21:42 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
94660

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներից քչերը գիտեն, որ այնտեղ եղել է հին ամրոց: Միայն հնագետի աչքը կամ իմացող մեկը կարող է տեսնել այդ ամրոցի պատերից հատվածներ:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik, Գոհար Սարգսյան. Ծիծեռնակաբերդի տարածքը Երևանի ամենահարուստ հատվածներից է, սակայն ոչ թե արկածախնդիրների, այլ հնագետների համար:

1960–ականներին, երբ նախաձեռնեցին Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի կառուցումը, շինարարներն ու ճարտարապետներն այդ հատվածում սկսեցին աշխատանքներ տանել և հայտնաբերեցին կավամանների մնացորդներ: Դրանք հետագայում հնագետներն ուսումնասիրեցին. պարզվեց, որ կավամանները միջին բրոնզե դարի են:

Պեղումներն ապացուցեցին՝ այդ տարածքում հնագույն ամրոց է եղել՝ Ծիծեռնակի բերդ անունով: Թվագրվում է մ.թ.ա. 10-րդ դարով: Հնագետ Հայկ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց՝ ամրոցի պարսպի պատերը կարելի է հատվածական տեսնել Ծիծեռնակաբերդի բլրի երկայնքով: Միայն թե առաջին հայացքից դրանք նման են քարակույտի: Դա է պատճառը, որ մինչ այդ ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել:

«Այն կողմում, որն ավելի մոտ է Հրազդան մարզադաշտին, պալատական տիպի սենյակներ գտանք, բայց այդպես էլ փակեցինք, որովհետև պետք են ֆինանսներ աշխատանքները շարունակելու համար»,-ասաց հնագետը:

Իսկ հակառակ կողմում, որը մոտ է մանկական երկաթուղուն, հնագետները հայտնաբերել են հնագույն բնակարան՝ երկու հատակով:

«Այդտեղ էլ կիսաթռչնաձև, կիսաձիաձև քարից կուռք գտանք, որը գտնվում է Երևանի պատմության թանգարանում»,-պատմեց Հակոբյանը:

Հնագետը կարծում է, որ այս ամբողջ տարածքը պետք է դառնա մշակութային արգելոց, պետք է շարունակվեն պեղումները: Բայց, քանի դեռ այս ուղղությամբ անհրաժեշտ ներդրումներ չկան, հնագետները խնամքով փակել են հայտնաբերածն ու որոշել դեռ  սպասել:

Ամբողջ հայտնաբերածը լուսանկարների տեսքով կա, բայց դրանք այն ժամանակ արվել են ժապավենների վրա ու մինչ օրս չեն կարողացել անգամ թվայնացնել:

  • Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    © Sputnik / Aram Nersesyan
  • Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 5
© Sputnik / Aram Nersesyan
Հնագույն ամրոց` Ծիծեռնակաբերդի տարածքում

Ի դեպ, Երևանի պատմության թանգարանի գիտաշխատող Անժելա Տերյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց Ծիծեռնակաբերդի շուրջ հյուսված ավանդազրույցի մասին:

«Ավանդազրույցի համաձայն՝ Հրազդան գետի աջ կողմում գտնվող այդ բլրի վրա հնուց մի բերդ կար, որը սիրո աստվածուհի Աստղիկի անունով կոչվում էր Աստղիկաբերդ: Բերդի բարձրաբերձ աշտարակի ամենավերին հարկում բնակվում էին ծիծեռնակները՝ Աստղիկ դիցուհու սուրհանդակները, որոնք ընտրյալներին էին հասցնում նրա հրավերքը: Այդ է պատճառը, որ մեր քաղաքում գտնվող այդ բարձրադիր բլուրը կոչվել է նաև Ծիծեռնակաբերդ և այժմ ավելի շատ հայտնի է այդ անունով»,-պատմեց Տերյանը

Ավանդազրույցն ու հնագիտական հարուստ նյութերը ստիպում են հաջորդ անգամ  Ծիծեռնակաբերդ այցելելիս ավելի ուշադիր զննել շուրջը և մտովի հայտնվել պատմական ամրոցի տարածքում:

Գլխավոր թեմաներ