20:34 27 մարտի 2017
Ուղիղ եթեր
Հայ ավանդական Նոր տարի

Հեթանոսական պաշտամունքները` Ամանորի սովորույթներում

© Sputnik/ Asatur Yesayants
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
3630

Նոր տարվա ծիսակատարությունները հազարավոր տարիների ընթացքում բազում փոփոխությունների են ենթարկվել: Որոշ ավանդույթներ մոռացվել են, որոշները` մնացել ու իմաստափոխվել: Անփոփոխ է մնացել միայն ամենասիրված տոնն ընտանեկան ջերմ միջավայրում ու առատ սեղանների շուրջ նշելու սովորույթը:

Նելլի Դանիելյան – Sputnik.

Պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովուրդը Նոր տարին տարբեր կերպ ու նույնիսկ տարվա տարբեր եղանակներին է նշել: Հեթանոսական շրջանում մեր նախնիները տարվա սկիզբ էին համարում գարունը, և Նոր տարին նշում էին մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը: Վաղ քրիստոնեական շրջանում նոր տարվա սկիզբը համարվում էր հին հայկական Նավասարդ ամիսը, որը համապատասխանում է օգոստոսին, իսկ Նոր տարվա տոնակատարությունները կատարվում էին օգոստոսի 11-ին: Տոնական սեղաններին դրվում էր առաջին բերքը` որպես առատության խորհրդանիշ:

18-րդ դարից սկսած, երբ Հայաստանը միացավ Հուլյան տոմարին, աշխարհի մյուս քրիստոնյաների հետ հայերն էլ սկսեցին Ամանորը նշել հունվարի 1-ի գիշերը:

Ամսաթվի փոփոխության հետ փոխվեց նաև սեղանին դրվող բերք ու բարիքը. եթե ամռանը սեղանին գերիշխում էր թարմ միրգն ու բանջարեղենը, դեկտեմբերին դրանց փոխարինեցին չրերը: Բացի այդ Նոր տարին համընկավ պասի շրջանի հետ և սեղաններից վերացավ միսը` իր տեղը զիջելով պասային կերակուրներին:

Նոր տարին սկսում էին նոր հաց թխելու արարողությամբ: Ընդ որում, կարևոր էր նաև, որ հացը թխվեր նոր թթխմորով: Իսկ Ամանորի ավանդական սեղանին ամենապատվավոր տեղը զբաղեցնում էր տարեհացը: Դրա մեջ դրվում էր միջինք: Ում այն բաժին էր հասնում, նա համարվում էր գալիք տարվա ամենահաջողակը:

Նոր տարվան նախապատրաստվելը ինչպես այսօր, այնպես էլ հնում սկսվում էր տան մաքրությունից: Անթերի մաքրված տունը ոչ միայն հյուրերին պատշաճ ներկայանալու, այլև նոր տարի նորովի մուտք գործելու խորհուրդ ուներ:

Որոշ տեղերում, ջրի պաշտամունքի ժամանակներից, պահպանվել է նոր տարվա գիշերը աղբյուրից նոր ջուր տուն բերելու ավանդույթը:

Ամանորի գիշերը ընդունված էր նաև վառ պահել տան օջախը: Հատուկ այդ նպատակով մեծ փայտի կտորներ էին լցնում բուխարու կամ թոնրի մեջ, որպեսզի դրանք ամբողջ գիշեր վառ մնան ու քշեն չարքերին: Այսօր էլ այս ավանդույթը ինչ-որ չափով պահպանվել է. Ամանորի գիշերը վառ են պահում տան լույսը կամ սեղանին դրված մոմերը:

Խորհրդային տարիներին մոռացության մատնված այս ազգային սովորույթներն այսօր որոշ չափով վերակենդանանում են. Ամանորին շատ տանտիկիններ գաթայի կամ այլ խմորեղենի մեջ միջինք են դնում, կամ դռան հետևում նախապես դույլով ջուր են դնում ու կեսգիշերին բերում տուն:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ