07:37 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Կաղանդ պապ

Մեծ Պապուկը փոխեց հագուստն ու շարունակեց նվերներ բաժանել

© Sputnik/ Асатур Есаянц
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Մեծ Պապուկը փոխեց հագուստն ու կարմիր մուշտակով մտավ խորհրդային հայաստանցիների բնակարան որպես նոր Ձմեռ պապ:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Ձմեռ պապի կերպարն այն տեսքով, որով նրան այսօր ճանաչում են հայ մանուկները` կարմիր մուշտակ, մորթե գլխարկ, սպիտակ մորուս ու մեծ նվերներով լի պարկ, Հայաստանում օտարամուծություն է:

Ձմեռ պապի կերպարը խորհրդային տարիներին հորինվեց` ի հակադրություն արևմտյան Սանտա Կլաուսի, միաժամանակ, դրա քրիստոնեական արմատները կտրելու նպատակով: Նույն նպատակով ծնվեց նաև նրա թոռնիկը`Ձյունանուշը, որի համարժեք կերպարը քրիստոնեության հետ առնչվող արևմտյան երկրները չունեին:

Բայց մինչ խորհրդային կարգերը Հայաստանում կար մեկ այլ նման պապիկի կերպար, ով դարձյալ մորուքով էր, գլխարկով, նվերների պարկով, բայց ավանդական հայկական գույներով: Դա Մեծ Պապուկն էր, ով գալիս էր ու մանուկներին նվերներ բաժանում: Նա գալիս էր ոչ թե Հյուսիսից, այլ տնից, ու երեխաները նույնիսկ գիտեին, թե ով է թաքնված Մեծ Պապուկի կերպարի տակ:

Санта Клаус
© Sputnik/ Asatur Yesayants
Սանտա Կլաուս

«Սուրբ Սարգսի տոնից հետո հայերը մեծ շուքով են նշել նաև Սուրբ Պարթևի տոնը: Այդ տոնի ժամանակ, տան մեծերից մեկն աննկատ դուրս էր գալիս, հագնում էր մորթե գլխարկը, դնում այծի մորթուց կարված մորուքն ու, ներս գալով, պարկի միջից նվերներ էր բաժանում երեխաներին: Այս Մեծ Պապուկի կերպարը շատ նման է Ձմեռ պապի կերպարին:

Նա մանուկներին ուրախացնում էր, նրանք երգում էին, արտասանում: Հետո այս գաղափարն ավելի զարգացավ, որպեսզի նվեր ստանա Ձմեռ պապից, երեխան պետք է արտասանի կամ երգի նրա համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Երևանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող Սուսաննա Հարությունյանը:

Ձմեռ պապից բացի հայերս ունեցել ենք նաև դիմակահանդեսների հին ավանդույթ: Դիմակավորված ներկայցումները, կատակները բավական տարածված են եղել Բարիկենդանի տոնին: Այս տոնն, ի դեպ, նաև իր կերպարն է ունեցել ու դարձյալ պապի տեսքով:

Հետևաբար, հայերի համար Ձմեռ պապի կերպարն անսովոր ու օտար չէր: Այն թեև հրամցվեց նոր փաթեթավորմամբ, բայց, ունենալով իր նախատիպերն հին Հայաստանում, հեշտությամբ ընդունվեց ու սիրվեց: Այսպիսով` Կաղանդ կամ Մեծ Պապուկը վերածվեց Ձմեռ պապի ու մինչ օրս էլ կատարում է իր նույն առաքելությունը` բերում է նվերներ ու տոնական տրամադրություն:

Գլխավոր թեմաներ