01:16 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ռոբին Բալմեր

Ամերիկացի երաժիշտն Ամանորը նշում է հայկական ձևով

Aram Nersesyan
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
7020

Երաժիշտ Ռոբին Բալմերը չի կարողանում թաքցնել հիացմունքը, երբ խոսում է Նոր տարին նշելու հայկական ավանդույթների մասին։ Նրան անչափ դուր է գալիս միմյանց հյուր գնալու և ընտանիքի հետ նշելու սովորույթները։

ԱՄՆ-ից ժամանած երաժիշտ Ռոբին Բալմերը վեց տարի է` Հայաստանում է ապրում. ամուսնացել է հայուհու հետ և տեղափոխվել Երևան: Բալմերը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչով է զբաղվում այստեղ, խոսել է ամերիկացիների և հայերի տոնական ավանդույթների մասին: Զրուցել է Անի Լիպարիտյանը:

-Ինչո՞վ եք զբաղվում Հայաստանում:

Երաժշտություն եմ հորինում, իմ խումբն ունեմ, նվագում ենք տարբեր հաստատություններում: Իմ խումբը կոչվում է Robin Fate Alchemy: Մենք տարբեր ոճի երաժշտություն ենք նվագում, բայց առավելապես`բլյուզ, ռոք, ֆանկ:

Փորձում ենք օգնել այն մարդկանց, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն: Մեր համերգների տոմսերը համեմատաբար էժան են, բայց ստացված եկամուտների մի մասն ուղղում ենք բարեգործական նպատակների: Համագործակցում ենք տարբեր հայկական երաժշտական խմբերի հետ, օրինակ` «Միներալի»:

Բացի այդ, նախատեսում ենք համերգներ կազմակերպել ԱՄՆ-ում, քանի որ այնտեղ հայկական մեծ համայնք կա, որը պատրաստ է օգնության ձեռք մեկնել կարիքավոր հայրենակիցներին:

— Հայաստանում ընտանիք ունե՞ք:

Այո, ես ամուսնացած եմ, կնոջս հետ ապրում եմ «Չերյոմուշկայում»:

— Եկեք խոսենք Նոր տարվա մասին: Ինչպե՞ս են տոնում ԱՄՆ-ում և Հայաստանում:

Հայաստանում Ամանորն ավելի ուրախ են տոնում: ԱՄՆ-ում բոլորովին այլ կերպ են նշում: Ես տոնելու հայկական տարբերակն ավելի շատ եմ սիրում: Այստեղ տաքարյուն մարդիկ են ապրում, և խոսքը բոլորովին էլ այն մասին չէ, թե ինչպես են հայերը, օրինակ, ալկոհոլ խմում: Ինձ դուր է գալիս, որ մարդիկ տոների ժամանակ միմյանց հյուր են գնում, միասին են ուտում ու խմում: Այստեղ կարևոր է ընտանիքը:

Հայաստանում տարբեր կերպ են խմում, մեկը հարբում է, մյուսը՝ ոչ: Գլխավորը, որ այստեղ չեն մոռանում ընտանիքի մասին:

-Կպատմե՞ք` ինչպես եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:

Կնոջս հանդիպել եմ Գյումրիում, այնտեղ ենք ընկերացել, հետո սկսել ենք հանդիպել Երևանում և ամուսնացել ենք այստեղ:

-Ուզու՞մ եք վերադառնալ հայրենիք՝ ԱՄՆ, թե՞ որոշել եք ընդմիշտ մնալ Հայաստանում: — Ես շատ եմ սիրում Հայաստանը: Եթե անգամ վերադառնամ ԱՄՆ, ապա քիչ կմնամ այնտեղ: Ես Ամերիկա եմ մեկնում գումար վաստակելու համար: Միաժամանակ ուզում եմ օգնել հայ ընտանիքների երեխաներին ու հիվանդ փոքրիկներին։

Ուզում եմ օգնել բոլոր հայ մանուկներին, որովհետև նրանք շատ բարի հոգի ունեն: Հիշում եմ` երբ կիթառ էի նվագում Գյումրիի երեխաների համար, նրանք սրտանց ուրախացել էին. 50 հոգով հետս երգում էին, ուրախանում, ծափահարում: Ես շատ եմ սիրում հայ երեխաներին:

Դիզայներ Դիանա Շատվերյանը պատմում է 2017-ի տրենդների մասին
© Sputnik. Կարեն Եփրեմյան, Լիլիթ Հարությունյան

Շատ ցավալի է, որ հիվանդ և ընչազուրկ երեխաներ կան: Ոմանք առողջ սննդի կարիք ունեն, շատերի ծնողները փորձում են աշխատանք գտնել, բայց ապարդյուն: Ուստի ես փորձում եմ օգնել: Ուզում եմ, որ ֆինանսներն ուղղորդվեն դպրոցի, դասարանների, պատուհանների և նույնիսկ տների վերանորոգմանը:

Երբ ես Գյումրիում էի ապրում, ընտանիքներ կային, որոնք ապրում էին տնակներում, քանի որ նրանց տներն ավերվել էին երկրաշարժի ժամանակ: Ուզում եմ օգնել նրանց և իմ ուժերից կախված ամեն ինչ կանեմ, որ այդ մարդիկ տուն ունենան:

Հայաստանի պատմության մասին տարբեր գրքեր եմ կարդացել: Այս ժողովուրդը շատ հին արմատներ ունի: Դուք 3000-4000 տարվա պատմություն ունեք: Չեմ ուզում անդրադառնալ քաղաքականությանը, բայց հայերը կոնֆլիկտային ժողովուրդ չեն: Հարգում եմ ձեզ:

- Ի՞նչ կմաղթեք հայերին նոր տարուն:

Թող Հայաստանում ամուր ընտանիքներ ստեղծվեն: Հայերին առողջություն եմ մաղթում ու երազանքների իրականացում:

Գլխավոր թեմաներ