00:42 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Գևորգ և Գոհար Վարդանյաններ

Ինչու էր լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանն արտասահմանում խուսափում հայերից

Личный архив Г.Хажакяна
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
71190

Խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը փետրվարի 17-ին կդառնար 93 տարեկան։ Գրող, հրապարակախոս Գուրգեն Խաժակյանը Sputnik Արմենիային հետաքրքիր դեպքեր է պատմել մեծն «Ամիրի» կյանքից։ Նա Վարդանյան ամուսիններին նվիրված երեք գրքի հեղինակն է։

ՀՀ վաստակավոր լրագրող Գուրգեն Խաժակյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է նաև, թե ինչու էր «Ամիրը» խուսափում արտասահմանում հայերի հետ շփվելուց։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

- Պարոն Խաժակյան, Վարդանյան ամուսինների մասին պատմող գրքերը մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի հայերի շրջանում…

— Այդպես է, ինձ հետ հաճախ կապ են հաստատում Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները… Նշեմ, որ գրքերը լրամշակվել և վերատպագրվել են, քանի որ Գևորգ Անդրեևիչի մահից հետո նրա հիշատակին մի շարք միջոցառումներ անցկացվեցին։

Առաջին գիրքը լույս տեսավ 2010 թվականին՝ Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ, այն կոչվում է «Հպումը լեգենդին. անլեգալ հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ» (ռուսերեն)։ Այնուհետև արդեն հայերեն լույս ընծայվեց ավելի հիմնավոր աշխատությունը` «Հերոս անլեգալ (ծպտյալ) հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. հպումը լեգենդին շարունակվում է…»։ Հետախույզի մահվանից հետո` 2017 թվականին, հրապարակվեց «Հերոս հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյաններ. անմահ լեգենդ» երկլեզու գիրքը։

Ինչպես տեսնում եք, բոլոր երեք գրքերում էլ կա «լեգենդ» բառը։ Դա պատահական չէ, քանի որ Վարդանյան ամուսիններն իսկապես լեգենդար անձնավորություններ են։ Միայն պատկերացրեք` 30 տարի անլեգալ աշխատել են և ոչ մի անգամ չեն բացահայտվել։ Աշխատել են աշխարհի տարբեր երկրներում, որտեղ ակտիվ գործում են ԿՀՎ-ն, «Մոսսադը», ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները։ Ընդ որում` նրանք կադրային չեկիստներ չէին։ Ճիշտ է` նրանց ուսուցիչն էր հանրահայտ Հովհաննես Աղայանցը, բացի այդ Գևորգ Անդրեևիչի հայրն էլ էր նրան շատ բան սովորեցրել։ Սակայն նրանք բնածին տաղանդով էին օժտված, բացառիկ կարողությունների տեր բնածին հետախույզներ էին։

- Նրանց մասին քիչ տեղեկություն կա։ Ինչպե՞ս եք Դուք դրանք հայթայթել։

— Երբեմն ինձ ասում են` աշխարհի ուժեղագույն հետախույզները չկարողացան բացահայտել Գևորգ Վարդանյանին, իսկ դու կարողացար։ Սա, իհարկե, կատակ է… Իմ գրքերում պրոֆեսիոնալ գաղտնիքներ չկան։ Մասնավորապես, ամենակարևոր գաղտնիքն ինձ համար այն է, թե ինչի համար ոչ կադրային չեկիստը Խորհրդային Միության Հերոսի կոչում ստացավ։ Ընդ որում` Գևորգ Անդրեևիչը միակ հետախույզն է, որն այդ կոչումը ստացավ կյանքի օրոք, ոչ թե հետմահու, ինչպես մյուս երկուսը` Ռիխարդ Զորգեն և Նիկոլայ Կուզնեցովը։

Տեղեկատվության հիմնական աղբյուրը ինձ համար հենց Գևորգ Անդրեևիչն էր, ինձ օգնեցին նրա հետ ունեցած սակավաթիվ զրույցները։ Բավական պարզ պատճառներով նա այդքան էլ չէր սիրում լրագրողներին, քանի որ անլեգալ հետախույզի մասնագիտությունն ու լրագրությունը երկու հակադիր երևույթներ են… Ես օգտվել եմ նաև բաց ու հասանելի նյութերից։ Բացի այդ, ես հաճախ եմ ներկա եղել նրանց` երիտասարդների հետ հանդիպումներին։ Շատ էին սիրում հանդիպումներ անցկացնել ուսանողների հետ։ Ի դեպ, այս կապակցությամբ կցանկանայի երախտագիտություն հայտնել Անանիա Շիրակացու անվան ճեմարանին` Գևորգ Անդրեևիչի հիշատակը վառ պահելու և հավերժացնելու համար։ Ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը բաց չէր թողնում Վարդանյան ամուսիններին ճեմարան հրավիրելու հնարավորությունը, և այնտեղ միշտ առանձնահատուկ հարգանքով էին ընդունում նրանց։ Իսկ Գևորգ Անդրեևիչի մահից հետո այնտեղ մեծ հետախույզի անվան հայրենասիրության համար կրթաթոշակ սահմանվեց։

- Բայց չէ՞ որ Դուք այնուամենայնիվ կարողացաք որոշ գաղտնիքներ իմանալ…

— Այո՛, Գևորգ Անդրեևիչը պատմում էր, որ մի անգամ մի երկրում աշխատելու ժամանակ նրան փողոցում կանգնեցրել է խորհրդային հետախուզության պաշտոնական ներկայացուցիչ` ռեզիդենտը, ու ասել, որ հետախույզին «բացահայտել են» և հետևում են։

«Դու անմիջապես պետք է նստես ավտոմեքենան և գնաս դեսպանատուն, որտեղից կմեկնես Մոսկվա», — ասել է ռեզիդենտը, բայց «Ամիրը» ասել է, որ նման բան լինել չի կարող և արագ մտաբերել է վերջին իրադարձությունները։ Նրանք վեճի են բռնվել, և շուտով պարզվել է, որ հետախույզին շփոթել են մեկ ուրիշի հետ։ Ինչևէ, ռիսկը մեծ էր, և նման դեպքերում Կենտրոնը սովորաբար որոշում էր ռիսկի չդիմել։ Սակայն Վարդանյանը գիտակցաբար ռիսկի է դիմում և շարունակում է իր գործը։

Геворк и Гоар Вартаняны
Архив Г.Хажакяна
Գևորգ և Գոհար Վարդանյաններ

Մի քանի դեպք է եղել, որ ամուսինները հազիվ են խուսափել «տապալումից»։ Դրանցից մեկը եղել է Եվրոպայում, որտեղ նրանք ներկայացել են որպես Իրանի հպատակներ։ Գոհար Լևոնովնան նստած է եղել վարսավիրանոցում, իսկ ամուսինը նրան սպասել է դրսում։ Մի պահ մոտեցել է վարսավիրանոցին և հարցական նայել կնոջը` ցանկանալով պարզել, թե դեռ երկա՞ր է մնալու այնտեղ։ Այդ ժամանակ կինը ռուսերեն ասել է. «Ժորա, Ժորա (այդպես էին նրան կոչում հարազատները), հիմա վերջացնում եմ»։ Նույն պահին Գևորգ Անդրեևիչն անմիջապես անհետացել է։ Բարեբախտաբար, ներկաներից ոչ ոք ռուսերեն չի իմացել, այլապես դա կարող էր մի մեծ պատմություն դառնալ։

Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել ենթադրաբար Ամերիկայում (թեև այդ մասին ոչ մի տեղ չի խոսվում)։ Նրանք ներկայացել են որպես գործարարներ և հրավիրվել են ընթրիքի, որին մասնակցելու են եկել պետական և ռազմական կարևոր գործիչներ։ Ներկա են եղել նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Գոհար Լևոնովնան մտել է դահլիճ և անմիջապես «դուրս նետվել» այնտեղից, քանի որ այնտեղ մի կին է եղել, որը նրանց ճանաչել է մեկ այլ երկրում այլ անուններով։ «Դա հարյուրտոկոսանոց ձախողում կլիներ։ Եթե նա մեզ ճանաչեր, մենք դժվար թե ողջ մնայինք», — խոստովանել է հետախույզը։ Այդ պահին Գոհար Վարդանյանը ձևացրել է, թե վատ է զգում, և նրանք անհապաղ հեռացել են սրահից։

Гурген Хажакян с Геворком и Гоар Вартанянами
Личный архив Г.Хажакяна
Գևորգ և Գոհար Վարդանյանները Գուրգեն Խաժակյանի հետ

Ի դեպ, արտասահմանում նրանք աշխատել են խուսափել հայերի հետ հաճախակի շփումներից։ Գևորգ Վարդանյանը կատակում էր. «Ինձ աշխարհի ամենաուժեղ հետախուզությունները չկարողացան բացահայտել, սակայն բավական էր ծանոթանալ մի հայի հետ, և արդեն տասը րոպե անց նա կիմանար, թե դու ով ես, որտեղից, ովքեր են բարեկամներդ… Եվ այդ ժամանակ դու կբացահայտվես, քանի որ հայկական համաշխարհային տեղեկատվական ցանցն ամենակարող է»։

- Ի՞նչ այլ նմանատիպ դեպքեր գիտեք հայտնի ամուսինների կյանքի մասին։

— 60-ականերին Վարդանյաններն աշխատում էին Հնդկաստանում, որտեղ հյուրախաղերի է մեկնում խորհրդային օպերային երգիչ Պավել Լիսիցյանը։ Տեղի հայերը նրա համար ընդունելություն են կազմակերպում և հրավիրում նաև Վարդանյան ամուսիններին։ Բնականաբար, ոչ ոք չի իմանում, թե ովքեր են նրանք իրականում։ Գոհար Լևոնովնայի մանյակը հայտնվում է Լիսիցյանի ուշադրության կենտրոնում, և նա իր մտերիմներից մեկին ռուսերեն ասում է, որ կցանկանար իր կնոջն էլ նման մանյակ նվիրել։

Գոհար Լևոնովնան խոստովանում էր, որ դա իր կյանքի բարդ պահերից էր, քանի որ շատ էր ցանկանում հանել մանյակն ու նվիրել երգչի կնոջը։ Բայց նման բան չէր կարող անել, որովհետև կհասկանային, որ ինքը ռուսերեն գիտի։

Геворк и Гоар Вартаняны
Личный архив Г.Хажакяна
Գևորգ և Գոհար Վարդանյանները

Մի հետաքրքիր պատմություն էլ պատմում էր Վարդանյան ամուսինների բարեկամներից մեկը։ Գևորգ Վարդանյանը մի անգամ Երևանում «ոսկու շուկա» է գնացել, որպեսզի վարպետները վերանորոգեն Գոհարի զարդի կողպեքը։ Երբ նա դիմել է վարպետներից մեկին, վերջինս ճանաչել է հետախույզին ու սկսել է բղավել. «Վայ, մարդիկ, սա այն հերոսն է, որին ցույց էին տալիս հեռուստացույցով։ Նա հետախույզ է»։ Հետո ոսկերիչն ասել է, որ առանց գումար վերցնելու էլ ինչ պետք է, կանի։

Վերջին տարիներին նրանց հաճախ էին ճանաչում, խնդրում էին լուսանկարվել հետները։ Ինձ համար շատ մեծ գովասանք էր, երբ մի անգամ Գևորգ Անդրեևիչն ասաց. «Մեզ ճանաչում են նաև Ձեր գրքերի շնորհիվ»։

- Դուք ի՞նչ տպավորություն եք ստացել այդ մարդկանց հետ շփումից։

— Այս հարցին ես կպատասխանեմ մի մարդու խոսքերով, որը լավ էր ճանաչում Վարդանյան ամուսիններին։ (Բանն այն է, որ նույնիսկ արտերկրում ապօրինի աշխատելիս արձակուրդներին նրանք միշտ գալիս էին Երևան)։ «Երբ Գոհարիկն ու Ժորան գալիս էին մեր տուն, համընդհանուր տոն էր։ Նրանք շատ հմայիչ էին, բարեհամբույր, քաղաքավարի, միշտ հիանալի հագնված` եվրոպական ոճով։ Երեխաներին նրանք հետաքրքիր նվերներ և տարբեր քաղցրավենիք էին բերում»։ Նրանցից յուրահատուկ լույս էր ճառագում, աուրան անկրկնելի էր։

Գիտե՞ք` հետախույզը մասնագիտություն է, որը մեծ պատրաստվածություն է պահանջում` սկսած ֆիզիկականից մինչև բարձրաշխարհիկ հասարակության էթիկետի իմացություն։

Ուզում եմ հատուկ նշել, որ Գևորգ Անդրեևիչը մեծ հայրենասեր էր, շատ էր սիրում իր պատմական հայրենիքը` Հայաստանը։ Հնարավոր չէ չգնահատել նրա ունեցած դերը ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մասնավորապես` Հայաստանի ռազմական հետախուզության կայացման հարցում։ Նա պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի հետ՝ իր խորհուրդներով ու աջակցությամբ նպաստելով արտաքին հետախուզության ծառայության կայացմանն ու ամրապնդմանը։ Այդ մասին լայն հասարակությունն իմացավ հետախույզի մահվան կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրից։

- Ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչպես ճակատագիրը միավորեց իրենց գործին այդքան նվիրված երկու մարդկանց…

— Ինչպես հայտնի է, նրանք վաղ հասակից միասին աշխատել են Իրանում։ Գևորգի թիմում աշխատել է նրա ապագա կնոջ եղբայրը։ Այնուհետև նա խումբ է բերել նաև Գոհարին, որն իսկույն առանձնացել է իր յուրահատուկ կարողություններով։ 1946 թվականին Թեհրանի հայկական եկեղեցում առաջին անգամ տեղի է ունեցել նրանց պսակադրությունը։ Նրանք ամուսնացել են երեք անգամ (աշխատանքն է այդպես պահանջել)։ Գևորգ Անդրեևիչը սիրում էր կատակել, որ ամուսնացել է երեք անգամ, երեք անգամ էլ` նույն կնոջ հետ։

Русская версия

Գլխավոր թեմաներ