11:19 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ալեքսանդր Սարգսյան

Չեխիայի հայերը պահպանում են ավանդույթները և օգնում Ղարաբաղին

© Sputnik/ Asatur Yesayants
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
5320

Չեխիայի հայ համայնքը դեռ երիտասարդ է, սակայն իր գոյության քառորդ դարի ընթացքում այն ձևավորվել է որպես կառույց և այսօր աջակցություն է ցուցաբերում հայրենիքին։ Չեխիայում բնակվող հայերի և համայնքի գործունեության մասին պատմեց «Ուրարտու» հայ–չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը։ Նրա հետ զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Ինչպե՞ս է ապրում Չեխիայի հայ համայնքը։

— Պատկերացրեք` 90-ականներին Չեխիայում հայկական դեսպանատուն չկար։ Բոլոր խնդիրները ստիպված էինք լուծել մեր համայնքի միջոցով։ Այսօր և՛ դեսպանատուն ունենք, և՛ համայնք։ Մեկ տարի առաջ էլ չեխական Կաթոլիկ եկեղեցու վանահայր, կարդինալ Դոմինիկ Դունկանը մեզ նվիրեց Պրահայում Սուրբ ոգու եկեղեցին։ Այն քաղաքում, որտեղ ես բնակվում եմ` Ելգավում, խաչքար է տեղադրված։ 2005 թվականին բերել եմ Հայաստանից։ Այսօր խաչքարի մոտ նույնիսկ հարսանեկան արարողություններ են անցկացվում։ Չեխիայում բնակվող 5 հազար հայերի համար համայնքին կից հայկական դպրոց է գործում։ Երիտասարդ սերունդը սերտորեն կապված է Հայաստանի հետ։ Մեր երիտասարդությունը ոչ միայն մայրենի լեզվին տիրապետում, այլև ծանոթ է հայկական ժողովրդական երգ ու պարին։

- «Ուրարտուից» առաջ Չեխիայում հայկական համայնք գոյություն ունեցե՞լ է։

— Չեխիան միշտ տարանցիկ դեր է ունեցել։ Այստեղ մարդիկ կանգառ էին անում և շարունակում ճանապարհը դեպի Ավստրիա, Գերմանիա և այլ երկրներ։ Այդ պատճառով էլ այստեղ հայեր գրեթե չեն եղել։ Երբ ես եկա Չեխիա, առաջին կես տարին պարուսույց էի աշխատում։ Բոլորը զարմացած էին, որ հայը կարողանում է այդքան հմտորեն ազգային պոլկա է բեմադրել։ Հետագայում պարզվեց, որ մենք` ես և ինձ հետ Չեխիա եկած խումբը, առաջին հայերն էինք այս երկրում։ Ես սկսեցի հայկական հետք որոնել։ Արդյունքում երկու հայկական գերեզման հայտնաբերեցի, որոնցից մեկը գտնվում է Սազավա քաղաքում։ Այնտեղ է թաղված 19-ամյա Արշավիր Դավիդյանը, որը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, քաղաքի պաշտպանության ժամանակ։ Տեղի բնակչության շնորհիվ մեզ հաջողվեց այդ տեղը սրբավայր դարձնել։ Ամեն տարի մայիսի 8-ին մենք հավաքվում ենք այնտեղ։

- Ձեզ և Չեխիայի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների պարգևատրել են Հայաստանի սփյուռքի նախարարության պատվոգրերով։ Ի՞նչ մրցանակ է դա։

— «Ուրարտու» հայ-չեխական միությունն այսօր երկրորդ կարգի պարգև է ստացել` հայրենիքի սահմաններից դուրս ազգային ինքնորոշման ու հայկական ոգու պահպանման մեջ ունեցած ներդրման համար։ Ուրախ ենք, որ մեր համայնքը նման ուշադրության է արժանացել։ Օտարության մեջ ապրելը, հայ մնալու ձգտումը և միաժամանակ գնահատված լինելը մեծ ձեռքբերում է։ Դա ավելի է ուժեղացնում։ Հայրենիքի սահմաններից այն կողմ հայ լինել մեծ հպարտություն է, իսկ հայ մնալը, ինքնությունը պահպանելը` սխրագործություն։ Դա մեզ հաջողվում է (ժպտում է)։

- Դժվա՞ր է արդյոք օտարության մեջ ապրել։

— Դժվար է։ Ես խոսում եմ, ու խոսքը ֆինանսականի մասին չէ։ Այդ առումով մեզ մոտ ամեն ինչ նորմալ է` աշխատում ենք, ապրում, գլխներիս ծածկ ունենք։ Սակայն զրկված ենք Հայաստանին բնորոշ հոգևոր կյանքից։ Մենք հանգիստ ենք ապրում` ամեն օր նույն բանը` աշխատանք, տուն, հեռուստացույց, հայկական հաղորդումներ։ Չեխիայում աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 6-ից, և որոշ մարդիկ ընտանիքը պահելու համար աշխատում են 10-12 ժամ ։

- Ապրիլյան դեպքերի ժամանակ չեխական համայնքը նույնպես օգնություն տրամադրեց։ Ի՞նչ օգնություն էր դա։

— Համայնքի ուժերով որոշակի գումար հավաքեցինք և ուղարկեցինք առաջնագիծ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվեց կապի միջոցներ ձեռք բերել։ Դա մի քանի ամիս տևեց, քանի որ այն պատվիրեցինք չինական և գերմանական ընկերություններից։ Այժմ արդեն դրանք Հայաստանում են։ Ես եկել եմ, որ անձամբ փոխանցեմ։

Գլխավոր թեմաներ