավորություն չի տալիս տարվա ընթացքում գոնե 200 օր անցկացնել ուսումնամարզական հավաքներում, նախապատրաստել մարզիկներին առաջիկա մրցումներին ու ապահովել սպարինգներ:

-Պարոն Խիթարյան, Դուք միակ հայ մրցավարն եք, ով միջազգային ամենաբարձր կարգի մրցումներ սպասարկելու իրավունք ունի: Իսկ Օլիմպիական խաղերում հնարավորություն կա՞ հանդես գալու որպես մրցավար:

— Ինչպես սահմանված են վարկանիշային մրցաշարեր մարզիկների համար, այդպես էլ մրցավարների համար է: Ես օլիմպիական կարգի մրցավար եմ: Սպասարկել եմ Կազանում անցկացված Եվրոպայի առաջնությունը, բայց, ցավոք, Օլիմպիական խաղերին հրավեր չեմ ստացել: Այստեղ շատ մեծ մրցակցություն է: Օլիմպիական մրցաշարը, որը տևելու է յոթ օր, սպասարկելու է 12 մրցավար, որոնցից միայն վեցն է Եվրոպայից: Իսկ ձյուդոյի միջազգային ֆեդերացիային անդամակցում է եվրոպական 51 երկիր: Ու պատկերացրեք, որ այդ 51 երկրից ընդամենը վեց մրցավար է ներկայացված լինելու:

-Եվ վերջում՝ ի՞նչ կցանկանայիք մեր մարզիկներին օլիմպիական խաղերում:

— Իհարկե` ոսկե մեդալ, կամ ինչո՞ւ չէ` ոսկե մեդալներ: Բոլորին էլ հաջողություն եմ ցանկանում ու շատ կուրախանամ, եթե մեր մարզիկը դառնա օլիմպիական չեմպիոն, կրկնակի կուրախանամ, եթե դա լինի ձյուդոիստ:

 

 

Գլխավոր թեմաներ