12:06 22 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Սարիկ Անդրեասյան

Սարիկ Անդրեասյան. «Ապշած եմ, որ Գյումրիում մինչև հիմա անօթևան ընտանիքներ կան»

© Sputnik/ Алексей Филиппов
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
6530

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե իր նկարահանած «Երկրաշարժ» ֆիլմն ինչ արձագանք է գտել սոցիալական ցանցերում:

«Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Sputnik Արմենիային մանրամասներ է պատմել նկարահանման ընթացքից, խոսել իր ապրումների մասին, ներկայացրել 1988թ-ի ողբերգության ականատեսների հիշողությունները: Զրուցել է Անի Լիպարիտյանը:

- Ինչպե՞ս արձագանքեց հանդիսատեսը Ձեր ֆիլմին, և մասնավորապես ինչպե՞ս արձագանքեցին երկրաշարժը տեսած մարդիկ:

— Ես ժամանակ առ ժամանակ հետևում եմ հանդիսատեսի արձագանքին սոցիալական ցանցերում, կարդում եմ կարծիքները և մեկնաբանությունները: Հինգշաբթի երեկոյան, երբ ֆիլմը դուրս եկավ ռուսական վարձույթ, Instagram-ում հայտնվեցին հազարավոր գրառումներ #Землетрясение հեշթեգով: Բոլոր կարծիքները հիացական էին: Չեմ հիշում, թե երբ էր նման համերաշխություն եղել: Ես փորձում եմ ուշադրություն հատկացնել յուրաքանչյուրին, շնորհակալություն հայտնել: Հանդիսատեսի արձագանքը հուզել է ինձ մինչև հոգուս խորքը:

Երկրաշարժի թեման մեծ է ու կարևոր: Մարդիկ պետք է չմոռանան այս ողբերգության մասին: Երիտասարդությունը պետք է իմանա հայ ժողովրդի պատմության այս էջի մասին, որը ցավ է պատճառել միլիոնավոր մարդկանց: Բայց այս պատմությունը ոչ միայն ցավի, այլ նաև համախմբան մասին է: Այն ժամանակ ամբողջ աշխարհը միավորեց, որպեսզի օգնի մեզ:

Աղետի ականատեսների համար մենք այս ամռանը մի քանի փակ ցուցադրություն էինք կազմակերպել Հայաստանում: Ուզում էինք լսել նրանց կարծիքներն ու մեկնաբանությունները: Արդյունքում, որոշ փոփոխություններ կատարեցինք ֆիլմում. նոր տեսարան նկարեցինք, վերամոնտաժեցինք մի քանի դրվագներ: Դրանք առաջին և ամենակարևոր հանդիսատեսներն էին, մենք չէինք կարող անտեսել նրանց կարծիքը: Ավելի ուշ Երևանում մեծ պրեմիերա անցկացվեց, որին հրավիրվել էին նաև երկրաշարժի ականատեսները:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան պրեմիերային, ապա այն ցուցադրվել է ոչ միայն մայրաքաղաքում, այլ ամբողջ երկրում: Կազմակերպվել է ավելի քան 20 փակ ցուցադրություն, որոնց ներկա են եղել նաև Հայաստանում փրկարարական գործողությունների մասնակիցները:

Հասկանու՞մ եք՝ ականատեսները հենց այնպես չեն դիտում ֆիլմը: Նրանք նայում են, թե որքանով է ամեն ինչ կոռեկտ, էթիկայի սահմաններում: Ես փորձել եմ ֆիլմը հնարավորին չափ ճշմարտանման դարձնել: Ինձ համար չափազանց կարևոր է, որ հանդիսատեսը ֆիլմը միայն գեղարվեստական ստեղծագործություն չընկալի: Ես փորձել եմ պատահածը գրեթե վավերագրական տեսքով ներկայացնել: Շատ ժամանակ եմ անցկացրել արխիվներում, իսկ երբ սկսեցինք նկարել, ես լուսանկարները փակցրի մեր շարժական վագոնի պատին: Ֆիլմի վերջում մենք ցուցադրում ենք աղետի լուսանկարները և դրանց հիման վրա վերականգնած տեսարանները:

- Գյումրում և Սպիտակում եղե՞լ եք: Եթե այո, ապա պատմեք Ձեր զգացողությունների մասին:

— Այո, իհարկե: Սցենարի վրա աշխատելու և նկարահանումների նախապատրաստվելու ընթացքում մենք ոչ միայն ուսումնասիրել ենք հսկայական քանակությամբ նյութեր՝ լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, այլ նաև մեկնել ենք Գյումրի, Սպիտակ, հանդիպել բնակչության հետ: Խաղաղ կյանքի տեսարանները նկարահանվել են Գյումրիում, իսկ աղետը ես գիտակցաբար նկարել եմ Մոսկվայում, քանի որ եթե սկսեինք վերականգնել այդ սարսափելի իրադարձությունների դրվագները Հայաստանում, ի՞նչ կզգային մարդիկ, որոնց ցավը մինչև հիմա չի մեղմացել:

Ես ցնցված էի, որ Գյումրիում մինչև հիմա որոշ ընտանիքներ անօթևան են: Ես չէի կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկն այսօր ապրում է վագոն-տնակում, երեխաները գրիչ և տետր չունեն: Ես մասնակցեցի մի բարեգործական երեկոյի, որտեղ միջոցներ էին հավաքում տուժածներին օգնելու համար և չկարողացա զսպել արցունքներս:

Մենք որոշեցինք, որ վարձույթի ավարտից հետո ֆիլմը կտրամադրենք այդ դրամահավաքի կազմակերպչին՝ Թերեզա Մխիթարյանին: Նա կկարողանա կազմակերպել բարեգործական ցուցադրություններ, եթե ինչ-որ մեկին դա կօգնի:

- Նկարահանումներից առաջ հանդիպե՞լ եք ականատեսների հետ:

— Այո, հանդիպել ենք: Ավելին, ֆիլմում ներկայացվող բոլոր պատմություններն այս կամ այն կերպ հիմնված են իրական դեպքերի վրա. ինչ-որ մեկը տեսել է, թե ինչպես է տղամարդը հասցրել երեխային դուրս նետել պատուհանից, մյուսը գիշեր-ցերեկ փլատակների տակ մնացած սիրելիին շշնջացել է՝ միայն թե չմահանաս:

Մի անգամ մեզ մոտ մի կին եկավ և պատմեց իր պատմությունը: Նա համալսարանում է եղել և երկրաշարժի պահին շենքի մուտքի մոտ է եղել: Միայն դա է փրկել նրան: Մի քանի ուսանողներ, որոնք երջանիկ պատահականությամբ փողոցում են եղել, դուրս են հանել նրան փլատակների տակից մեկ ժամվա ընթացքում: Այդ ողբերգական օրը նրա վզին շարֆ է եղել, որը խնամքով պահել է տարիներ շարունակ: Նա այդ շարֆը մեզ տվեց, ու հանդիսատեսն այն կտեսնի ֆիլմի գլխավոր հերոսուհիներից մեկի վրա:

Մի տղամարդ պատմեց, թե ինչպես է իր հարևանը փորել-հանել իր աղջկա մարմինը: Ֆիլմի այդ տեսարանում խաղում է Կոնստանին Լավրոնենկոն: Կան կադրեր՝ մեքենային կապված դիակներով, փայտյա խաչ, որը մնացել էր եկեղեցու ավերակների մեջ: Այդ ամենը ողբերգության իրական պատկերներն են:

«Վկոնտակտե», «Օդնոկլասնիկի» և Facebook սոցիալական ցանցերում կան խմբեր, որտեղ գրում են այդ ողբերգությանն առնչված մարդիկ:

«Օդնոկլասնիկի» սոցցանցի հետ մենք հսկայական նախագիծ ենք իրագործել. մարդիկ ոչ միայն կարդում են մեր գրառումները, այլ նաև ուղարկում են իրենց հիշողությունները, որոնց թիվն արդեն մի քանի հարյուր հազարի է հասել:

Իսկ վերջերս հիանալի դեպք պատահեց: Ֆիլմի ֆեյսբուքյան էջում գրեցինք մի կնոջ մասին, որին 27 տարի շարունակ փնտրում էր երկրաշարժից հետո վիրահատած բժիշկը: Ու նրան գտանք սոցցանցի օգտատերերի շնորհիվ:

Ես երկար տարիներ երազել եմ այս ֆիլմը նկարահանելու մասին: Շատ կարևոր է իմանալ սեփական պատմությունը, արմատները, հիշել, թե ով ես դու:

Շատ շնորհակալ եմ հանդիսատեսին, որ գնահատել է մեր աշխատանքը: Հավատացեք՝ մենք այս ֆիլմում մեր ուժն ու հոգին ենք դրել:

Գլխավոր թեմաներ