14:22 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ձմեռ պապ

Սիրելի Ձմեռ պապիկ կամ ինչի՞ մասին են երազում երեխաները

theadvocates
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
Լիլիթ Հարությունյան
9030

Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև երեխաների սպասելիքները Ձմեռ պապից: Sputnik Արմենիան որոշել է պարզել, թե ի՞նչ են խնդրել երեխաներն Ամանորին 50 տարի առաջ և ինչի՞ մասին են երազում այսօր:

Միայն մանուկ հասակում է մարդն իսկապես հավատում հրաշքների, իսկ Նոր տարին երեխային կարող է տեղափոխել հրաշքների իսկական աշխարհ: Իհարկե, այս հեքիաթում առանցքային դերը պատկանում է հրաշագործ Ձմեռ պապին: Հենց նրան են երեխաները ծուռումուռ ձեռագրով, բայց սրտի թրթիռով ու հուզմունքով գրում իրենց բաղձալի ցանկությունների մասին՝ ոչ մի վայրկյան չկասկածելով, որ հեռու-հեռու բուխարիի մոտ նստած ամենաբարի ու ամենաարդար պապիկը՝ երկար սպիտակ մորուքով, կարդում է նրանց նամակները:

Երևի թե, աշխարհում ոչ մի հաճույք չի համեմատվի այն զգացողության հետ, երբ դեկտեմբերի 31-ին, պառկած տաք անկողնում, փորձում ես չքնել, որպեսզի աչքի ծայրով տեսնես, թե ինչպես է Ձմեռ պապը թաքուն մտնում քո սենյակ և բաղձալի նվերը թողնում տոնածառի տակ… Հավանաբար, ծնողների ամենակարևոր առաքելություններից մեկն այն է, որպեսզի ըստ հնարավորին երկար ձգեն հրաշքի այդ սպասումն իրենց երեխայի կյանքում: Իմ բախտը բերել է, ես շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ մինչև 13 տարեկան անվերապահորեն հավատացել եմ Ձմեռ պապի գոյությանը: Չգիտես ինչու, հիմա շատ մեծահասակների թվում է, որ գոյություն չունեցող կերպարին նամակ գրելը հիմարություն է:

Письмо Анаит Деду Морозу
© Sputnik/ Asatur Yesayants
Անահիտի նամակը Ձմեռ պապիկին

Այս հոդվածը գրելուց առաջ զանգեցի ծանոթներիցս մեկին՝ անգլիական դպրոցներից մեկի տարրական դասարանների ուսուցչուհու, որպեսզի իմանամ, թե երեխաներն ինչ նամակներ են գրել Ձմեռ պապին:

«Մենք նման հնաոճ բաներով արդեն չենք զբաղվում», — կատակով պատասխանեց նա: Խոստովանեմ, որ նրա պատասխանն ինձ շփոթեցրեց, բայց ինձ հաջողվեց գտնել երեխաների, որոնք հավատում են հեքիաթին և սպասում Ձմեռ պապին:

Նիհար լինելու նորաձևությունը չի շրջանցել նաև երեխաներին

Հավանաբար, 30 կամ 40 տարի առաջ նիհարելու ցանկությունն ավելի քան տարօրինակ կթվար, բայց հիմա 10-ամյա Մերին է անգամ նման ցանկություն հայտնել: Նա Ձմեռ պապիկին գրել է. «Շատ եմ ուզում հաջորդ տարի միայն բարձր գնահատականներ ստանալ և շատ եմ ուզում նիհարել: Խնդրում եմ, ինձ բեր ինչ-որ մի նվեր, ասենք՝ հեռախոս»: Հեռախոսն, ավելի ճիշտ, սմարթֆոնները և մյուս գաջեթները գերիշխում են Ձմեռ պապին ուղղված նամակներում: Այսպես, 8-ամյա Գարիկը և 10-ամյա Արան խնդրել են iРhone 7:

Կան նաև բավական օրիգինալ ցանկություններ: 9-ամյա Լուիզան, օրինակ, ցանկացել է փափուկ բրելոկ իր պայուսակի համար: Աննան ուզում է դիմավորել Նոր տարին Փարիզում, իսկ Լուսինեն, հակառակն՝ ուզում է տոներն անցկացնել Երևանում՝ բացատրելով, որ իր ընտանիքն այդ օրերին ինչ-որ տեղ է մեկնում: Կարինան ուղղակի պաշտում է ճապոնական ամեն ինչ, ուստի շատ է ցանկանում դիմավորել Նոր տարին Ճապոնիայում՝ ճապոնական ռեստորանում: Չլինի՞ անիմեն է այդպես ազդել նրա վրա:

Հետաքրքիր է, որ մանկական նամակներում հանդիպում են նաև մարդկանց բարեկեցության և խաղաղության մաղթանքներ: «Սիրելի Ձմեռ պապ, այնպես արա, որպեսզի երկրագնդի բոլոր մարդիկ լինեն բարի, ուրախ և երջանիկ», — գրում է 9 տարեկան Նարեն: Գլոբալ համաշխարհային խնդիրները դիպչում են նաև մանկական սրտերին: Նրանցից ոմանք իրենց նամակներում հիշել են ուրիշ երեխաների մասին, որոնց ճակատագիրն այլ կերպ է դասավորվել: «Ձմեռ պապ, խնդրում եմ, այնպես արա, որպեսզի բոլոր երեխաները, որոնց ծնողները չեն կարող նրանց նվերներներ անել, այս տարի ստանան դրանք», — գրում է 7 տարեկան Կարենը:

Երեխաների ցանկություններն ավելի լավ են պատմում այս կամ այն դարաշրջանի նորաձևության, ազդեցությունների և մենթալիտետի մասին, քան ցանկացած տեղեկատվության աղբյուր:

Քաղցրավենիքի տոպրակից մինչև սմարթֆոն

Ինչպես արդեն նշել եմ, երեխաների համար հիմա ամենացանկալի նվերը սմարթֆոնն է: Վերջերս GALLUP International Association-ի հայաստանյան գրասենյակը Երևանում նախատոնական հետազոտություն է անցկացրել և պարզել, որ հենց սմարթֆոնն է գլխավորում ամենաբաղձալի նվերների ցուցակը: Սակայն միշտ չէ, որ այդպես է եղել:

Sputnik Արմենիայի թղթակիցը որոշել ավագ սերնդի ներկայացուցիչներից հետաքրքրվել, թե ինչի մասին են նրանք երազել մանուկ հասակում:
՛
50 տարի առաջ, երբ բնակչությունը կոնֆետների, շոկոլադների և տորթերի առատ ընտրություն չուներ, փոքրիկների համար ամենաբաղձալի նվերը քաղցրավենիքով տոպրակն էր: «Մենք անհամբեր սպասում էինք Նոր տարուն, հատկապես այն ժամին, երբ դպրոցում մեզ կոնֆետներով և թխվածքաբլիթներով տոպրակ էին տալիս: Մենք իսկապես երջանիկ էինք այդ պահին», — պատմում է Սուսաննան: Տասնյակ տարիներ անց սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում անհամեմատ լավ էր, խորհրդային տղաները երազում էին հեծանիվի, իսկ աղջիկները՝ տիկնիկների և նրանց համար սայլակների մասին:

Ես երազում էի հեծանիվի և «Չուկ և Գեկ» սահնակի մասին: Հեծանիվ ստացա, բայց սահնակ այդպես էլ չստացա Ձմեռ պապից: Թեև մեր ընտանիքը բավական ապահովված էր, բայց ծնողներս համարել էին, որ 45 ռուբլին չափազանց շատ է, և ես կարող եմ քշել իմ սովորական սահնակը: Ես մինչև հիմա նեղացած եմ նրանցից»,- կատակում է Գոռը:

Դե, 90-ականների մասին ինքս էլ կարող եմ պատմել: Այդ ժամանակ տղաներին հետաքրքրում էին նոր հայտնված տետրիսները և համակարգչային խաղերը, աղջիկները խենթանում էին Բարբի տիկնիկների համար: Դրանց գներն անհամեմատ բարձր էին այդ ժամանակների կենսամակարդակի համար, ուստի շատերը Ձմեռ պապին մի քանի տարի շարունակ նամակ էին գրում, որպեսզի ստանան ցանկալի տիկնիկը: Երկար սպասված նվերը ստանալուց հետո մենք այնպիսի աննկարագրելի հիացմունք էինք ապրում, որ դրանից հետո ուրիշ բանի մասին չէինք կարողանում մտածել:

Երջանկության այդ ակնթարթները մինչև հիմա ջերմացնում են հոգիս… Այո, վաղ թե ուշ հիասթափություն կառաջան, երբ երեխան նկատի, որ իր սիրելի ալեհեր պապիկն ընդամենը պատրանք է՝ հորինված իրեն և իր նմաններին մոլորեցնելու համար:

Սակայն ոչ մի հիասթափություն չարժե, որ զրկեք փոքրիկին հրաշքից, որում նա ապրում է բավական երկար ժամանակ, իսկ հետո հիշում ողջ կյանքի ընթացքում: Ավելի լավ է հրաշք և հիասթափություն, քան ոչինչ…

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ