20:32 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սուրճի հատիկներ

Ինչի՞ համար են կոլումբիացիները դարեր շարունակ շնորհակալություն հայտնում հայերին

© Sputnik/ Евгений Биятов
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
129760

Արմենիան`Կոլումբիայի հայտնի տուրիստական քաղաքներից մեկը, անվանվել է ի պատիվ հայերի, որոնք սուրճի աճեցման ու արտադրության հիմքերն են դրել այս քաղաքում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Կոլումբիական սուրճը հայտնի է ողջ աշխարհում, Կոլումբիան արաբիկայի ամենախոշոր արտադրողներից է։ Կոլումբացիները մշակում են ու տարբեր երկրների են մատակարարում արաբիկայի թարմ տեսակները։ Կոլումբիական սուրճը, որը հայտնի է իր բարձր որակով, ապահովում է երկրի տնտեսության եկամուտների առյուծի բաժինը։ Սուրճի արտադրությունը կոլումբիական տնտեսության առաջատար ճյուղերից է։

Բայց քչերը գիտեն, որ սուրճի արտադրությունը Կոլումբիայում սկսվել է Անտիոքից տեղափոխված հայերից։

«Հայերն են սուրճը Կոլումբիա տարել, դա հանրահայտ փաստ է։ Ընտանիքը, որը սուրճի արտադրության հիմքերն է դրել ու առաջին սուրճի պլանտացիան է հիմնել, Կոլումբիա է տեղափոխվել Անտիոքից», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանում HALDI.CO ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը։

XIX դարում հիմնված քաղաքը Արմենիա է կոչվել ի նշան երախտագիտության հայերի ու ի հիշատակ Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի։

«Ցավոք, այսօր Կոլումբիայում հայ համայնք չկա։ Իսկ այնտեղ ապրող փոքր քանակով հայերը ձուլվել են ու գրեթե ոչինչ չգիտեն իրենց արմատների մասին», – ասաց Հակոբյանը։

Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո կոլումբացիները սկսեցին հետաքրքրվել հայկական շուկայով։ HALDI.CO խոշորագույն կոլումբիական սուրճ արտադրող ընկերությունը, որը նաև գիտահետազոտական ինստիտուտ է, իր ներկայացուցչությունն է բացել Հայաստանում։ Նախագծի նախաձեռնողը Տիգրան Հակոբյանն է։

1977 թվականից ընկերությունը զբաղվում է փոշոտման ոլորտում մշակումներով, խաչասերմամբ ու սուրճի աճեցմամբ։ Ընկերության տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ ամենատարբեր բույրերն ու համերը, ընդ որում` առանց քիմիական մշակման։

«Կոլումբացիները սուրճը տարբեր պտուղների հետ են խաչասերում։ Այսպես նրանք ստանում են հայտնի ըմպելիքի նոր համային ու հոտային հատկանիշներ։ Այսօր այնտեղ մշակվել է սուրճի 30 տեսակ», – ասաց Հակոբյանը։

Հայաստանը ներկրում կոլումբիական սուրճի 18 տեսակ։ Իսկ շուտով մեզ մոտ հնարավոր կլինի փորձել կոլումբիական նորարարություններից մեկը։ Մեր երկրում սուրճն արդեն եփում են կոլումբիական տեխնոլոգիայով. ոչ թե ջազվեյով կամ սարքի մեջ, այլ թրմելու ու զտելու միջոցով։

«Արմենիա» սուրճի տեսակները Կոլումբիայում յուրահատուկ են համարվում։ Այն սահմանափակ քանակությամբ է արտադրվում, միայն նեղ շրջանակի համար։ 2012 թվականին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի վարչակազմի միջոցառումների գծով պատասխանատուները սուրճի այդ տեսակը ներառել են պաշտոնական ընդունելությունների ճաշացանկում։

Գլխավոր թեմաներ