20:35 27 մարտի 2017
Ուղիղ եթեր
Տոնածառ

Եղևնին ` Ուրարտուից մինչև ԽՍՀՄ

© Sputnik/ Asatur Yesayants
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
5511

Երևանում առաջին եղևնին տեղադրվեց 1937թ-ին ու դարձավ Նոր տարվա կարևոր բաղադրիչներից մեկը: Բայց կար մի ժամանակ, երբ այն արգելված էր որպես «բուրժուական կյանքի մնացուկ»:

Նելլի Դանիելյան, Sputnik.

30-50- ական թվականներին տոնածառ գտնելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ տանը դրվում էին բնական եղևնիներ, որոնք հատուկ աճեցվում էին և վաճառվում սահմանափակ քանակով: 60-ականներին ԽՍՀՄ-ում բուռն զարգացում ապրող քիմիական արտադրության շնորհիվ խանութներում հայտնվեցին արհեստական տոնածառերը: Դրանք կարելի էր գնել մեկ անգամ ու օգտագործել ամեն տարի, բայց առաջին արհեստական տոնածառերը չունեին այսօրվա ճոխ տեսքը, դրանք կոպիտ էին ու անշուք: Ու մարդիկ շարունակում էին գերադասել իսկական անտառի գեղեցկուհուն:

Կար նաև ժամանակ, երբ խորհրդային ժողովուրդներին արգելված էր տոնել Ամանորն ու առավել ևս տոնածառ զարդարել: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բուրժուական բոլոր «մնացուկները» մերժող սոցիալիստական իշխանությունը դրանց շարքում արգելեց նաև Նոր Տարին ու տոնածառը:

Միայն 1930-ականներին, երբ պարզ դարձավ, որ ժողովրդի մեջ արմատացած սովորույթն անհնար է արմատախիլ անել, խորհրդային իշխանությունն արտոնեց ոչ միայն տոնակատարություններն, այլ նաև տոնածառը, թեև`առանց կրոնական հիմքի. Նոր տարին` բացառապես քաղաքացիական տոն էր, առանց Սուրբ ծննդի մասին հիշատակման, տոնածառն էլ` ուղղակի տոնական զարդ:

1937թ-ի դեկտեմբերին Խորհրդային միության մայրաքաղաքում առաջին անգամ դրվեց առաջին հրապարակային մեծ տոնածառը: Դրա համար հատուկ անտառից ընտրվել էր ամենագեղեցիկ ու ամենաբարձր եղևնին: Հաջորդ տարի` 1938թ-ին տոնածառեր տեղադրվեցին նաև միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում: Թե ինչպիսին էր երևանյան առաջին հրապարակային տոնածառը, հայտնի չէ: Երևանի պատմության թանգարանում, Sputnik Արմենիային հայտնեցին, որ վկայություններ ու լուսանկարներ չեն պահպանվել:

Փոխարենը, հայ ազգագրագետներն ու պատմաբանները պարզել են, թե ինչպիսին է եղել մեր նախնյաց տոնածառն ու ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել` մինչև մեզ ծանոթ եղևնին դառնալը:

Армянские традиционные новогодние украшения
© Sputnik/ Asatur Yesayants
Հայկական ավանդական տոնածառ

Հայկական տոնածառի հիմքում կենաց ծառի գաղափարն է: Ծառը հայերի մոտ միշտ համարվել է կյանքի ու հավերժության խորհրդանիշ: Դեռևս ուրարտացիների մոտ պաշտամունքի առարկա է եղել սոսի ծառը, որի միջոցով գուշակություններ են արել:

Ծառի հավերժության գաղափարի հետ է կապվում նաև տոհմածառի գաղափարը, երբ գերդաստանը պատկերվում է հաստաբուն ծառի և դրանից ճյուղավորվող ընտանիքների տեսքով:

Армянские традиционные новогодние украшения и куклы
© Sputnik/ Nelli Danielyan
Ավանդական զարդարանքներ

Սուրբ ծննդյան առթիվ ծառ զարդարելու ավանդույթն ավելի շատ կապված է ժողովրդական հավատալիքների հետ: Առաջին տոնածառերը, որով մեր նախնիները զարդարում էին իրենց տունը, գունավոր կտորներով ու թելերով զարդարված փայտե ինքնաշեն ծառեր էին, որոնց ճյուղերին ամրացված էին ցորենի փնջեր, ինչը առատության, բերքի գաղափարն էր խորհրդանշում, իսկ ճյուղերից կախված խաղալիքներն իրականում ծիսական հմայիլներ էին, որոնք պետք է հեռու քշեին չար ուժերին:

Եղևնին զարդարելու ավանդույթը Հայաստան է եկել ավելի ուշ ժամանակաշրջանում և կապվում է քրիստոնեական մի ավանդազրույցի հետ:

Համաձայն դրա, այն բակում, որտեղ Մարիամն ու Հոսվեփը թաքցրել էին մանուկ Քրիստոսին, երեք ծառ կար` թթենի, արմավենի և եղևնի: Թթենու տերևներով Հիսուսի համար փափուկ անկողին էին պատրաստում, արմավենին իր ճյուղերով պաշտպանում էր արևի կիզիչ ճառագայթներից, և միայն եղևնին իր փշոտ ծածկույթով որևէ բանի պիտանի չէր: Ու երբ աստղերը երկնքից տեսան, որ եղևնին լաց է լինում, իջան ու նստեցին նրա ճյուղերին: Ծառը շողշողաց ու իր տեսքով ուրախացրեց փոքրիկ Հիսուսին:

Գլխավոր թեմաներ