21:26 21 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Բլոգեր Ալեքսանդր Լապշին

Լապշին. «Իմ հետևից ուղարկել էին Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռը». բացառիկ

© Sputnik/ Murad Orujov
Էքսկլյուզիվ
Ստանալ կարճ հղումը
59420

Անվանի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմեց, թե պատրաստվում է արդյո՞ք կրկին Ստեփանակերտ այցելել և նշեց պատճառը, որի հիման վրա նրան ազատ են արձակել Բաքվի բանտից:

Բլոգեր Լապշինին հետապնդելու պատմությունը լի է հարցերով, որոնք մինչև օրս պարզ չեն անգամ նրա համար: Sputnik Արմենիային տված ընդարձակ հարցազրույցում Լապշինը պատմեց Արցախից Բաքու ճանապարհի, բանտում գտնվելու մասին, ինչպես նաև ներկայացրեց իր վարկածը, թե ով է կանգնած նրա անհաջողությունների հետևում:  Զրուցեց Դավիթ Գալստյանը:

-Ինչու՞ է առաջացել Արցախ մեկնելու որոշումը:

— Կյանքիս ընթացքում ես այցելել եմ 126 երկիր, ներառյալ բազմաթիվ  կոնֆլիկտային տարածաշրջաններ: Անկեղծ ասած՝ Արցախը իմ կողմից նախկինում բազմաթիվ տարածաշրջաններ այցելած վայրերից մեկն էր. Կոսովո, Պաղեստին, Արևմտյան Սահարա, Աբխազիա, Մերձդնեստր, Թայվան և այլն:

Սիրում եմ պատմություն, ներառյալ ռազմական պատմությունը: Արցախն այն վայրերից մեկն է, որտեղ ձեր աչքի առաջ, բառացիորեն, պատմություն է գրվում: Ես իմ ճանապարհորդություններից ոչ մեկում սկզբունքորեն չեմ բռնել այս կամ այն կողմի դիրքորոշումը և նկարագրել եմ, բացառապես, իմ զբոսաշրջային տպավորությունները: Հիշում եմ, որ Արցախում ցածր կենսամակարդակի և կոռուպցիայի առկայության մասին իմ եզրակացություններով ես նույնիսկ առաջացրել էի Հայաստանի շատ բնակիչների դժգոհությունը, որոնք սոցցանցերում գրել էին, որ ես կատարում եմ Ադրբեջանի պատվերը: 2011-ին, երբ առաջին անգամ այցելեցի Արցախ, անգամ չգիտեի ադրբեջանական «սև ցուցակների» մասին:

Երբ բլոգերի ընթերցողները գրեցին ինձ, որ իմ անունը ներառվել է այդ ցուցակում, ես դա ընդունեցի որպես Ադրբեջանի բացառիկ հիմարություն, որը փորձում է մարդկանց զրկել տեղեկություն ստանալու իրավունքից, ինչի մասին արտահայտվեցի իմ բլոգում: Արդյունքում, երբ ինձ արտահանձնեցին Բաքու, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն իմ արտահայտությունները նրանց կողմից լրագրողների իրավունքները ոտնահարելու մասին համարեց ոտնձգություն նրանց տարածքային ամբողջականության նկատմամբ և Արցախի անկախության կոչ

-Ինչպիսի՞ արձագանք էիք ակնկալում Ադրբեջանի կողմից Արցախ այցելելուց հետո:

— Անկեղծ ասած՝ ես նույնիսկ չէի մտածել Ադրբեջանի արձագանքի մասին՝ այցելելով Արցախ: Ենթադրում էի, որ եթե ապագայում մեկնեմ Ադրբեջան, ապա ավելի լավ կլինի չբարձրաձայնեմ Արցախ կատարած այցելության մասին, այլապես կարող են երկիր չթողնել: Այս հակամարտությունը շատ է հիշեցնում ինձ լավ ծանոթ արաբ-իսրայելական հակամարտությունը (չէ՞ որ ես ավելի քան 20 տարի ապրել եմ Իսրայելում) և գիտեի, որ, օրինակ, Իսրայել այցելած և անձնագրում համապատասխան նշումներ ունեցող զբոսաշրջիկներին չեն թողնում Սիրիա, Լիբանան, Իրան, Իրաք և մի շարք այլ արաբական պետություններ:

-Ինչո՞ւ Դուք ավելի ուշ մեկնեցիք Ադրբեջան:

— Ադրբեջանն ինքն էր հրավիրել ինձ: Ինձ հրավեր էր եկել «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավի կազմակերպիչներից, որն անցկացվել է Բաքվում 2016 թ.-ի հունիսին: Նրանք հարյուրավոր լրագրողներ և բլոգերներ են հրավիրել՝ այդ միջոցառումը լուսաբանելու համար, և ես նրանցից մեկն էի: Ենթադրում եմ, որ կազմակերպիչները նույնիսկ չգիտեն, որ իմ անունը «սև ցուցակներում» է, իսկ ես չհայտնեցի նրանց: Արդյունքում նրանք վճարեցին իմ ավիատոմսի և Բաքվի հյուրանոցում մնալու համար, ներառյալ «Ֆորմուլա-1»-ի տոմսը:

Ադրբեջան մուտք գործելիս նման խնդիրներից խուսափելու համար ես որոշեցի օգտագործել իմ ուկրաինական անձնագիրը, որտեղ իմ անունն ու ազգանունը մի քիչ այլ կերպ են գրվում. ոչ թե Ալեքսանդր, այլ Օլեքսանդր: Նշեմ, որ արդյունքում ադրբեջանական քննիչները, որոնք համարում էին, որ խայտառակվել են ամբողջ աշխարհի առաջ (ոչ միայն ինձ երկիր թողնելով, այլ նաև հրավիրելով որպես հյուր), փորձեցին մեղադրել ինձ «անվավեր» ուկրաինական անձնագիր օգտագործելու մեջ:

Բայց իմ պաշտպանությունը հարցում կատարեց Բաքվում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսություն իմ ուկրաինական անձնագրի վերաբերյալ և նրանք հաստատեցին, որ ամեն ինչ բացարձակ օրինական է: Դա լուրջ հարված էր Ադրբեջանին, որը նախատեսել էր ցուցադրական գործընթաց՝ փաստաթղթերը կեղծելու, հայկական հետախուզության օգտին աշխատելու և այլ հիմարությունների մեջ մեղադրանքներով: Ինչպես գիտենք, արդյունքում նրանց ոչինչ չէր մնում ինձ Արցախ մեկնելու մեջ մեղադրելուց բացի, ինչը երևում էր որպես լրագրողին հետապնդելու փորձ և դատապարտվել է Ռուսաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Հայաստանի և բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

-Ձեզ ի՞նչ ասացին, երբ ձերբակալեցին Բելառուսում, միանգամից հասկացա՞ք, որ Ձեզ ցանկանում են հանձնել Ադրբեջանին:

— Ես հույս ունեի, որ Բելառուսն ինձ չի հանձնի: Ամեն դեպքում, սա բացահայտորեն պատվիրված և քաղաքականապես մոտիվացված գործ էր (ինչպես այժմ հայտնի է դարձել, խոսքը գնացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական խնդրանքի մասին՝ ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին): Ենթադրում էի, որ Բելառուսը, որն առանց այդ էլ ունի «Եվրոպայի վերջին բռնակալության» հեղինակությունը, վերջնականապես չի վտանգի այն: Առավել ևս, որ Մինսկում իմ ձերբակալությունն առաջացրել է Կրեմլի վրդովմունքը:

-Համեմատեք Բելառուսի և Ադրբեջանի բանտերում պահելու պայմանները:

— Բելառուսում ես ամենասովորական կալանավոր էի, մյուս քսան կալանավորներից մեկը: Պայմանները սարսափելի էին, ենթադրում եմ, որ հարավ-արևելյան Ասիայի երկրների մակարդակը, հսկիչների վերաբերմունքը կոպիտ էր, բայց դա այդպիսին էր բոլորի նկատմամբ: Բաքվում իմ կարգավիճակն ասես ամբողջ Ադրբեջանի ամենակարևոր բանտարկյալի կարգավիճակ լիներ:

Նրանք այնքան էին վախենում, որ ես չեմ ապրի մինչև դատարան, եթե ինձ մյուսների հետ սովորական բանտախուց նստեցնեին, որ ամենասկզբից մենակ էին պահում:

Բանտի հսկիչների և ղեկավարության կողմից վերաբերմունքն ավելի շատ վախեցած էր, նրանք բառացիորեն դողում էին նրանից, որ իրենք կարող են հայտնվել իմ տեղում, եթե ինչ-որ բան այնպես չգնա: Միաժամանակ, փորձում էին բոլոր ուժերով թույլ չտալ իմ շփումն արտաքին աշխարհի հետ: «Կարմիր խաչը» ուղիղ մեկ ամիս փորձում էր հանդիպել ինձ հետ, երկար ժամանակ չէին թույլատրում Ռուսաստանի և Իսրայելի հյուպատոսների այցելությունը: Ավելի քան մեկ ամիս թույլ չէին տալիս զանգահարել տուն, ինչը նախատեսված էր օրենքով:

Իմ իրավունքների ամենակոպիտ խախտումը ինձ մոտ փաստաբան չթողնելն էր, որին վարձել էր ընտանիքս: Գրեթե երկու շաբաթ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդիպման թույլտվություն չէր տալիս՝ այդ ընթացքում ակտիվ հարցաքննություններ վարելով պետական պաշտպանի ներկայությամբ, որը ոչ միայն հանդես չէր գալիս իմ կողմից, այլ նաև համոզում էր ինձ խոստովանել Ռուսաստանի և Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ լինելը:

-Դուք անհանգստանու՞մ էիք, որ Ձեզ կարող են սպանել (մինչև հարձակումը):

— Այո: Իմ հասցեին մշտապես սպառնալիքներ էին հնչում, երբեմն գրությունների տեսքով, որոնք հսկիչները գցում էին դռան վրա առկա փոքրիկ պատուհանի միջով: Գրություններն իրենց բովանդակությամբ պարզ էին՝ «դու շուտով կսատկես», «կմորթենք քո ընտանիքին», «հայկական խոզ» և այլն: Ինձ սպառնացել են նաև դատարան ուղեկցելու ժամանակ, չէ՞ որ դատական նիստից առաջ  ինձ պահում էին հենց դատարանի շենքի բանտախցում, որտեղ գտնվում էին մյուս մեղադրյալները:

Նրանք իմ հասցեին հակասեմիտական և արվամոլական բովանդակության սպառնալիքներ էին հնչեցնում: Ես այդ միջադեպերի հետ կապված գրավոր բողոքով դիմել եմ Ադրբեջանի գլխավոր դատախազություն՝ գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի անունով: Նա ինձ ստանդարտ պատասխան է տվել, որ դիմումը դիտարկվել է և սպառնալիքների իրականացման ապացույցները չեն բացահայտվել:

-Ամենաբարդ բանն ադրբեջանական բանտում, որը պահանջել են Ձեզնից:

— Ամենաբարդն Ադրբեջանի գործողությունների անկանխատեսելիությունն էր: Իմ հետևից ուղարկել էին Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռը: Դա շքեղ բիզնես-ջետ էր, այդ ամենը շատ տարօրինակ էր: Ինձ այնպիսի կարևոր անձ էին համարում, որի հետևից պետք է ուղարկել անհատական բիզնես-ջետ: Ինձ դիմավորեցին դիմակավոր հատուկ ջոկատայիններով, տարան բանտ, որտեղ ինձ դիմավորեցին Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարարի մակարդակով, իմ մենախցի մոտ հերթապահում էին մի քանի սպաներ: Մենախցում նստելը շատ դժվար է, իսկ կես տարի՝ առավել ևս:

Բոլորի համար ակնհայտ էր, ներառյալ ռուս և իսրայելացի դիվանագետները, որ Ադրբեջանն իրեն փակուղի է մտցրել իմ կալանքով և հիմա փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ չկորցնելով դեմքը: Անկասկած, Ալիևը չէր սպասում Ռուսաստանի այդքան կոշտ արձագանքին և խոշորագույն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դատապարտմանը:

Միևնույն ժամանակ, նրանք չէին կարող իրենց թուլամորթ ցույց տալ սեփական ժողովրդի առաջ և պատրաստ էին ցանկացած չմտածված արարքի: Այդ ամենն անորոշություն էր ներշնչում, և չեմ թաքցնի՝ այնպիսի վախ, որը կզգար Իսլամական պետության կամ «Ալ Քաիդայի» ահաբեկիչների ձեռքերում հայտնված մարդը: Հետևաբար, քննիչների առաջ վերևից նպատակ էին դրել՝ իմ գլխին հնարավորինս շատ բաներ բարդել, որպեսզի ցույց տան, որ ինձ իզուր չեն տարել Բաքու:

Հիմնվում էին հատուկ ծառայությունների՝ գոյություն չունեցող տվյալների վրա, որ ես, իբր, աշխատում եմ ռուսական հատուկ ծառայությունների օգտին, խաղում էին «վատ ոստիկան-լավ ոստիկան» ծեծված խաղերը, սպառնում նստեցնել կրկնահանցագործի խուց, ուսումնասիրում իմ ֆեյսբուքյան էջը և տպում մի քանի հազար հայ օգտատերերի անձնական էջերը (դա 20 սմ հաստությամբ թղթերի կապոց էր), հարցեր էին տալիս, թե ես ինչ հարաբերությունների մեջ եմ նրանցից յուրաքանչյուրի հետ: Բացի այդ, հարցումներ էին անում աշխարհի շուրջ 10 երկրիր, որտեղ ես եղել էի Մինսկում ձերբակալվելուց առաջ և տեղեկատվություն խնդրում իմ մասին, ներառյալ քարտով կատարած գնումներս և այլն:

Պետք է ասել, որ մի շարք երկրներ ուղղակի հրաժարվել են համագործակցել Ադրբեջանի հետ. Ռուսաստանը, Իսրայելը և Իրանը: Մյուս երկրները, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Բելառուսը, ընդհակառակը, մեծ պոռթկումով օգնել են և ուղարկել այն ամենն, ինչ հնարավոր է եղել: Այլ հարց է, որ ուղարկված փաստաթղթերը բացարձակապես ոչինչ չեն տվել ադրբեջանական ուժայիններին:

Հիանալի հիշում եմ, թե ինչպես ինձ հարցրին. «Քննությունը պարզել է, որ Դուք Բաքվում եղած ժամանակ 52 մանաթով տաբատ եք գնել»: Եվ ի՞նչ՝ հարցրեցի ես: Նման անհեթեթ հարցերը շատ էին: Նրանք չգիտեին՝ ինչ ուղղությամբ շարժվել՝ վախենալով, որ վերջնական կպատժվեն ղեկավարության կողմից, եթե ինչ-որ բան չհորինեն:

-Կան արդյո՞ք ինչ-որ մանրամասներ, որոնք Դուք չեք նկարագրել Ձեր բլոգում ազատ արձակվելուց հետո առաջին օրերին, բայց Ձեզ համար դրանք կարևոր են կամ ուշադրության արժանի:

— Պետք է ասել, որ դեռ Բաքվի բանտում եղած ժամանակ ես գիտեի դիվանագետներից և փաստաբանից, որ Ադրբեջանի իշխանությունները հնարավորություն են որոնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար և շահագրգռված չեն նրանում, որպեսզի ինձ երկար պահեն: Ինչպես նաև թե՛ ընտանիքս, թե՛ իմ «աջակցության խումբը» դեռ իմ ազատ արձակվելուց առաջ լուծում էին Ադրբեջանին անօրինական ազատազրկման համար պատասխանատվության ենթարկելու հարցերը:

Շփումներ են եղել ինչպես իրավապաշտպան կազմակերպությունների, այնպես էլ մի շարք երկրների կառավարական մարմինների հետ: Օրինակ, ազատ արձակվելուց երկու ամիս առաջ հայտնի էր, որ բողոք է ներկայացվելու Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ներում շնորհելուն նախորդած գիշերը բանտում ինձ վրա կազմակերպած հարձակումը շատ անսպասելի էր բոլորի համար, բայց վերջնական արդյունքում լրացուցիչ կետ դարձավ Ադրբեջանի դեմ հետագա իրավական գործողություններում: Իսրայել ժամանելուց անմիջապես հետո ինձ տեղափոխեցին Թել Ավիվի «Շիբա» հոսպիտալ, որտեղ ինձ արդեն սպասում էին մասնագետները, որոնք ադրբեջանական բանտում հարձակման ժամանակ ստացած վնասվածքների զննություն իրականացրեցին:

-Ինչի՞ հասավ Ադրբեջանն իր քայլով: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Ձեզ ազատ արձակեցին:

— Ենթադրում եմ, որ Ադրբեջանում գոյություն չի ունեցել միասնական դիրքորոշում՝ Արցախ այցելելու համար ինձ քրեորեն հետապնդելու վերաբերյալ:

Հիմա մենք արդեն գիտենք, թե ով է նախաձեռնել իմ դեմ գործ հարուցելը և Իլհամ Ալիևի կողմից Բելառուսին դիմելը: Խոսքը գնում է նախագահի մերձավոր շրջապատից երկու գեներալների մասին, որոնց անունները չէի ցանկանա նշել այս փուլում: Հենց նրանց է հարվածել 2016 թ.-ի հունիսին իմ այցելությունը Բաքու, և արտահանձնումը դարձել է յուրօրինակ վրեժ, ընդ որում, նրանք կարողացել են դրա մեջ ներքաշել նաև Ալիևին՝ համոզելով, որ Ադրբեջանը պետք է բարձրացնի իր հեղինակությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Ունեցած տեղեկության համաձայն՝ Մինսկում իմ գտնվելու ժամանակ՝ մինչև Բաքու արտահանձնելը, Ադրբեջանի ղեկավարությունը կատարել է ստեղծված իրավիճակի վերագնահատում և տարբերակներ որոնել՝ նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Դա չի հաջողվել նրանց, նրանք ինձ, ըստ էության, ստիպված են արտահանձնել և սկսել դատական գործընթաց, որն արդեն պետք չէր: Նրանք ուղղակի այլ տարբերակ չունեին, բացի մինչև վերջ գնալուց՝ նույնիսկ ի վնաս ազգային շահերի:

Իլհամ Ալիևը չէր կարող ազատ չարձակել ինձ, ես նրա համար վերածվել էի «անբռնակ ճամպրուկի», ընդ որում, այնպիսի ճամպրուկի, որը լի է չուգունե կշռաքարերով, եթե կարելի է այդպես արտահայտվել: Ադրբեջանը շարունակում էր վնասել իր հեղինակությունն իմ պատճառով, ընդ որում, որպես անձ ես նրանց արդեն հետաքրքիր չէի:

Դրան գումարած՝ Եվրոպայում ադրբեջանական նավթային փողեր լվանալու և եվրապաշտոնյաներին կաշառելու ադրբեջանական հայտնի «լանդրոմատը»: Ես այդ դիմակայության մասն էի և այն ուժերը, որոնք դուրս էին մղում Ադրբեջանին մի շարք միջազգային կազմակերպություններից, օրինակ EITI-ն, կամ ակտիվորեն քննադատում էին Բաքվին, միշտ օգտագործում էին իմ անունը: Այնպես որ, դրված էր ոչ թե «ազատ կարձակեն արդյո՞ք» հարցը, այլ ավելի շուտ՝ «երբը»:

Ենթադրում եմ, որ հիմա պակաս հետաքրքիր չէ այն հարցը, թե ինչպես է վարվել իշխող կլանը նրանց հետ, ովքեր մոլորության մեջ են գցել Ալիևին և օգտագործել պետական ռեսուրսը բլոգերից վրեժ լուծելու համար՝ ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի: Ցուցադրական է նաև այն փաստը, որ իմ ձերբակալությամբ Բաքուն այնքան է խաթարել սեփական հեղինակությունը, որ արդյունքում հետախուզության հարցումներին սկսել են քննադատորեն վերաբերվել, օրինակ՝ Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ հետախուզություն հայտարարել. նրանք այցելել էին Արցախ: Հիշենք նաև Ֆրանսիայում լրագրողների դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ դատական որոշումը, որոնք այդ կովկասյան պետությունը «բռնապետություն» էին անվանել. դատարանը մերժել էր ադրբեջանցիներին:

-Ի՞նչ խորհուրդ կտայիք Արցախ այցելող բլոգերներին և զբոսաշրջիկներին:

— Նախկինում ասել եմ, հիմա էլ կասեմ՝ աշխարհում հակամարտության ցանկացած գոտի այցելելուց առաջ պետք է զգույշ լինել: Արցախն, անկասկած, հետաքրքիր է ինչպես պատմական առումով՝ իր հսկայական մշակութային ժառանգությամբ, այնպես էլ բնության և զբոսաշրջային առումով:

Դա հարավային Կովկասի ամենագեղեցիկ անկյուններից է, և սխալ է չայցելելը միայն այն պատճառով, որ Ադրբեջանում ընթանում է կլանների պայքար երկրի գլխավոր աթոռը զավթելու համար, ուստի հնարավոր են ոչ ադեկվատ գործողություններ՝ հետախուզություն հայտարարելու տեսքով: Անպայման չէ բարձրաձայնել այնտեղ կատարած ուղևորության մասին, եթե դուք վախենում եք Ադրբեջանի վրեժից:

Եթե դուք բլոգ եք վարում կամ լրագրող եք, ապա խորհուրդ եմ տալիս խուսափել ԱՊՀ այն երկրներ այցելելուց, որոնք չեն ճանաչում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերակայությունը, քանի որ Ադրբեջանին հանձնելու մասին ցանկացած որոշում կարող է ուղղակի վիճարկվել Ստրասբուրգում և 99 տոկոս երաշխիքով արտահանձնումը կարող է չիրականանալ: Ինչ վերաբերում է Ինտերպոլին, ապա նրանք չեն զբաղվում քաղաքական հարցերով և Ադրբեջանին պարբերաբար մերժում են Արցախ այցելած մարդկանց նկատմամբ հետախուզություն հայտարարելու հարցում:

Ադրբեջանի միակ շանսն Արցախ այցելելու համար մարդու արտահանձնման հարցում կարող է լինել իրավական օգնության մասին Քիշնևի կոնվենցիան, որը ստորագրել են ԱՊՀ-ի բոլոր անդամ երկրները: Դրա առանձնահատկությունն այն է, որ պայմանավորվող կողմերը օրինական են ճանաչում մյուս երկրի դատարանի որոշումն, ընդ որում, խորամուխ չլինելով մեղադրանքի էության մեջ: Այդպիսով, ԱՊՀ երկրներից ձեզ չի հանձնի, բնականաբար, Հայաստանը, հասկանալի պատճառներով չի հանձնի Ռուսաստանը, չեն հանձնի Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Պետք է զգուշություն հանդես բերել Ադրբեջանին նման ռեժիմների պարագայում, ինչպիսիք են Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, որոնք հանգիստ կարող են վաճառել ձեզ Բաքվին այս կամ այն ֆինանսական մոտիվատորների համար, ընդ որում, նրանք չեն ենթարկվում Ստրասբուրգին:

-Ծրագրում եք արդյո՞ք նոր այցելություն կատարել Արցախ:

— Ես նախկինում էլ այցելել եմ Արցախ ոչ թե Ադրբեջանին զայրացնելու, այլ բացառապես նրա համար, որ ինձ հետաքրքիր է եղել այդ տարածաշրջանը: Նույնը կարող եմ ասել հիմա, ես չեմ մեկնի Արցախ, որպեսզի այնտեղից ցույց տամ Ալիևին, որ վերջին խոսքն իմն է: Դրանում իմաստ չեմ տեսնում: Եթե Արցախ այցելելու անհրաժեշտություն ծագի, ես դա կանեմ առանց Ադրբեջանին նայելու, բայց առայժմ նման ուղևորություն դրված չէ օրակարգում:

Գլխավոր թեմաներ