13:22 20 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հյուսիս-Հարավ ավտոճանապարհ

Կարապետյանը` Հյուսիս–հարավի մասին. «Որպես պատվիրատու էինք թերացել պարտականության մեջ»

© Sputnik/ Asatur Yesayants
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
69421

Պատմական Մետաքսի ճանապարհը կրկնող Հյուսիս–հարավ մայրուղու կառուցապատման աշխատանքներն անընդհատ ձգձգվում են։ Պատասխանատուները գիտեն պատճառը և հույս ունեն, որ այն անպայման ավարտին կհասնի։

Թե ինչու են անընդհատ ձգձգվում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցապատման աշխատանքները, Sputnik Արմենիան պարզել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանից։ Զրուցել է Գոհար Սարգսյանը։

-Պարոն Կարապետյան, ճանապարհահատվածի որքա՞ն հատվածն է մինչ օրս կառուցապատվել։

Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքն ունի շուրջ 500 կմ երկարություն, բնականաբար նման ահռելի ենթակառուցվածքային ծրագրի իրականացումը կարճ ժամկետում հնարավոր չէր լինելու։ Ամբողջ միջանցքի կառուցապատումը տրոհված է տարբեր փուլերի։ Ֆինանսավորման իմաստով մենք դրանք կոչում ենք տրանշեր, այսինքն` սա բազմատրանշային իրականցվող ծրագիր է, որը մեկնարկել է Տրանշ 1-ից։ Այն ընդգրկում է Երևանից Աշտարակ հատվածը` ընդհանուր առմամբ 31 կմ։ Նշված ճանապարհահատվածն ավարտվել և շահագործման է հանձնվել 2016 թվականին։

Միևնույն ժամանակ աշխատանքներ են ընթանում նաև միջանցքի 2-րդ տրանշում, որը Աշտարակից Թալին ճանապարհահատվածն է` շուրջ 47 կմ։ Դրան զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև Տրանշ 3-ում։ 2 հատվածով սա արդեն կապում է Թալինը Գյումրիին։ Տրանշ 2-ի և 3-ի ավարտով 2019-ի կեսին հավանաբար մենք կունենանք ամբողջապես կառուցված առաջին կարգի ճանապարհ, որը միացնում է Երևանը Գյումրիին։ Առաջիկա ծրագրերում են նաև միջանցքի Տրանշ 5-ի աշխատանքների մեկնարկը։ Տրանշ 5-ն ընդգրկում է արդեն Գյումրիից դեպի Հյուսիս Վրաստանի սահման` Բավրա։ Տրանշ 4-ը, որն ունի ենթահատվածներ, դա արդեն Արտաշատից ներքև` դեպի Հարավային Իրանի սահմանն է։ Այսօր կառուցվել ու շահագործման է հանձնվել Տրանշ 1-ը։ Տրանշ 2-ը և 3-ը կառուցման ընթացքում են։

Вардан Карапетян
© Sputnik/ Asatur Yesayants
Վարդան Կարապետյան

-Եվ ինչքա՞ն գումար է ծախսվել այդ աշխատանքների համար։

— Մինչ այս պահը մենք ընդունել ենք բացառապես Տրանշ 1-ի աշխատանքները։ Ծախսվել է 70 միլիոն ԱՄՆ դոլար։ Բայց զուգահեռ աշխատանքներ են իրականացվում Տրանշ 2-ի և 3-ի վրա։ Ընդհանուր առմամբ վճարվել է մոտ 150 միլիոն ԱՄՆ դոլար և մոտ 23 միլիոն եվրո։

-Հիմա ես մեջբերեմ Ասիական զարգացման բանկի մոնիթորինգի կազմակերպությունների աշխատանքային խմբի ղեկավարին. «Հաշվի առնելով ծախսված գումարն ու ժամանակը, այդ ճանապարհն ավարտին չի հասնի»։ Սա ի՞նչ է նշանակում։

— Սա հասարակական կազմակերպության ներկայացուցչի դիտարկում է, որը, իհարկե, կյանքի իրավունք ունի։ Այդ հայտարարությունից հետո հանդիպել եմ Ասիական զարգացման բանկի մոնիթորինգի կազմակերպությունների աշխատանքային խմբի ղեկավարՍիլվա Ադամյանի հետ, մենք քննարկել ենք հայտարարության թույլ և ուժեղ կողմերը։ Պայմանավորվել ենք, որ մի քանի փուլով այցելություններ ենք կազմակերպելու շինհրապարակներ, տրամադրելու ենք ավելի ամփոփ, համապարփակ տեղեկատվություն։

-Պարոն Կարապետյան, ինչո՞ւ է այդքան ձգձգվում կառուցապատման գործընթացը։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը ծավալով ու բնույթով աննախադեպ էր։ Ենթադրում էր, օրինակ, այնպիսի կոմպոնենտներ, ինչպիսիք են` հողերի օտարման տարաբնակեցման ծրագիրը, որը մինչ այժմ այդ ծավալով և այդ պահանջներով չէր իրականացվել։ Նույն Տրանշ 1, Տրանշ 2 հատվածներում ազդեցության ենթարկված հողերի ձեռքբերման ու օտարման գործընթացը տևեց մոտ 4 տարի։ Սա բերեց ծրագրի ձգձգմանը։ Կառուցապատողի կամ շինարարի հասցեին քննադատություններ շատ են հնչում։ Դրանք ոչ միշտ էին տեղին, քանի որ մենք որպես պատվիրատու էինք թերացել մեր պարտականությունների մեջ։ Նկատի ունեմ` մենք չէինք տրամադրել շինհրապարակն այն ժամանակացույցում, որը նախատեսված էր։

-Վերջնաժամկետները որո՞նք են, որքա՞ն ուշացում է արձանագրվել։

Տրանշ 2-ի շինարարական աշխատանքների ավարտը 2019 թվականի հունիսն է, այս առումով մենք ժամանակացույցի մեջ ենք։ Տրանշ 3-ը երկու հատվածով է իրականանում։ Փոքր հատվածը կավարտվի 2018-ին, 2-րդ հատվածն ունի ավարտման ժամկետ` 2019 թվականի հունիս։

Առհասարակ Հյուսիս-հարավը պատմական Մետաքսի ճանապարհի կրկնությունն է։ Այդ ճանապարհն ունեցել է շատ հարուստ բնակավայրերով լեցուն նկարագիր։ Մեզ բաժին է հասել այս ճանապարհահատվածին հարող շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն։ Նախ կատարվում է շրջակա միջավայրի ազդեցության գնահատական, ուսումնասիրվում է դրա ազդեցությունը բնապահպանության տեսակետից։ Իրականացված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ մենք շատ հաճախ գործ ենք ունենում հատուկ գոտիների հետ, որոնք ոչ մի դեպքում ոչնչացվել չի լինում։ Սա բերում է օբյեկտիվ անհրաժեշտության փոխելու ճանապարհի ուղղությունը։

-Այս ճանապարհ ավարտին կհասնի, թե՞ ոչ։

Այդ ներքին պայքարն ամեն օր իմ մեջ ընթանում է, հատկապես, երբ ծրագիրը տեսնում ես ներսից։ Իմ պատասխանը դրական է, մենք այլընտրանք չունենք։

© Sputnik. Գոհար Սարգսյան
ՀՅՈՒՍԻՍ–ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՀԱՍՆԻ

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ 550 կիլոմետր երկարությամբ այս ճանապարհը Հայաստանի ամբողջ երկայնքով ընդհանուր կապ կապահովի Իրանի և Վրաստանի հետ։

Գլխավոր թեմաներ