03:20 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Գնդապետ Ալբերտ Բաղդասրյան

Գնդապետ. Հրամանատարը պիտի մանկավարժ ու հոգեբան լինի, որ բացառի միջանձնային խնդիրները

© Sputnik / Stringer
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
1378161

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչությունն այսօր նշում է իր կազմավորման 25 ամյակը: 25 տարի առաջ դժվար էր բանակն այսպիսին պատկերացնել՝ կայացած, հաղթանակած ու բազմաթիվ գործուն ստորաբաժանումներով:

Սառա Գալստյան, Sputnik.

Քառորդ դար է` ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչությունը խաղաղ և պատերազմական պայմաններում ապահովում է զինված ուժերի առջև դրված խնդիրների պլանավորումը, զորքերի (ուժերի) օպերատիվ կառավարումը: Բարդ ու պատասխանատու աշխատանք, որն այսօր, տոնական միջոցառման ընթացքում կներկայացնեն վարչությունում ծառայած բոլոր սպաների ու ծառայակիցների կանանց: Նրանք՝ նախկին ու ներկա աշխատակիցների կողակիցներն այսօր կհասկանան, թե ինչու իրենց ամուսինները երբեմն կարող են օրերով տուն չգալ, ինչու և հանուն ինչի կարող են երբեմն, անգամ պատասխանատու պահերի, իրենց կողքին չլինել:

2005-2011 թվականները և 2016-ից մայիսից առ այսօր օպերատիվ վարչությունում իր զինվորական ծառայությունն անցկացրած գնդապետ Ալբերտ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ահռելի տարբերություն կա այն զինված ուժերի մեջ, որ կար 20-25 տարի առաջ և այսօրվա մեր ունեցածի միջև:

Նրա խոսքով` եթե առաջ մեծ ուշադրություն չէր դարձվում բանակի զարգացման հարցերին, եղածը դրվում էր կիրառման, այսօր այլ մոտեցում է. ներկրվել է նոր ու ժամանակակից սպառազինություն, մեծ ուշադրություն է դարձվում մասնագետների պատրաստվածության վրա:

- Պարոն Բաղդասարյան, կախված մեր ազգային մենթալիտետից` բանակում շարունակվում են միջանձնային հարաբերությունների պատճառով դժբախտ միջադեպերը: Ինչո՞ւ, ի՞նչ պետք է անել դրանք բացառելու համար։

— Հրամանատարից շատ բան է կախված: Նա առաջին հերթին պիտի մանկավարժ և հոգեբան լինի: Հրամանատար լինելու համար պարտադիր չէ կոշտ ու կոպիտ մարդ լինել: Նա չպիտի միայն հրաման արձակի ու սպասի կատարման:

1992-ին, երբ Նոյեմբերյանում առաջին անգամ իմ զինվորի հետ գնում էի հետախուզության, հանկարծ զինվորն ինձանից առաջ անցավ ու սկսեց իմ դիմացից քայլել: Երբ հարցրի՝ էս ի՞նչ ես անում, պատասխանեց՝ հրամանատար, բա որ Ձեզ մի բան լինի, մենք ի՞նչ ենք անելու: Ու նա 18 տարեկան զինվոր էր: Երևի աշխարհի ուրիշ ոչ մի բանակում նման նվիրվածության չես հանդիպի: Եթե ճիշտ ուղղորդես զինվորին, միջանձնային խնդիրներ չեն ծնվի: Զինվորը պիտի ուժեղ լինի, նրան ոչ մի պարագայում չպիտի «կոտրես»՝ ո՛չ կյանքում, ո՛չ էլ ծառայության մեջ:

- Մինչև 2016-ի ապրիլը կար մի չգրված օրենք՝ բանակի մասին կամ լավը, կամ ոչինչ: Ապրիլյան քառօրյան շատ բացեր վերհանեց: Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար ո՞րն է այդ սահմանը՝ ինչի՞ մասին կարելի է խոսել, ինչ՝ ոչ:

— Ընդհանրապես, բանակը փակ կառույց է, դրա մասին շատ չպիտի խոսեն: Բայց դրան զուգահեռ բանակում պիտի տանել ճիշտ կադրային քաղաքականություն: Հրամանատարական կազմում ճիշտ մարդիկ պիտի լինեն: Հրամանատարը ոչ միայն պետք է զբաղվի իր ենթակաների վերահսկմամբ, այլ նաև դաստիարակությամբ: Ես գիշեր-ցերեկ եղել եմ իմ զորամասում, ամեն ինչ իմացել եմ իմ զինվորների մասին, հաճախ զրուցել եմ նրանց հետ: Դժվար էր շատ, բայց այդպես ճիշտ է:

Ի դեպ, գնդապետ Ալբերտ Բաղդասարյանի զինվորական ուղին հետաքրքիր վայրիվերումներ ունի: Սյունիքի Տեղ գյուղում ծնված տղան զինվորական կրթություն ստանալուց հետո Խորհրդային բանակում ծառայության է անցել Ղազախստանում: Երբ արցախյան շարժումը սկսվում է, Բաղդասարյանը խնդրում է, որ իրեն ուղարկեն Հայաստան` ծառայության: Նամակը մերժվում է: Բաղդասարյանը չէր կարողանում անտարբեր մնալ հայրենիքում կատարվողի հանդեպ: Նա արձակուրդ է վերցնում՝ Հայաստան գալու համար և զգուշացնում, որ չի վերադառնալու: Արձակուրդի վերջին օրով ընդգրկվում է նոր ձևավորվող հայկական բանակում:

«Քրեական գործ հարուցեցին իմ հանդեպ: Այդ ժամանակ ՀՀ բանակը որպես այդպիսին դեռևս լիարժեք գոյություն չուներ: Բայց երբ այստեղից նամակով տեղեկացրին, որ ես չեմ խուսափել ծառայությունից, այլ այստեղ եմ շարունակում այն, գործը կարճվեց»,- մեզ հետ զրույցում պատմում է գնդապետը:

Այն ժամանակ գնդապետ Յուրի Խաչատուրովին Բաղդասարյանը խնդրում է, որ իրեն Արցախ ուղարկեն: Խաչատուրովի պատասխանը հետաքրքիր էր. «Դեռ կհասցնես, հիմա մենք հայկական զինված ուժեր պետք է ստեղծենք, մեզ սպաներ են պետք»:

Ալբերտ Բաղդասարյանին նշանակում են Սահմանապահ զորքերի հատուկ նշանակության գումարտակում որպես դասակի հրամանատար: 2,5 ամիս անց նա իր զինվորների հետ արդեն սահմանում էր, Նոյեմբերյանում: «1-ին կազմավորված դասակը մերն էր, որ մեկնեց Նոյեմբերյան»:

Գնդապետ Բաղդասարյանն արցախյան պատերազմում կորցրել է երկու հարազատ եղբայրներին: Ինչ փոխվեց զինվորականի ձեր գործելաոճում՝ հարազատների կորստից հետո հարցին պատասխանում է. «Ես միշտ իմ գործն եմ կատարել, ուղղակի վրեժխնդրությունն ավելացավ: Իսկ վրեժխնդրությունը միայն թշնամուն կոտորելով չի: Գործս լավ կատարելով, հայրենիքիս լավ ծառայելով, լավ ու նվիրված զինվորներ պատրաստելով էլ ես ամեն օր վրեժխնդիր եմ լինում նրանցից»:

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    313
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    160
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    220