10:06 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Գամփռ

Ինչո՞ւ են գամփռին հայկական գելխեղդ կոչում

ККССА
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
40820

Շների շատ ցեղատեսակների մեջ միայն դրանցից տասին են «գելխեղդ» անվանում: Հայկական գամփռը դրանցից մեկն է: Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչ նմանություն կա գամփռի և հայ ժողովրդի միջև, և ինչու են այդ շանը գելխեղդ ասում:

Զուտ հայկական ցեղատեսակի շան առանձնահատկությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի հետ: Զրույցը վարել է Լիլիթ Հարությունյանը:

- Գամփռին հայկական լեռնաշխարհի ժառանգությունն են համարում…

— Միանգամայն իրավացի եք: Այսօր աշխարհում այդքան էլ շատ չեն աբորիգեն շները, գամփռը դրանցից մեկն է: Այդ ցեղատեսակը գոյություն ունի անհիշելի ժամանակներից և միշտ եղել է հայկական լեռնաշխարհի զարդը:

- Իսկ ճի՞շտ է, որ շատ դարեր առաջ գամփռը ծառայել է հայոց արքաներին:

— Ոչ միայն հայ, այլ նաև ասորական արքաներին: Թագավորներն օգտագործել են ռազմական նպատակներով: Պատերազմներում գամփռն առաջին շարքերում է եղել: Օղազրահներով խոշոր շներն ահուսարսափ են ներշնչել թշնամուն: Այդ ցեղատեսակի որոշ շներ կարող են կոտրել ձիու վերջույթները: Թագավորները շնապահներ են ունեցել, որոնք իմացել են, թե որ շունն է պատերազմելու, որը՝ պաշտպանելու:

Армянский гампр
ККССА
Հայկական գամփռ

- Ի՞նչ կասեք այդ շան հատկությունների մասին:

— Գամփռը հիանալի պահապան է, բայց միևնույն ժամանակ բազմաֆունկցիոնալ շուն է, այսինքն թե՛ պահապան է, թե՛ պահակ, թե՛ մարտիկ, թե՛ որսորդ: Նման ցեղատեսակները շատ չեն: Գամփռը յուրահատուկ է նաև իր բնավորությամբ: Ոչ բոլոր խոշոր ցեղատեսակներն են առաջին րոպեից իրենց ադեկվատ պահում մարդու հետ: Այդ շունը երկաթե հոգեվիճակ ունի, անչափ հավասարկշռված է, երբեք ոչ ադեկվատ որոշումներ չի կայացնում և չմտածված քայլեր չի անում: Նա պաշտում է այն ընտանիքը, որի հետ ապրում է: Ի դեպ, ես միշտ ասում եմ այդ շների տերերին, որպեսզի ձագերին մինչև 8-9 ամսական չշղթայեն: Ձագը պետք է ապրի ընտանիքում, որպեսզի նրան կին կերակրի, և երեխաները խաղան նրա հետ: Այդպիսով հետագայում նա կիմանա, որ պետք է պահպանի այդ ամենը:

Այդ շունը շատ դիմացկուն է և ոչ քմահաճ, հաճախ նա ստիպված է լինում երկար ճանապարհ անցնել սարերում կամ վատ եղանակին: Հանգիստ իրավիճակում գամփռը կարող է ժամերով ստատիկ վիճակում գտնվել՝ խնայելով էներգիան: Կարող է թվալ, թե նա մոռացել է՝ որտեղ է գտնվում, բայց աննկատ շարժման դեպքում այդ հսկայական զանգվածն այնպես է ցատկում է տեղից, որ այդ պահին նրան կարելի է համեմատել կոբրայի հետ:

Հատկապես յուրահատուկ են այդ ցեղատեսակի էգերը: Գյուղացին կարող է պահել 5-6 որձ շուն և մեկ էգ: Նա 24 ժամ շարժման մեջ է գտնվում. մշտապես հետևում է, թե ինչ է կատարվում: Էգ գամփռի նման պահվածքը բացատրվում է նրանով, որ նա մայր է՝ նույնիսկ անկախ նրանից՝ ձագ ունի, թե ոչ: Նա, միևնույն է, մայրական բնազդ ունի: Ինչ-որ վտանգ զգալով՝ հաչում ու նետվում է այդ կողմը՝ կանչելով որձերին: Մինչև որոշակի պահ նա բոլորից առաջ է վազում, բայց հենց բանը հասնում է կռվին, նա հետ է մնում՝ մնացածը թողնելով որձերին:

Гампр по имени Араз Кинологического союза Армении
© Sputnik/ Aram Nersesyan
Գամփռ

- Գամփռին գելխեղդ են անվանում, սակայն բոլոր առանձնյակները կարո՞ղ են հաղթել գայլին:

— Գայլը շատ ուժեղ և խելացի կենդանի է, ուստի սխալ է ասել, որ յուրաքանչյուր առանձնյակ կարող է հաղթել նրան: Այլ բան է, որ գամփռը տիրապետում է խեղդելու տեխնիկային: Եթե նրան հաջողվի բռնել գայլի կոկորդը, ապա բաց չի թողնի: Նման դեպքերում որպես կանոն հաղթում է շունը, սակայն լինում են դեպքեր, երբ շունը չի փրկվում ստացած վերքերի պատճառով: Ուստի կենդանիների հոտը հսկելիս նպատակահարմար է մի քանի շուն պահել: Լինում են դեպքեր, երբ գամփռը հաղթում է գայլին՝ մենակ կռվելով նրա հետ, այնպես որ լիովին արդարացի է կրում այդ անվանումը:

Թեստերի միջոցով կարելի է պարզել՝ ձագը հետագայում կկարողանա կռվել գայլի հետ, թե ոչ: Ձագերին գայլի մորթի են տալիս, որ հոտոտեն, և նրանց արձագանքից արդեն ամեն ինչ հասկանալի է դառնում. այն ձագը, որը միանգամից առաջ է գալիս, չի վախենում, քրքրում է այն, նշանակում է հետագայում կարող է կռվել: Սովորաբար շատ շներ գայլի հոտը զգալիս խուճապի են մատնվում: Դա բնորոշ է բոլոր շներին:

Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը պատմում է հայկական գամփռի յուրահատկությունների մասին
© Sputnik. Լիլիթ Հարությունյան, Արամ Ներսեսյան

Ի հպարտություն մեզ պետք է ասել, որ այն շնապահները, որոնք ընդունել են մեր խորհուրդները և հոտին կից 5-6 շուն են պահում, խոստովանել են, որ վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի կորուստ չեն ունեցել: Այսինքն շունը հստակ կատարում է իր ծառայությունը: Ընդ որում, մեր հայկական գելխեղդները շատ հետաքրքիր մեթոդ ունեն. դուք կարող եք մոտենալ հոտին և ոչ մի շուն չտեսնել: Սակայն հենց մոտենում եք այն տարածությանը, որը նրանք իրենց համար որպես սահման են որոշել, ապա շները հանկարծ հայտնվում են և շրջապատում ողջ հոտը՝ մեջքով նստելով դեպի հոտը, դեմքով դեպի վտանգը: Եվ իսկույն հայտնվում է առաջնորդը, որը ղեկավարում է հետագա գործողությունները:

-Գամփռին հաճախ են համեմատում հայ ժողովրդի հետ:

— Այդ շատ առանձնահատկություններից մեկը խորաթափանց հայացքն է: Երբ նայում ես գամփռի աչքերին, թվում է, թե շատ երկար է ապրել և ամեն ինչ հասկանում է: Նրա աչքերում իմաստ կա: Հավանաբար գամփռը դրանով է նման հայ ժողովրդին: Վերջում ասեմ, որ գամփռը ճանաչվել է որպես ազգային արժեք և պահպանվում է պետության կողմից:

Армянский гампр. Урарту
ККССА
Գամփռ

Գլխավոր թեմաներ